Գրադարան

Էմֆիզեմա. ախտորոշում

Էմֆիզեմա. ախտորոշում

Time Read 1 րոպե

Որոշելու համար, թե արդյոք դուք էմֆիզեմա ունեք, ձեր բժիշկը կհարցնի ձեր հիվանդության պատմության մասին (անամնեզ) և կկատարի ֆիզիկական քննություն (բուժզննում):

Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ տարբեր հետազոտություններ:

Պատկերային հետազոտություններ

  • Կրծքավանդակի ռենտգեն. սա կարող է օգնել զարգացած էմֆիզեմայի ախտորոշմանը և շնչարգելության այլ պատճառների բացառմանը: Սակայն, կրծքավանդակի ռենտգենը կարող է նաև նորմալ արդյունքներ ցույց տալ, եթե դուք էմֆիզեմա ունեք:
  • Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). ԿՏ սքանավորումները միավորում են տարբեր ուղղություններից արված ռենտգենյան պատկերները՝ ստեղծելով ներքին օրգանների խաչաձև հատված պատկերներ: ԿՏ սքանավորումները կարող են օգտակար լինել էմֆիզեմայի հայտնաբերման և ախտորոշման համար: Դուք կարող եք նաև ԿՏ սքան անցնել, եթե թոքերի վիրահատության թեկնածու եք:

Լաբորատոր թեստեր

Ձեր դաստակի զարկերակից վերցված արյունը կարող է անալիզի ենթարկվել՝ պարզելու, թե որքան լավ են ձեր թոքերը թթվածին փոխանցում ձեր արյան մեջ և հեռացնում ածխաթթու գազը:

Թոքերի գործունեության թեստեր

Այս ոչ ինվազիվ թեստերը չափում են, թե որքան օդ կարող են պահել ձեր թոքերը և որքան լավ է օդը հոսում ձեր թոքերց ներս և դուրս: Դրանք նաև կարող են չափել, թե որքան լավ են ձեր թոքերը թթվածին մատակարարում ձեր արյան հոսքին: Ամենատարածված թեստերից մեկը օգտագործում է մի պարզ գործիք, որը կոչվում է սպիրոմետր: Դուք փչում եք սպիրոմետրի մեջ, որ չափվի ձեր արտաշնչման ծավալը և արագությունը:

Այլ հետազոտություններ

Ծանր էմֆիզեմայի դեպքում ձեր բժիշկը կարող է նշանակել որոշ հետազոտություններ, որ հայտնաբերի հիվանդության բարդությունները: Օրինակ, էլեկտրասրտագությանը (ԷՍԳ) կարող է օգնել ձեր բժշկին, որ հայտնաբերի թոքային սիրտը՝ մի վիճակ, երբ քրոնիկ շնչառական անբավարարությունը հանգեցնում է սրտի աջ խոռոչների նախ գերաճի, այնուհետև՝ թուլացման և լայնացման:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-05-2018 վերանայվել է՝ 02-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով