Սրտային անբավարարությունը հաճախ զարգանում է այնպիսի այլ հիվանդություններից հետո, որոնք վնասում կամ թուլացնում են սիրտը:
Այնուամենայնիվ, սրտային անբավարարությունը նաև կարող է զարգանալ, եթե սիրտը դառնում է խիստ պնդացած:
Սրտային անբավարարության ժամանակ սրտի գլխավոր արտամղող խոռոչները (փորոքներ) կարող են պնդանալ և կծումների միջև, բավարար չթուլանալով, չլցվեն բավարար արյունով: Որոշ մարդկանց մոտ սրտամկանը կարող է վնասվել և թուլանալ: Փորոքները կարող են այն աստիճան լայնանալ, որ սիրտը չկարողանա օրգանիզմի պահանջներին բավարարող չափով արյուն մղել դեպի մյուս օրգաններն և հյուսվածքները:
Բժիշկը կարող է որոշել, թե որքան արդյունավետ է ձեր սիրտը կծկվում՝ չափելով, թե որքան արյուն է արտամղվում յուրաքանչյուր կծկման ժամանակ (արտամղման ֆրակցիա): Արտամղման ֆրակցիան օգտագործվում է սրտային անբավարարությունը դասակարգելու և ըստ այդմ համապատասխան բուժում նշանակելու համար: Նորմալ սրտի դեպքում արտամղման ֆրակցիան 50% կամ ավելի բարձր է, ինչը նշանակում է, որ փորոքներում լցված արյան ավելի քան կեսը յուրաքանչյուր կծկման ժամանակ արտամղվում է սրտից դուրս:
Սակայն սրտային անբավարարությունը կարող է տեղ գտնել նույնսիկ նորմալ արտամղման ֆրակցիայի դեպքում: Սա տեղի է ունենում, երբ որևէ հիվանդության, օրինակ՝ բարձր արյան ճնշում, որը առաջացրել է սրտամկանի պնդացում:
Սրտային անբավարարությունը կարող է ներառել սրտի ձախ կողմը (ձախ փորոքային), աջ կողմը (աջ փորոքային) կամ երկու կողմերը: Ընդհանուր առմամբ, սրտային անբավարարությունը սկսվում է ձախ կեսից, ավելի հստակ՝ ձախ փորոքից, որը սրտի գլխավոր արտամղիչ խոռոչն է:
Սրտային անբավարարության տեսակը | Նկարագրություն |
Ձախակողմյան սրտային անբավարարություն | Հեղուկը կարող է կանգ առնել թոքերում՝ առաջացնելով շնչարգելություն և հևոց: |
Աջակողմյան սրտային անբավարարություն | Հեղուկը կարող է կանգ առնել որովայնում, ոտքերում և ոտնաթաթերում՝ առաջացնելով այտուց: |
Սիստոլիկ սրտային անբավարարություն (նաև կոչվում է սրտային անբավարարություն նվազած արտամղման ֆրակցիայով) (անգլերեն՝ HFrEF) | Ձախ փորոքը չի կարողանում բավար ուժով կծկվել՝ բերելով արյան արտամղման խնդիրների: |
Սրտային անբավարարություն պահպանված արտամղման ֆրակցիայով (անգլերեն՝ HFpEF) | Ձախ փորոքը չի կարողանում բավարար թուլանալ կամ լիարժեք լցվել՝ բերելով լցման խնդրի: |
Ստորև թվարկված հիվանդություններից ցանկացածը կարող է վնասել կամ թուլացնել սիրտը և առաջացնել սրտային անբավարարություն: Դրանց մի մասը կարող է առկա լինել, սակայն դուք չիմանաք այդ մասին:
- Սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ) և սրտամկանի ինֆարկտ. ՍԻՀ–ը ինչպես սրտային հիվանդության, այնպես էլ սրտային անբավարարության ամենահաճախ հանդիպող պատճառն է։ Այն զարգանում է, երբ սրտի պսակային զարկերակների պատին կուտակված ճարպային նստվածքները թուլացնում են արյան հոսքը, որը կարող է ավարտվել սրտամկանի ինֆարկտով: Սրտամկանի ինֆարկտը սկսվում է հանկարծակի, երբ պսակային զարկերակը լրիվ խցանվում է: Սրտամկանի ինֆարկտի պատճառով վնասված (մեռուկացած և սպիացած) սրտամկանն այլևս չի կարողանում նախկինի պես բավարար չափի արյուն արտամղել:
- Բարձր արյան ճնշում. երբ ձեր արյան ճնշումը բարձր է, սիրտը ստիպված է աշխատել ավելի լարված կամ ծանրաբեռնված, քան պետք է նորմալ արյան շրջանառությունն ապահովելու համար: Ժամանակի ընթացքում այս գերլարվածությունը խիստ պնդացնում կամ խիստ թուլացնում է սրտամկանը: Երկու դեպքում էլ խանգարվում է սրտի կողմից արյան նորմալ արտամղումը:
- Սրտի փականային խնդիրներ. սրտի փականներն ապահովում են արյան ուղղորդված հոսքը: Սրտի արատի, ՍԻՀ կամ սրտի վարակի առաջացրած փականային վնասումը ստիպում է սրտին աշխատել ավելի ծանրաբեռնված, որի պատճառով ժամանակի ընթացքում սրտամկանը թուլանում է:
- Սրտամկանի վնասում. սրտամկանը կարող է վնասվել բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ որոշ հիվանդություններ, վարակ, ալկոհոլի չարաշահում, դեղերի (օրինակ՝ քիմիոթերապիա) կամ թմրամիջոցների (օրինակ՝ կոկաին) թունավոր ազդեցություն: Ժառանգական գործոնները նույնպես կարող են դեր խաղալ:
- Սրտամկանի բորբոքում (միոկարդիտ). միոկարդիտն առավել հաճախ պատճառվում է վիրուսից, այդ թվում՝ COVID-19-ից, և կարող է հանգեցնել ձախակողմյան սրտային անբավարարության:
- Ծնված օրվանից առկա սրտային խնդիր (սրտի բնածին արատներ). եթե սիրտը և նրա խոռոչները ճիշտ չեն ձևավորվել, սրտի առողջ շրջանները ստիպված են աշխատել ավելի ծանրաբեռնված, որ կարգավորեն արյան արտամղումը, ինչն էլ կարող է բերել սրտային անբավարարության:
- Ոչ նորմալ սրտի ռիթմ (առիթմիաներ). առիթմիայի դեպքում սիրտը կարող է կծկվել խիստ հաճախացած՝ սրտի համար առաջացնելով լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Դանդաղած սրտազարկը նույնպես կարող է առաջացնել սրտային անբավարարություն:
- Այլ հիվանդություններ. երկարատև ընթացքով հիվանդությունները, ինչպիսիք են՝ դիաբետ, ՄԻԱՎ կամ թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ), երկաթի կամ սպիտակուցի կուտակում, նույնպես կարող են նպաստել քրոնիկ սրտային անբավարարությանը:
Հանկարծակի (սուր) սրտային անբավարության պատճառներից են նաև՝
- ալերգիկ ռեակցիաներ
- որևէ հիվանդություն, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա
- թոքերում արյան մակարդուկներ (թոքային էմբոլիա)
- ծանր վարակներ
- որոշ դեղամիջոցների օգտագործում
- սրտամկանը վնասող վիրուսներ:
Ռիսկի գործոններ
Առանձին վերցրած մեկ ռիսկի գործոնը կարող է բավարար լինել, որ առաջացնի սրտային անբավարարություն, սակայն գործոնների համակցումը նույնպես բարձրացնում է ձեր ռիսկը:
Սրտային անբավարարության ռիսկի գործոններից են՝
- ՍԻՀ
- սրտամկանի ինֆարկտ
- սրտի փականային հիվանդություն
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- անկանոն սրտազարկ (առիթմիա)
- բնածին սրտային հիվանդություն
- դիաբետ
- դիաբետի որոշ դեղեր
- այլ դեղամիջոցներ (օրինակ՝ ոչ ստերոիդ հակաբորբոքայիններ, անզգայացման որոշ դեղեր, բարձր արյան ճնշման, քաղցկեղի, առիթմիայի, նյարդային համակարգի հիվանդությունների, թոքային և միզային խնդիրների, բորբոքային հիվանդությունների, վարակների բուժման դեղեր)
- ալկոհոլի չարաշահում
- քնի ապնոէ
- ծխախոտի օգտագործում
- գիրություն
- վիրուսներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024