Կախված սրտային անբավարարության ախտանիշներից և դրան բերող պատճառներից, բժիշկը կարող է նշանակել միայն մեկ դեղամիջոց կամ երկու ու ավելի դեղեր:
Անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ, անգլերեն՝ ACE) պաշարիչներ. այս դեղերն օգնում են սիստոլիկ սրտային անբավարարությամբ մարդկանց երկար ապրելուն և ինքնազգացողության բարելավմանը: ԱՓՖ պաշարիչները ունեն անոթալայնիչ ազդեցություն, որի շնորհիվ բարելավում են արյան հոսքը և կրճատում սրտի հետծանրաբեռնվածությունը (այն դիմադրությունը, որը կծկվող փորոքը պետք է հաղթահարի արյունը դեպի զարկերակներ արտամղելիս): Օրինակներից են՝ Էնալապրիլ (Վազոտեկ), Լիզինոպրիլ (Զեստրիլ) և Կապտոպրիլ (Կապոտեն): Այս դեղերը սովորաբար նշանակվում են այնպիսի դեղաչափով, որ չազդեն արյան ճնշման վրա (եթե չկա գերճնշման խնդիր), սակայն կարողանան լայնացնել ծայրամասային արյունատար անոթները:
Անգիոտենզին II ընկալիչների պաշարիչներ (ԱԸՊ, անգլերեն՝ ARB).այս դեղերն օժտված են ԱՓՖ պաշարիչների օգտակար ազդեցությունների մեծ մասով: Դրանք սովորաբար նշանակվում են այն մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող ընդունել ԱՓՖ պաշարիչներ: Հայտնի ԱԸՊ-ներից են Լոզարտանը (Կոզաար) և Վալսարտանը (Դիովան):
Բետա-արգելակիչներ. այս դասի դեղերը ոչ միայն կրճատում են սրտի ռիթմը և նվազեցնում արյան ճնշումը, այլև որոշ դեպքերում, հատկապես սիստոլիկ սրտային անբավարարության պայմաններում սահմանափակում կամ ետ են զարգացնում սրտամկանի վնասումը: Օրինակներից են՝ Կարվեդիլոլ (Կորեգ), Մետոպրոլոլ (Լոպրեսսոր) և Բիսոպրոլոլ (Զեբետա): Բետա-բլոկատորները նվազեցնում են որոշ առիթմիաների ռիսկը, դրանով իսկ որոշ չափով կրճատում հանկարծամահության ռիսկը, ինչպես նաև կարող են մեղմացնել սրտային անբավարարության ախտանիշները, բարելավել սրտի գործունեությունը և օգնել երկար ապրելուն:
Միզամուղներ. միզամուղները խթանում են միզարտադրությունը և հաճախակի միզարձակումը՝ թույլ չտալով, որ օրգանիզմում կուտակվի ավելցուկային հեղուկ: Դրանք, օրինակ՝ Ֆուրոսեմիդ (Լազիքս), նաև նվազեցնում են թոքերում առկա հեղուկը և բարելավում շնչառությունը: Միզամուղները ջրից բացի օրգանիզմից հեռացնում են նաև կալիումը և մագնեզիումը, ուստի բժիշկը կարող է միզամուղների հետ նշանակել նաև այս միներալների հավելումներ: Եթե դուք ստանում եք որևէ միզամուղ, բժիշկը հավանաբար պարբերաբար կվերահսկի ձեր արյան կալիումի և մագնեզիումի մակարդակները արյան հետազոտության միջոցով:
Ալդոստերոնի անտագոնիստներ. այս խմբի դեղերից են Սպիրոնոլակտոնը (Ալդակտոն) և Էպլերենոնը (Ինսպրա): Այս դեղերը կոչվում են նաև կալիում-խնայող միզամուղներ, որոնք այլ օգտակար ազդեցությունների հետ միասին օգնում են սիստոլիկ սրտային անբավարարությամբ մարդկանց կյանքի երկարացմանը: Ի տարբերություն «դասական» միզամուղների, Սպիրոնոլակտոնը և Էպլերենոնը կարող են բարձրացնել արյան մեջ կալիումի մակարդակը, ուստի բժիշկը կարող է առաջարկել, որ պարբերաբար վերահսկեք ձեր արյան կալիումի մակարդակը արյան հետազոտության միջոցով:
Ինոտրոպներ. սրանք ներերակային դեղեր են, որոնք նշանակվում են հիվանդանոցային պայմաններում սուր սրտային անբավարարության բուժման մեջ: Ինոտրոպները բարելավում են սրտի կծկողական գործունեությունը և պահպանում արյան ճնշումը:
Դիգօքսին (Լանօքսին). այս դեղը, որին անվանում են նաև դիգիտալիս, բարձրացնում է սրտամկանի կծկողական ուժը, ինչպես նաև դանդաղեցնում սրտազարկը: Դիգօքսինը մեղմացնում է սիստոլիկ սրտային անբավարարության ախտանիշները: Ավելի հավանական է, որ բժիշկը Դիօքսին նշանակի, եթե առկա է ուղեկցող սրտի ռիթմի խնդիր, օրինակ՝ շողացող առիթմիա:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։