Զգայուն մաշկի խնամքը ատոպիկ դերմատիտի կամ էկզեմայի բուժման և բռնկումների կանխարգելման առաջին քայլն է:
Քորը նվազեցնելու և բորբոքված մաշկը հանգստացնելու համար փորձեք ինքնօնգության հետևյալ միջոցները
- Խոնավացրեք ձեր մաշկն օրական առնվազն երկու անգամ. գտեք ձեզ հարմար ապրանք կամ արտադրանքների համակցություն: Դուք կարող եք փորձել լոգանքի յուղեր, նրբաքսուքներ (կրեմներ), լոսյոններ, շի կարագ, քսուքներ կամ սփրեյներ: Երեխայի համար օրական երկու անգամյա սխեման կարող է կազմված լինել քսուքի օգտագործումից՝ քնելուց առաջ և նրբաքսուքի օգտագործումից՝ դպրոցից առաջ: Քսուքներն ավելի յուղոտ են և ախտահարված մաշկին քսելիս կարող են ավելի քիչ մռմռացնել: Ընտրեք ապրանքներ, որոնք չունեն ներկանյութեր, սպիրտներ, բուրմունքներ և այլ բաղադրիչներ, որոնք կարող են գրգռել մաշկը՝ առաջնորդվելով «որքան քիչ բաղադրիչները, այնքան ավելի լավ» սկզբունքով: Նկատի ունեցեք, որ «բնական» նշումով պիտակը դեռ չի նշանակում, որ այն կարող է մաշկը չգրգռել։ Թույլ տվեք, որ խոնավացնող միջոցը ներծծվի մաշկի մեջ նախքան հագնվելը:
- Մաշկի ախտահարված հատվածին քսեք հակաքորային նրբաքսուք (կրեմ). առնվազն 1% հիդրոկորտիզոն պարունակող դեղատոմս չպահանջող նրբաքսուքը կարող է ժամանակավորապես թեթևացնել քորը: Կիրառեք այն ոչ ավելի, քան օրական երկու անգամ, նախքան խոնավացումը: Երբ քորը մեղմանա, դուք կարող եք ավելի հազվադեպ օգտագործել այս տեսակի նրբաքսուքը՝ բռնկումները կանխելու համար: Անտանելի քորը նաև կարելի է հանգստացնել սառեցնող միջոցներով կամ սառը թրջոցներով։ Սառեցնող միջոցներից կարող եք օգտագործել սառցեպարկ կամ մաքուր բարակ սրբիչով փաթաթած սառցե խորանարդիկներ։
- Օգտագործեք ալերգիայի կամ քորի դեմ որևէ բերանային (օրալ) դեղամիջոց. տարբերակները ներառում են առանց դեղատոմսի ալերգիայի դեղամիջոցները (հակահիստամիններ), ինչպիսիք են Ցետիրիզինը (Ցրտեկ Ալերգիա) կամ Ֆեքսոֆենադինը (Ալեգրա Ալերգիա): Բացի այդ, Դիֆենհիդրամինը (Բենադրիլ և այլն) կարող է օգտակար լինել, եթե քորը ուժեղ է: Բայց այն քնկոտություն է առաջացնում, ուստի ավելի լավ է հաբն ընդունել քնելուց առաջ: Հակահիստամինի այն տեսակը, որն առաջացնում է քնկոտություն, կարող է բացասաբար ազդել որոշ երեխաների դպրոցական առաջադիմության վրա:
- Մի քերծեք կամ քերեք ձեր մաշկը. քորի ժամանակ քորելու փոխարեն փորձեք սեղմել կամ թփթփացնել մաշկը: Ծածկեք քոր առաջացնող հատվածը, եթե չեք կարող զերծ մնալ այն քերծելուց: Եղունգները կտրված պահեք։ Մանկահասակ երեխաների համար կարող է օգնել ինչպես նրանց եղունգները կտրելը, այնպես էլ գիշերները գուլպաներ կամ ձեռնոցներ հագցնել:
- Ամեն օր լոգանք կամ ցնցուղ ընդունեք. օգտագործեք գոլ, այլ ոչ թե տաք ջուր: Եթե լոգանք եք ընդունում, ջրի մեջ շաղ տվեք կոլոիդային վարսակի ալյուր, որը լավ աղացած վարսակի ալյուր է՝ պատրաստված լողանալու համար (Ավեենո և այլն): Ջրի տակ մնացեք 10 րոպեից պակաս, ապա նրբորեն չորացրեք ձեր մաշկը: Կիրառեք խոնավացնող միջոց, քանի դեռ ձեր մաշկը խոնավ է (երեք րոպեի ընթացքում):
- Օգտագործեք թույլ, օճառ չպարունակող մաքրող միջոցներ. ընտրեք ներկեր, սպիրտների կամ բույրեր չպարունակող միջոցներ: Պինդ օճառները կարող են մաքրել ձեր մաշկի բնական քսանյութերը: Հոգ տարեք, որ ամբողջությամբ պարզաջրեք մաքրող միջոցը:
- Ընդունեք սպիտակեցնող լոգանք. Ամերիկյան մաշկաբանության ակադեմիան խորհուրդ է տալիս սպիտակեցնող լոգանք ընդունել էկզեմայի սուր կամ հաճախակի բռնկումներից ազատվելու համար: Խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե արդյոք սա լավ տարբերակ է ձեզ համար: Նոսրացված սպիտակեցնող լոգանքը նվազեցնում է մաշկի բակտերիաները և հարակից վարակները: Տաք ջրով լցված 40 գալոն (151 լիտր) լոգարանի մեջ ավելացրեք 1/2 բաժակ (118 միլիլիտր) նոսրացված, այլ ոչ թե խտացված կենցաղային սպիտակեցնող միջոց: Սուզվեք վաննայի մեջ պարանոցից ներքև կամ մտցրեք ջրի մեջ միայն ախտահարված շրջանները մոտ 5-10 րոպեի ընթացքում: Խուսափեք գլուխը ջրի տակ պահելուց: Լվացեք սպիտակեցնող լուծույթը ծորակի ջրով: Կրկնեք սպիտակեցնող լոգանքները շաբաթը 2-ից 3 անգամ:
- Օգտագործեք օդի խոնավացուցիչ. սենյակի տաք, չոր օդը կարող է չորացնել զգայուն մաշկը և վատթարացնել քորն ու մաշկի թեփոտումը: Ձեր սենյակի օդը խոնավացնելու համար կարող եք օգտագործել տան շարժական կամ վառարանին կցված խոնավացուցիչը:
- Հագեք թեթև, հարթ հյուսվածքով հագուստ. խուսափեք կոպիտ, ամուր կամ քերծող հագուստից: Բացի այդ, շոգ եղանակին կամ մարզվելիս ընտրեք թեթև հագուստ, որը թույլ է տալիս ձեր մաշկին շնչել: Հագուստը լվանալիս խուսափեք ուժեղ մաքրող միջոցներից, իսկ չորացման փուլում՝ հագուստը փափկացնող քիմիական միջոցներից:
- Բուժեք սթրեսը և անհանգստությունը. սթրեսը և այլ հուզական խանգարումները կարող են խորացնել ատոպիկ դերմատիտը: Սթրեսի և անհանգստության մասին տեղյակ լինելը և ձեր հուզական առողջության բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկելը նույնպես կարող են օգնել ձեր մաշկին: Խուսափեք հուզական լարվածություն առաջացնող գործոններից կամ իրավիճակներից: Սթրեսը կարող եք մեղմացնել ռելաքսացիայի մեթոդներով, շնչառական վարժություններով, զբոսանքով, ընթերցանությամբ կամ ձեր սիրած գործերով զբաղվելով։
- Այլ խորհուրդներ
- Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից։
- Հնարավորինս զերծ մնացեք դեմքի մաշկը գրգռող սուր հոտով օծանելիքներից:
- Խուսափեք արհեստական կամ բրդե կտորից ու դրանցից կարված հագուստներից՝ ներքնաշոր, ձեռնոց և մաշկի հետ շփվող այլ հագուստ։ Դրա փոխարեն օգտագործեք բամբակե նուրբ հագուստ։
- Խուսափեք մանրէասպան և բուրումնավետ օճառներից։ Անցեք մանկական հիպոալերգիկ կամ չեզոք օճառներին։
- Խուսափեք հիստոնային սպիտակուցներով հարուստ և բնականում «քոր առաջացնող» սննդամթերքներից՝ լոլիկ, շոկոլադ, ալկոհոլ, խեցգետնազգիներ, թթված կամ մարինացված սնունդ, հասած պանիր, ծխեցրած կամ ապխտած միս։
- Փորձեք խուսափել թունաքիմիկատներով հարուստ մրգերից ու բանջարեղենից։ Փնտրեք «էկո» ապրանքներ։
- Պահեք ձեր սենյակի ջերմաստիճանը նորմալ, այլ ոչ թե շատ «տաք» թվերի վրա։ Ձեր սենյակում տեղադրեք օդը խոնավացնող սարք: Պարբերաբար օդափոխեք սենյակը։
- Մի՛ ծխեք և թույլ մի տվեք, որ ծխեն ձեր բնակարանում կամ աշխատասենյակում։
Հոդվածը հրապարակվել է՝ 11-05-2018
Վերջին վերանայում՝ 01-06-2024