Սրտային անբավարարությունը քրոնիկ հիվանդություն է, որը պանջում է ողջ կյանքի ընթացքում շարունակվող բուժում:
Ուստի, հիմնական հիվանդությունից կախված, կան բուժման տարբեր ուղիներ։
Սա ձեզ չպետք է հիասթափեցնի, քանի որ բուժման շնորհիվ սրտային անբավարարության գանգատներն ու ախտանիշները կարող են բարելավվել, իսկ սիրտը դառնալ ավելի ուժեղ: Բուժումը կարող է կրճատել սրտային հանկարծամահության ռիսկը և օգնել, որ ապրեք ավելի երկար և բարելավեք ձեր կյանքի որակը:
Բժիշկներին երբեմն հաջողվում է կարգավորել սրտային անբավարարությունը՝ բուժելով պատճառը: Օրինակ, սրտի փականային արատի վիրահատական վերականգնումը կամ հաճախասրտության (տախիկարդիա) վերահսկումը կարող են ետ զարգացնել սրտային անբավարարությունը: Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասի համար սրտային անբավարարության բուժումը ներառում է ճիշտ դեղամիջոցների և երբեմն սրտի կծումների արդյունավետությունը բարելավող որոշ սարքերի խելամիտ համադրումը:
Դեղորայքային բուժում
Բժիշկները սովորաբար սրտային անբավարարությունը բուժում են տարբեր խմբերի դեղերի համակցությամբ: Կախված ախտանիշներից, ձեզ կարող են նշանակել մեկ կամ ավելի շատ դեղամիջոցներ:
Նկատի ունեցեք, որ կարող է առաջանալ դեղաչափերի հաճախակի համապատասխանեցման կարիք, հատկապես, եթե սկսել եք օգտագործել նոր դեղամիջոց կամ հիվանդությունը վատթարացել է:
Սրտային անբավարարության ախտանիշների սրացման դեպքում նաև կարող է առաջանալ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն: Հիվանդանոցում կարող են նշանակվել արագ ազդող լրացուցիչ դեղեր և թթվածնաբուժում:
Սրտային անբավարարության բուժումը վերջնական արդյունք չի տալիս, այլ մեղմացնում է առկա ախտանիշները և կանխարգելում հիվանդության ընթացքի ծանրացումը և նվազեցնում բարդությունների ռիսկը: Վերջին հաշվով, բուժումն ուղղված է կյանքի որակը բարձրացնելուն:
Խիստ կարևոր է, որ նշանակված դեղերն ընդունեք առանց դրանց տեսակները, դեղաչափերը կամ ռեժիմն ինքնուրույն փոփոխելու։ Եթե դուք կարծում եք, որ դեղերը բավարար արդյունավետ չեն, դիմեք այդ հարցով ձեր բժշկին և ինքնուրույն մի դադարեցրեք դրանց ընդունումը։
Վիրահատություն և այլ միջամտություններ
Սրտային սարքերի (իմպլանտ) տեղադրման վիրահատությունը և այլ միջամտությունները կարող են բուժել սրտային անբավարարության հանգեցնող խնդիրները: Դրանցից են՝
- պսակային շունտավորում
- սրտի փականի վերականգնում կամ փոխարինում
- իմպլանտացիոն կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր
- սրտային ռեսինխրոնազիացիոն թերապիա
- փորոքային օժանդակող սարքեր
- սրտի փոխպատվաստում:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024