Սրտային անբավարարությունը կարող է լինել շարունակական (քրոնիկ) կամ սկսվել հանկարծակի (սուր)։
Սրտային անբավարարության ախտանիշները կարող են ներառել՝
- շնչարգելություն և հևոց (դիսպնոէ), երբ ֆիզիկապես ակտիվ եք կամ հորիզոնական պառկած (գիշերային քունը կարող է հանկարծակի ընդհատվել և արթնանաք՝ օդի պակասի սուր զգացումով, որը կոչվում է գիշերային պարօքսիզմալ դիսպնոէ)
- ընդհանուր թուլություն և հոգնածություն
- ոտքերի, կոճերի (սրունք–թաթային շրջանի) և ոտնաթաթերի այտուցվածություն
- արագացած կամ ոչ կանոնավոր սրտազարկ
- ֆիզիկական գործ կամ վարժանք անելու ունակության կրճատում
- չմեղմացող, սպիտակ կամ վարդագույն արյան հետքերով խորխով հազ կամ խզզոցներ
- որովայնի շրջանի այտուց (ասցիտ)
- քաշի խիստ արագ ավելացում (օրգանիզմում հեղուկների կուտակման պատճառով)
- սրտխառնոց կամ ախորժակի անկում
- ուշադրության կենտրոնացման դժվարացում կամ իջած զգոնություն
- ետկրծոսկրային կամ սրտի շրջանի ցավեր, եթե սրտային անբավարարությունը կապված է սրտամկանի ինֆարկտի հետ:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե կարծում եք, որ ունեք սրտային անբավարարության գանգատներ կամ ախտանիշներ:
Զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե ի հայտ է եկել այս նշաններից մեկնումեկը՝
- կրծքավանդակային ցավեր
- գիտակցության կորուստ կամ ծայրահեղ թուլություն
- արագացած կամ անկանոն սրտազարկ, որն ուղեկցվում է օդի պակասի զգացման և հևոցի, կրծքավանդակային ցավերի կամ գիտակցության կորստի հետ
- հանկարծակի, սուր շնչարգելություն և փրփրոտ վարդագույն խորխով հազ:
Թեև այս նշանները կարող են լինել սրտային անբավարարության նշաններ, կան նաև բազմաթիվ այլ հնարավոր պատճառներ, այդ թվում՝ կյանքին սպառնացող սրտային և թոքային հիվանդություններ: Ուստի, մի՛ փորձեք ախտորոշել ինքներդ ձեզ:
Եթե ունեք սրտային անբավարարություն և առկա ախտանիշներից որևէ մեկը հանկարծակի վատթարանում է կամ ի հայտ են գալիս նոր գանգատներ, սա կարող է վկայել առկա սրտային անբավարարության վատթարացման կամ բուժմանը պատասխան չտալու մասին: Նման դեպքերում առանց հետաձգելու կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024