Հիպերհիդրոզի բուժումը կարող է սկսվել այն պատճառող հիվանդության կամ վիճակի բուժումից:
Եթե պատճառը չի հայտնաբերվել, բուժումը կենտրոնանում է առատ քրտնարտադրության վերահսկման վրա: Եթե ինքնօգնության նոր սովորույթները չեն բարելավում ձեր ախտանիշները, ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ բուժումներից մեկը կամ մի քանիսը: Նույնիսկ եթե բուժումից հետո ձեր քրտնարտադրությունը մեղմանա, այն կարող է կրկնվել:
Դեղորայքային բուժում
Հիպերհիդրոզի բուժման համար օգտագործվող դեղերը ներառում են հետևյալը:
- Ուժեղ ազդող հակաքրտինքային միջոցներ. ձեր բժիշկը կարող է նշանակել ալյումինի քլորիդ պարունակող հակաքրտինքային միջոց (Դրիսոլ, Քսերակ AC): Քնելուց առաջ քսեք այն ձեր չոր մաշկին։ Այնուհետև լվացեք միջոցը, երբ վեր կենաք՝ զգուշանալով, որ այն չհայտնվի ձեր աչքերում: Երբ սկսում եք արդյունքներ տեսնել մի քանի օր շարունակ ամեն օր օգտագործելուց հետո, կարող եք կրճատել օգտագործումները շաբաթական մեկ կամ երկու անգամ՝ ազդեցությունը պահպանելու համար: Այս միջոցը կարող է առաջացնել մաշկի և աչքերի գրգռվածություն: Խոսեք ձեր բժշկի հետ կողմնակի ազդեցությունները նվազեցնելու ուղիների մասին:
- Ուժեղ ազդող նրբաքսուքներ (կրեմներ) և անձեռոցիկներ. այս նրբաքսուքները, որոնք պարունակում են Գլիկոպիրոլատ, կարող են օգնել հիպերհիդրոզի այն դեպքերում, որն ազդում է դեմքի և գլխի վրա: Անձեռոցիկները, որոնք թրջված են Գլիկոպիրրոնիում տոզիլատով (Քբրեքսզա), կարող են թեթևացնել ձեռքերի, ոտքերի և թևատակերի ախտանիշները: Այս ապրանքների հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են մաշկի թեթև գրգռվածություն և բերանի չորություն:
- Նյարդը պաշարող դեղամիջոցներ. որոշ հաբեր (բերանային դեղամիջոցներ) արգելափակում են քրտնագեղձերը խթանող նյարդերը: Դրանք կարող են նվազեցնել որոշ մարդկանց քրտնարտադրությունը: Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են՝ բերանի չորություն, մշուշոտ տեսողություն և միզապարկի հետ կապված խնդիրներ:
- Հակադեպրեսանտներ. դեպրեսիայի համար օգտագործվող որոշ դեղամիջոցներ նաև կարող են նվազեցնել քրտնարտադրությունը: Դրանք նաև կարող են օգնել մեղմացնելու գերքրտնարտադրության հետ կապված անհանգստությունը, որն իր հերթին կարող է խթանել ավելորդ քրտնարտադրությունը:
- Բոտուլինային տոքսինի ներարկումներ. Բոտուլինումի տոքսինով (Բոտոքս) բուժումը արգելափակում է քրտնագեղձերը խթանող նյարդերը: Մարդկանց մեծ մասը միջամտությունների ընթացքում մեծ ցավ չի զգում: Այնուամենայնիվ, դուք կարող եք պահանջել, որ ձեր մաշկը նախապես թմրեցվի: Ձեր բժիշկը կարող է առաջարկել մաշկի անզգայացման մեթոդներից մեկը կամ մի քանիսը՝ տեղային անզգայացում, սառույց և մերսում (վիբրացիոն անզգայացում): Ձեր մարմնի յուրաքանչյուր տուժած շրջանի համար կարող է պահանջվել մի քանի ներարկում: Արդյունքները զգալու համար կարող է պահանջվել մի քանի օր: Ազդեցությունը պահպանելու համար, ամենայն հավանականությամբ, ձեզ հարկավոր կլինի կրկնել բուժումը մոտ վեց ամիսը մեկ: Հնարավոր կողմնակի ազդեցությունը բուժվող շրջանի մկանների կարճատև թուլությունն է:
Վիրահատական կամ այլ միջամտություններ
Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել այլ բուժումներ:
- Իոնոֆորեզ. այս տնային բուժման ժամանակ դուք ձեր ձեռքերը կամ ոտքերը սուզում եք ջրով թասի մեջ՝ մինչ սարքը թույլ էլեկտրական հոսանք է անցնում ջրի միջով: Հոսանքն արգելափակում է այն նյարդերը, որոնք առաջացնում են քրտնարտադրություն: Մեկ սեանսը տևում է մոտ 20-40 րոպե: Կրկնեք բուժումը շաբաթական 2-3 անգամ՝ մինչև ձեր ախտանիշները բարելավվեն: Արդյունք ստանալուց հետո կարող եք կրճատել բուժումը շաբաթական կամ ամիսը մեկ անգամ՝ ազդեցությունը պահպանելու համար: Կողմնակի ազդեցությունների դեպքում խոսեք ձեր բժշկի հետ:
- Միկրոալիքային թերապիա. այս թերապիայի միջոցով ձեռքի սարքը (miraDry) միկրոալիքային էներգիա է հաղորդում թևատակերի քրտնագեղձերը ոչնչացնելու համար: Բուժումը ներառում է 20-ից 30 րոպե տևողությամբ երկու սեանս՝ երեք ամսվա ընդմիջմամբ: Հնարավոր կողմնակի ազդեցությունները մաշկի զգացողությունների փոփոխությունն են և որոշակի դիսկոմֆորտը: Երկարատև կողմնակի ազդեցություններն անհայտ են:
- Քրտնագեղձի հեռացում. եթե ուժեղ քրտնում եք միայն թևատակերում, ձեր բժիշկը կարող է առաջարկել այս շրջանի քրտնագեղձերի հեռացում: Դա կարող է արվել քրտնագեղձերը քերելով (կյուրետաժ), ներծծմամբ (լիպոսակցիա) կամ երկուսի համակցությամբ (ներծծող կյուրտաժ):
- Նյարդային վիրահատություն (սիմպաթէկտոմիա). այս միջամտության ընթացքում վիրաբույժը հեռացնում է ողնաշարի նյարդերի մի փոքր հատված, որոնք վերահսկում են ձեր ձեռքերի քրտնարտադրությունը: Հնարավոր կողմնակի ազդեցությունը մշտական առատ քրտնարտադրությունն է ձեր մարմնի մեկ այլ հատվածներում (փոխհատուցվող քրտնարտադրություն): Վիրահատությունը, ընդհանուր առմամբ, տարբերակ չէ գլխի և պարանոցի մեկուսացված քրտնարտադրության համար: Այս միջամտության տարբերակները կարող են առաջարկվել ձեռքի ափերի համար: Այն ընդհատում է նյարդային ազդանշանները՝ առանց սիմպաթիկ նյարդը հեռացնելու (սիմպատոտոմիա), ինչը նվազեցնում է փոխհատուցվող քրտինքի ռիսկը։ Նյարդային վիրահատությունն ունի կողմնակի ազդեցությունների և բարդությունների ռիսկ, ուստի սովորաբար առաջարկվում է միայն այն մարդկանց, ովքեր փորձել են բազմաթիվ այլ բուժումներ՝ առանց ցանկալի արդյունքների:
Այս միջամտություններից յուրաքանչյուրը կարող է իրականացվել ընդհանուր կամ տեղային անզգայացման և հանգստացողների օգնությամբ:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024