Առատ քրտնարտադրություն (հիպերհիդրոզ)
26-05-2018
3 րոպե

Առատ կամ անկառավարելի քրտնարտադրությունը հաճախ հանդիպող վիճակ է, որը նաև կոչվում է «հիպերհիդրոզ»։
Առատ քրտնարտադրությունն իր կայունությամբ կարող է լինել խիստ հիասթափեցնող ու մարդուն պատճառել հոգեկան տառապանքներ։ Բուժումը կարող է զգալի կերպով մեղմացնել այս վիճակը։
Ի՞նչ է հիպերհիդրոզը
Ըստ մոտավոր հաշվարկների աշխարհի բնակչության մինչև 2-3%-ի մոտ առկա է անբացատրելի առատ քրտնարտադրություն։ Խիստ տհաճություն պատճառող այս վիճակի «անբացատրելիությունը» նշանակում է, որ այն կախված չէ եղանակից, օդի ջերմաստիճանից կամ մարդու ֆիզիկական ակտիվությունից։
Տարբերում են առատ քրտնարտադրության երկու հիմնական տեսակներ՝
- տեղային (ֆոկալ) հիպերհիդրոզ, երբ քրտնարտադրությունը արտահայտվում է մարմնի կոնկրետ շրջաններում, ավելի հաճախ՝ թևատակերում (անութափոս), ձեռքերին, ոտքերին կամ դեմքին
- տարածուն (գեներալիզացված) հիպերհիդրոզ, երբ քրտնում է ամբողջ մարմինը և սովորաբար հանդես է գալիս որպես որևէ առողջական խնդրի ախտանիշներից մեկը։
Առատ քրտնարտադրության պատճառները
Նորմայում քրտնարտադրությունն ի հայտ է գալիս որպես մարմնի ջերմատվության՝ ջերմաստիճանը նվազեցնող բնական միջոց։ Այն առաջանում է, երբ նյարդային համակարգը ազդանշաններ է ուղարկում մաշկի քրտնագեղձերին, որոնք խթանվում են և սկսում արտադրել առատ քրտինք։ Օրինակ, քրտնարտադրությունը խթանվում է միջավայրի բարձր ջերմության պայմաններում, ֆիզիկական ակտիվության ժամանակ, հուզվելիս, բարկանալիս և այլն։
Սակայն, երբեմն նյարդային համակարգը դառնում է գերակտիվ և խթանում քրտնագեղձերը՝ անկախ միջավայրի ջերմաստիճանից կամ ֆիզիկական և այլ սթրեսի առկայությունից։ Հիպերհիդրոզի նման վիճակները հաճախ ունեն ժառանգական բնույթ և կարող են սաստկանալ, երբ դուք գերգրգռված եք կամ զգում եք ուժեղ սթրես։
Առատ քրտնարտադրությունը կարող է նաև զարգանալ որպես որևէ հիվանդության ախտանշան։ Ավելի հաճախ քրտնարտադրությունն առատանում է հետևյալ հիվանդությունների ժամանակ՝
- դիաբետ (շաքարախտ)
- դաշտանադադար (մենոպաուզա)
- վահանաձև գեղձի հիվանդություններ
- ցածր արյան շաքար (հիպերգլիկեմիա)
- քաղցկեղի որոշ տեսակներ
- վարակային հիվանդություններ
- սրտամկանի ինֆարկտ
- նյարդային համակարգի հիվանդություններ։
Որոշ դեղեր նույնպես կարող են առաջացնել առատ քրտնարտադրություն (օրինակ՝ հակադեպրեսանտներ, կորտիզոններ, Նիկոտինիաթթու (նիացին), Տամօքսիֆեն, Հիդրալազին և ջերմիջեցնողներ):
Առատ քրտնարտադրության ախտանիշները և ախտորոշումը
Առատ քրտնարտադրությունն ինքնին առողջությանը վնաս չի հասցնում, թեև հազվադեպ կարող է դառնալ ջրազրկման և մարմնի ջերմության կտրուկ անկման պատճառ։
Այնուամենայնիվ, քրտնոտությունը մարդկանց պատճառում է տհաճություն, ընկճվածություն և հուսահատություն։ Այն կարող է ազդել մարդկանց սոցիալական կյանքի, աշխատանքի, փոխհարաբերությունների և ինքնավստահության մակարդակի վրա։ Որոշ դեպքերում առատ քրտինքը կարող է բարդանալ որքինով, էկզեմայով և ֆիզիկական անհարմարավետության զգացումով (դիսկոմֆորտ)։
Հիպերհիդրոզն ախտորոշելիս բժիշկը ձեզ զննելուց հետո կարող է նշանակել որոշ հետազոտություններ՝ հաստատելու կամ ժխտելու դրա հիմքում ընկած որևէ հիվանդության առկայությունը։
Առատ քրտնարտադրության բուժումը
Առատ քրտնարտադրությամբ բազմաթիվ մարդիկ կարող են և չիմանալ, որ կան քրտնագեղձերի ակտիվությունը մեղմացնող որոշ միջոցներ։ Հիպերհիդրոզի ժամանակ բժիշկը կարող է ձեզ տալ որոշ խորհուրդներ և առաջարկել բուժումներ, այդ թվում՝
- ոչ դեղորայքային բուժում՝ ձեր կյանքի որակի բարձրացմանն ուղղված հոգեթերապիա կամ վարքային թերապիա, ինչպես նաև սթրեսը և անհանգստությունը մեղմացնող ռելաքսացիայի հնարքներ
- դեղեր, ներառյալ դեղատոմս պահանջող անտիպերսպիրանտներ, նյարդերն արգելափակող դեղեր, հակադեպրեսանտներ կամ բոտեքս-բուժում
- լոնտոֆորեզ, երբ առավել շատ քրտնող շրջանների մաշկի վրա ազդում են թույլ էլեկտրական հոսանքով
- վիրահատություն, որը կարող է ձեզ առաջարկվել որպես ծայրահեղ միջոց (առավել քրտնող շրջանների քրտնագեղձերի կամ նյարդաթելերը հեռացում):
Առատ քրտնարտադրության դեմ այլ հնարքներ
Դուք կարող եք նպաստել առատ քրտնարտադրության մեղմացմանը հետևյալ պարզ մեթոդներով՝
- հնարավորինս չոր ու մաքուր պահեք մաշկի առավել քրտնող շրջանները
- կրեք բնական թելից կարված հագուստ (օրինակ՝ մետաքսյա կամ բամբակյա հագուստ, որը թույլ է տալիս, որ ձեր մաշկը «շնչի»)
- կրեք մշտապես չոր (կամ չորացված) ու մաքուր գուլպաներ, կոշիկներ կամ ձեռնոցներ։
Չմոռանաք լրացնել քրտինքով կորցրած ջրի քանակը։
Հոդվածը վերանայվել է՝ 09-04-2021