Առողջական խնդիրներ

Էմֆիզեմա

Էմֆիզեմա

Time Read 1 րոպե

Էմֆիզեման թոքերի քրոնիկ հիվանդություն է, որն առաջացնում է շնչարգելություն և հազ:

Էմֆիզեմայի առաջացման հիմնական պատճառը ծխախոտի օգտագործումն է, ուստի, եթե ձեզ մոտ առկա է այս հիվանդությունը, դուք պետք է դադարեցնեք ծխելը: Սակայն, ծխախոտ չօգտագործող սակավաթիվ մարդկանց մոտ ևս կարող է զարգանալ էմֆիզեմա, ինչը բացատրվում է ժառանգական գործոններով:

Էմֆիզեմա ունեցող մարդկանց մոտ ախտահարված են թոքերի օդակիր բշտերը՝ ալվեոլները և դեպի այդ ալվեոլներ բացվող ամենամանր բրոնխները՝ սահմանային (տերմինալ) բրոնխիոլները: Երբ արտաշնչման փուլում ալվեոլներից օդը բրոնխիոլներով դուրս է մղվում, վերջինիս ախտահարված և բարակած պատերը ենթարկվում են կոլապսի (ներանկման)` խիստ նեղացնելով կամ փակելով դրանց լուսանցքը, ինչի պատճառով ներշնչման փուլում օդը դեպի ալվեոլներ դժվարությամբ է մուտք գործում:

Ծխախոտի օգտագործումն էմֆիզեմայի հիմնական պատճառն է, ուստի հիվանդության ախտանիշների մեղմացման առաջին քայլը ծխելը դադարեցնելն է:

Թոքերի էմֆիզեման մտնում է այն հիվանդությունների խմբի մեջ, որոնք հայտնի են որպես թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ), ինչը բազմաթիվ երկրներում համարվում է մահացության առաջատար պատճառներից մեկը:

Էմֆիզեմայի ամենավաղ և բնորոշ կլինիկական նշանը հևոցն է, որը սաստկանում է ֆիզիկական ակտիվության ժամանակ և հազալիս։

Բժիշկը էմֆիզեման ախտորոշում է՝ զրուցելով ձեզ հետ, զննելով ձեզ և առաջարկելով մի շարք հետազոտություններ, օրինակ՝ թոքերի գործունեության (ծավալների) ստուգման թեստեր, արյան անալիզ, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն:

Էմֆիզեման վերջնական բուժում չունի, սակայն կան այս հիվանդության ախտանիշները մեղմացնող տարբեր միջոցներ, ներառյալ՝ դեղեր, շնչառական (թոքերի) վարժանքներ, ծխի և փոշու բացառում, իսկ որոշ դեպքերում՝ նաև վիրահատություն:

Ծխելը դադարեցնելը էմֆիզեմայի ախտանիշների խորացումը դադարեցնող ամենաարդյունավետ միջոցն է:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-05-2018 վերանայվել է՝ 18-04-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով