Ապրելակերպի փոփոխությունները հաճախ օգնում են սրտային անբավարարության գանգատների և ախտանիշների մեղմացմանը, ինչպես նաև հիվանդության վատթարացման կանխարգելմանը: ժամանակ ձեր ապրելակերպն առողջացնելը կարող է զգալիորեն մեղմացնել հիվանդության ախտանիշները և կանխել հնարավոր բարդությունների զարգացումը։
Ձեզ ներկայացվում է այսպիսի փոփոխություններից ամենակարևորներն և օգտակարները:
- Դադարեցրեք ծխելը. ծխախոտը՝ ծխելիս կամ ծամելիս վնասում է արյունատար անոթները, բարձրացնում ճնշումը, կրճատում արյան մեջ թթվածնի քանակը և արագացնում սրտազարկը: Եթե ծխող եք, հարցրեք բժշկից ծխախոտից ազատվելու ամենաարդյունավետ ուղիների մասին: Խուսափեք նաև երկրորդային ծխից:
- Ամեն օր ստուգեք ոտքերի, կոճերի և ոտնաթաթերի այտուցվածությունը. տեղեկացրեք բժշկին, եթե այն մեծացել կամ տարածվել է:
- Բժշկի հետ քննարկեք մարմնի քաշի վերահսման հարցը. քաշի ավելացումը կարող է նշանակել, որ ձեր օրգանիզմում կուտակվում են հեղուկներ, որը պահանջում է բուժման վերանայում: Հարցրեք բժշկին, թե որքան հաճախ է պետք կշռվել և քաշն ավելանալիս երբ է պետք տեղեկացնել նրան:
- Պահպանեք մարմնի առողջ քաշ. եթե ունեք ավելորդ քաշ, դիետոլոգը կարող է օգնել ձեր լավագույն քաշին հասնելուն: Ավելցուկային քաշի նույնիսկ փոքր կորուստը կարող է օգնել սրտի առողջական վիճակի բարելավմանը:
- Օգտագործեք առողջ սնունդ. նպատակ դրեք սննդակարգը հարստացնել մրգերով և բանջարեղեններով, ամբողջահատիկներով, անյուղ կամ ցածր յուղայնության կաթնամթերքներով և անյուղ սպիտակուցներով:
- Սահմանափակեք աղը. մեծ քանակներով կերակրի աղը (նատրիում) նպաստում է օրգանիզմում հեղուկների պահպանմանը, որի արդյունքում դժվարանում է սրտի աշխատանքը և ի հայտ են գալիս շնչարգելություն և ոտքերի, կոճերի և ոտնաթաթերի այտուցներ: Հարցրեք բժշկին, թե պետք է քչացնել, թե՞ ամբողջովին հրաժարվել աղից: Հիշեք, որ մշակված կամ պատրաստի սննդամթերքները կարող են պարունակել աղ:
- Սահմանափակեք սննդակարգում հագեցած կամ տրանս-ճարպերը. ի լրումն աղի սննդատեսակներից խուսափելուն, քչացրեք սննդում հագեցած և տրանս-ճարպերի քանակը: Այսպիսի պոտենցիալ վնասակար սննդակարգը բարձրացնում է սրտային հիվանդության ռիսկը:
- Ստացեք անհրաժեշտ պատվաստումները. հարցրեք բժշկին գրիպի, թոքաբորբի (պնևմոնիա) և COVID-19-ի դեմ պատվաստվելու մասին:
- Սահմանափակեք ալկոհոլը և հեղուկները. եթե ունեք սրտային անբավարարություն, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ հրաժարվեք ալկոհոլային խմիչքներից, քանի որ դրանք կարող են փոխազդել դեղերի հետ, թուլացնել սրտամկանը և բարձրացնել սրտի ռիթմի խանգարումների ռիսկը: Ծանր սրտային անբավարարության դեպքում բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ, որ քչացնեք խմվող հեղուկների քանակը:
- Եղեք ակտիվ. չափավոր աերոբիկ ակտիվությունն օգնում է մյուս օրգանների առողջական վիճակի պահպանմանը և նվազեցնում է սրտամկանի պահանջարկը: Այնուամենայնիվ, ճշտեք ձեր բժշկից, թե ինչպիսի և ինչ ծանրաբեռնվածության վարժանքներն են ձեզ համար օգտակար ու անվտանգ:
- Կրճատեք սթրեսը. երբ ջղային, լարված կամ հիասթափված եք, ձեր սիրտը կծկվում է ավելի հաճախացած, շնչում եք ավելի խորը և հաճախ արյան ճնշումը բարձրանում է: Սա կարող է վատթարացնել սրտային անբավարարությունը, քանի որ ձեր սիրտն արդեն ունի օրգանիզմի պահանջմունքները բավարարելու խնդիր: Գտեք ձեր կյանքը պակաս սթրեսային դարձնելու ուղիները: Ավելի շատ ժամանակ հատկացրեք ընտանիքի և ընկերների հետ հաճելի շփումներին:
- Քնեք ավելի հեշտությամբ. եթե ունեք շնչարգելություն, հատկապես՝ գիշերները, փորձեք քնել քիչ բարձրացված գլխամասով (օրինակ՝ բարձերի օգնությամբ): Եթե խռմփացնում եք կամ ունեք քնի հետ կապված այլ խնդիրներ, անցեք քնի ապնոէի հայտնաբերման թեստ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024