Գրադարան

Էմֆիզեմա. բուժում

Էմֆիզեմա. բուժում

Time Read 2 րոպե

Էմֆիզեման և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) չեն կարող բուժվել, սակայն բուժումները կարող են օգնել ախտանիշների թեթևացմանը և հիվանդության զարգացման դանդաղեցմանը:

Դեղորայքային բուժում

Կախված ձեր ախտանիշների ծանրության աստիճանից, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալը:

  • Բրոնխալայնիչներ (բրոնխոդիլատորներ). այս դեղերը կարող են օգնել թեթևացնելու հազը, շնչարգելությունն ու հևոցը և շնչառության հետ կապված այլ խնդիրները՝ թուլացնելով և լայնացնելով շնչուղիները (բրոնխներ):
  • Ինհալացիոն ստերոիդներ. կորտիկոստերոիդային դեղամիջոցները, որոնք ներշնչվում են որպես աերոզոլային սփրեյներ, նվազեցնում են բորբոքումը և կարող են օգնել թեթևացնելու շնչարգելությունը և հևոցը:
  • Հակաբիոտիկներ. եթե ​​ունեք բակտերիալ վարակ, ինչպիսին է սուր բրոնխիտը կամ թոքաբորբը (պնևմոնիա), հակաբիոտիկները կարող են դառնալ անհրաժեշտ:

Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիա)

  • Թոքերի վերականգնում (ռեաբիլիտացիա). թոքային վերականգնման ծրագիրը կարող է սովորեցնել ձեզ շնչառական վարժություններ և մեթոդներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու ձեր շնչարգելությունն ու հևոցը և բարելավելու ֆիզիկական վարժանքներ կամ գործեր անելու ձեր ունակությունը:
  • Սնուցման թերապիա. դուք նաև խորհուրդներ կստանաք ճիշտ սնվելու վերաբերյալ: Էմֆիզեմայի վաղ փուլերում շատ մարդիկ պետք է նիհարեն, մինչդեռ ուշ փուլում գտնվող էմֆիզեմայով մարդիկ հաճախ պետք է քաշ ավելացնեն:
  • Լրացուցիչ թթվածին. եթե ​​ունեք արյան մեջ թթվածնի ցածր մակարդակով ծանր էմֆիզեմա, տանը կանոնավոր կերպով թթվածնի օգտագործումը կամ ֆիզիկական գործ անելիս թթվածին շնչելը կարող են որոշակի թեթևացում ապահովել: Շատ մարդիկ օրական 24 ժամ օգտագործում են թթվածին: Այն սովորաբար իրականացվում է նեղ խողովակի միջոցով, որը տեղադրվում է ձեր քթանցքների մեջ:

Վիրահատություն

Կախված ձեր էմֆիզեմայի ծանրությունից՝ ձեր բժիշկը կարող է առաջարկել մեկ կամ մի քանի տարբեր տեսակի վիրահատություններ:

  • Թոքերի ծավալի կրճատման վիրահատություն. այս միջամտության ժամանակ վիրաբույժները հեռացնում են թոքերի ախտահարված հյուսվածքը: Հիվանդ հյուսվածքի հեռացումն օգնում է թոքերի մնացած հյուսվածքին ընդլայնվել և ավելի արդյունավետ աշխատել, ինչպես նաև բարելավել շնչառությունը:
  • Թոքի փոխպատվաստում. սա կարող է քննարկվել, եթե ունեք թոքերի ծանր ախտահարում, և բուժման այլ տարբերակները ձախողվել են:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-05-2018 վերանայվել է՝ 02-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով