Գրադարան
Ատոպիկ դերատիտ. բուժում

3 րոպե
Ատոպիկ դերմատիտի կամ էկզեմայի բուժումը կարող է սկսվել կանոնավոր խոնավացմամբ և ինքնօգնության այլ միջոցներով:
Եթե դրանք չօգնեն, ձեր բժիշկը կարող է առաջարկել դեղորայքային քսուքներ, որոնք վերահսկում են քորը և օգնում են մաշկի վերականգնմանը: Դեղամիջոցները երբեմն զուգակցվում են այլ՝ ոչ դեղարայքային բուժման հետ:
Ատոպիկ դերմատիտը կարող է մշտական լինել: Դա վերահսկելու համար ձեզ կարող է անհրաժեշտ լինել ամիսների կամ տարիների ընթացքում տարբեր բուժումների փորձարկում: Եվ նույնիսկ եթե բուժումը հաջող է, ախտանիշները կարող են վերադառնալ (բռնկվել):
Դեղորայքային բուժում
- Դեղամիջոցներ, որոնք կիրառվում են մաշկի վրա: գոյություն ունեն մի շարք տարբերակներ, որոնք կարող են օգնել քորի վերահսկմանը և մաշկի վերականգնմանը: Ապրանքները հասանելի են տարբեր խտություններով և նրբաքսուքների (կրեմներ), գելերի և քսուքների տեսքով: Խոսեք ձեր բժշկի հետ տարբերակների և ձեր նախասիրությունների մասին: Ինչ էլ որ ընտրեք, արեք դա ըստ ձեր բժշկի հրահանգների (հաճախ՝ օրը երկու անգամ) և նախքան մաշկի խոնավացնող միջոցներ օգտագործելը: Մաշկային կորտիկոստերոիդ արտադրանքի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել կողմնակի բարդություններ, օրինակ՝ մաշկի բարակում:
- Վարակի դեմ դեղամիջոցներ. ձեր բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկային դեղահաբեր վարակը բուժելու համար:
- Հաբեր, որոնք վերահսկում են բորբոքումը. ավելի ծանր էկզեմայի դեպքում ձեր բժիշկը կարող է նշանակել դեղահաբեր, որոնք օգնում են ձեր ախտանիշների վերահսկմանը: Տարբերակները կարող են ներառել՝ Ցիկլոսպորին, Մետոտրեքսատ, Պրեդնիզոն, Միկոֆենոլատ և Ազաթիոպրին: Այս հաբերն արդյունավետ են, բայց չեն կարող օգտագործվել երկար ժամկետներում՝ հնարավոր լուրջ կողմնակի ազդեցությունների պատճառով:
- Ծանր էկզեմայի բուժման այլ տարբերակներ. ներարկային կենսաբանական դեղամիջոցները (մոնոկլոնալ հակամարմիններ), որոնցից են Դուպիլումաբը (Դուպիքսենտ) և Տրալոկինումաբը (Ադբրի) կարող են առաջարկվել էզեմայի միջին և ծանր ընթացով այն մարդկանց, ում մոտ այլ բուժումները բավարար արյդունք չեն ապահովում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս դեղամիջոցներով բուժումն անվտանգ և արդյունավետ է ատոպիկ դերմատիտի ախտանիշները թեթևացնելու համար: Դուպիլումաբը նախատեսված է 6 տարեկանից բարձր մարդկանց համար: Տրալոկինումաբը նախատեսված է միայն չափահասների համար:
Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիաներ)
- Թաց վիրակապեր (թրջոցներ). ծանր էկզեմայի արդյունավետ, ինտենսիվ բուժումը ներառում է մաշկի ախտահարված շրջանը կորտիկոստերոիդ քսուքով պատելը և այդ դաշտը թաց վիրակապով փակելը, որի վրա դրված է չոր շերտ: Երբեմն դա արվում է հիվանդանոցում՝ տարածուն ախտահարումների դեպքում, քանի որ այս գործն աշխատատար է և պահանջում է բուժքույրական հմտություններ: Դուք կարող եք նաև խնդրել ձեր բժշկին սովորեցնել, թե ինչպես տանը անվտանգ օգտագործել այս մեթոդը:
- Լուսաբուժում (ֆոտոթերապիա). այս բուժումը կիրառվում է այն մարդկանց համար, ովքեր կամ չեն լավանում տեղային բուժումներով կամ բուժումից շատ չանցած ունենում են ախտանիշների բռնկում: Լուսաբուժման ամենապարզ ձևը մաշկի ախտահարված շրջանը բնական արևի լույսի ազդեցության տակ կարճատև պահելն է: Այլ ձևերն օգտագործում են արհեստական ուլտրամանուշակագույն A (UVA) և նեղ փնջային B (UVB) ճառագայթները՝ առանձին կամ դեղամիջոցների հետ միասին: Երկարաժամկետ լուսաբուժումը թեև արդյունավետ է, սակայն կարող է հանգեցնել վնասակար հետևանքների՝ ներառյալ մաշկի վաղաժամ ծերացումը, մաշկի գույնի փոփոխությունը (հիպերպիգմենտացիան) և մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացումը: Այս պատճառներով ֆոտոթերապիան ավելի քիչ է օգտագործվում փոքր երեխաների համար և չի նշանակվում նորածիններին: Խոսեք ձեր բժշկի հետ լուսաբուժման դրական և բացասական կողմերի մասին:
- Խորհրդատվություն. եթե վրդովված կամ հիասթափված եք ձեր մաշկի վիճակից, հոգեթերապևտի կամ այլ խորհրդատուի հետ խոսելը կարող է ձեզ օգնել:
- Ռելաքսացիա, վարքագծերի ձևափոխում և կենսաբանական հետադարձ կապ (բիոֆիդբեք). այս մոտեցումները կարող են օգնել այն մարդկանց, ում մոտ զարգացել է սովորույթային քոր։
Նորածինների էկզեմա
Նորածինների էկզեմայի բուժումը ներառում է հետևյալը՝
- մաշկի գրգռիչների հայտնաբերում և խուսափում
- սենյակի բարձր ջերմաստիճանից խուսափում
- լոգանք գոլ ջրում և նրբաքսուքի կամ քսուկի օգտագործում, քանի դեռ մաշկը խոնավ է:
Այցելեք ձեր երեխայի բժշկին, եթե այս քայլերը չեն բարելավում ցանը կամ այն վարակված է թվում: Ձեր երեխային կարող է անհրաժեշտ լինել դեղատոմսով դեղորայք՝ ցանը վերահսկելու կամ վարակը բուժելու համար: Ձեր բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ, որ երեխային տաք բերանով ընդունվող (օրալ) հակահիստամինային դեղամիջոց, որը կօգնի նվազեցնել քորը և առաջացնել քնկոտություն, որը կարող է օգտակար լինել գիշերային քորի և անհանգստության դեպքում:
Հոդվածը տեղադրվել է՝ 11-05-2018 վերանայվել է՝ 26-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: