Skip to main content

Բարդություններ - Սննդային թունավորում

Առողջ չափահասների մեծամասնության մոտ բարդությունները հազվադեպ են լինում:

Դրանք կարող են ներառել հետևյալը:

Ջրազրկում

Ամենատարածված բարդությունը ջրազրկումն է: Սա ջրի, աղերի և միներալների սուր կամ ծանր լուրջ կորուստն է: Ինչպես փսխումը, այնպես էլ փորլուծությունը կարող են հանգեցնել ջրազրկման:

Առողջ չափահասների մեծ մասը կարող է կանխել ջրազրկումը՝ խմելով բավականաչափ հեղուկ: Երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ կամ այլ հիվանդություններ ունեցող մարդիկ կարող են ի վիճակի չլինել փոխլրացնելու իրենց կորցրած հեղուկը, ուստի նրանց մոտ ջրազկման զարգացումն ավելի հավանական է:

Մարդիկ, ովքեր ջրազրկվում են, կարող են հիվանդանոցանոցային բուժման կարիք ունենալ, որտեղ հեղուկներն անմիջապես տրվում են արյան մեջ: Ծանր ջրազրկումը կարող է առաջացնել օրգանների վնասում, այլ ծանր ախտահարումներ և մահ, եթե չբուժվի:

Իմացե՛ք ավելին ջրազրկման մասին:

Համակարգային հիվանդությունների բարդություններ

Որոշ աղտոտիչներ կարող են առաջացնել օրգանիզմում ավելի տարածուն հիվանդություն, որը նաև կոչվում է համակարգային հիվանդություն կամ վարակ: Սա ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ավելի մեծ են, ունեն թուլացած իմունային համակարգ կամ այլ առողջական խնդիրներ: Սննդածին բակտերիաների համակարգային վարակները կարող են առաջացնել հետևյալ բարդությունները:

  • Արյան մակարդուկներ (թրոմբներ) երիկամներում. աղիքային ցուպիկը (E. coli) կարող է հանգեցնել արյան մակարդուկների, որոնք արգելափակում են երիկամների կծիկային համակարգը: Այս վիճակը, որը կոչվում է հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ, հանգեցնում է երիկամների գործառույթի՝ արյան թափոնային նյութերի քամազատման հանկարծակի կորստի: Ավելի հազվադեպ, այլ բակտերիաները կամ վիրուսները նույնպես կարող են առաջացնել այս վիճակը:
  • Բակտերիաներ արյան մեջ. արյան մեջ պարունակվող բակտերիաները կարող են առաջացնել արյան վարակ կամ տարածել վարակն օրգանիզմի այլ շրջաններ:
  • Մենինգիտ. մենինգիտը բորբոքում է, որը կարող է վնասել գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող թաղանթները և հեղուկը:
  • Սեպսիս. սեպսիսն իմունային համակարգի չափազանց մեծ արձագանքն է համակարգային հիվանդությանը, որը վնասում է օրգանիզմիսեփական հյուսվածքները:

Հղիության բարդություններ

Հղիության ընթացքում լիստերիա բակտերիայից առաջացած հիվանդությունը կարող է հանգեցնել հետևյալ բարդությունների՝

  • վիժում կամ մահացած պտուղ (մեռելածնություն)
  • նորածինների սեպսիս (արյան վարակ)
  • նորածինների մենինգիտ (ուղեղապատյանի վարակ):

Հազվադեպ բարդություններ

Հազվադեպ բարդությունները ներառում են վիճակներ, որոնք կարող են զարգանալ սննդային թունավորումից հետո:

  • Հոդաբորբ (արթրիտ). արթրիտը հոդերի այտուցն է, ցավոտությունը կամ ցավը:
  • Գրգռված աղու համախտանիշ. գրգռված աղու համախտանիշը ողջ կյանքի ընթացքում շարունակվող աղիների վիճակ է, որն առաջացնում է ցավ, կծկանքներ (սպազմ) և աղիների անկանոն գալարակծկանքներ։
  • Գիյեն-Բարեի համախտանիշ. սա իմունային համակարգի հարձակումն է նյարդերի վրա, որը կարող է հանգեցնել ծակոցների և թմրածության զգացողությունների և մկանների վերահսկողության կորստի:
  • Շնչառական դժվարություններ. հազվադեպ, բոտուլիզմը կարող է վնասել նյարդերը, որոնք վերահսկում են շնչառության մեջ ներգրավված մկանները:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024