Արյան ճնշումը որոշվում է երկու գործոնով՝ սրտի արտամղած արյան քանակ և զարկերակներով արյան հոսքի դիմադրություն:
Որքան շատ արյուն է սիրտն արտամղում և որքան նեղացած են զարկերակները, այդքան բարձր է արյան ճնշումը:
Կան բարձր արյան ճնշման երկու հիմնական տեսակներ:
Առաջնային (էսենցիալ) հիպերտենզիա
Չափահաս մարդկանց մեծ մասի մոտ բարձր արյան ճնշումը որևէ հայտնաբերելի պատճառ չունի: Բարձր արյան ճնշման այս տեսակը կոչվում է առաջնային հիպերտենզիա կամ էսենցիալ հիպերտենզիա: Այն հակված է զարգանալու աստիճանաբար՝ երկար տարիների ընթացքում: Զարկերակներում վահանիկի առաջացումը, որը կոչվում է աթերոսկլերոզ, բարձրացնում է բարձր արյան ճնշման ռիսկը:
Երկրորդային հիպերտենզիա
Բարձր արյան ճնշման այս տեսակի պատճառը մեկ այլ հիվանդությունն է: Այն հակված է ի հայտ գալու հանկարծակի և առաջացնել ավելի բարձր արյան ճնշում, քան առաջնային հիպերտենզիան: Երկրորդային հիպերտենզիայի բերող հիվանդություններից և դեղերից են՝
- մակերիկամների ուռուցքներ
- ծնված օրվանից առկա արյունատար անոթների խնդիրներ, որոնք նաև կոչվում են սրտի բնածին արատներ
- հազի և մրսածության դեղեր, որոշ ցավազրկողներ, հակաբեղմնավորիչ հաբեր և դեղատոմսով դուրս գրվող այլ դեղամիջոցներ
- ապօրինի թմրամիջոցներ, օրինակ՝ կոկաին և ամֆետամիններ
- երիկամային հիվանդություն
- քնի օբստրուկտիվ ապնոէ
- վահանաձև գեղձի խնդիրներ:
Երբեմն զուտ բժշկին այցելելը և բուժզննումն առաջացնում է արյան ճնշման ժամանակավոր բարձրացում: Սա կոչվում է սպիտակ խալաթի հիպերտենզիա:
Ռիսկի գործոններ
Բարձր արյան ճնշումն ունի բազմաթիվ ռիսկի գործոններ:
- Տարիք. տարիքի մեծացման հետ բարձր արյան ճնշման ռիսկը բարձրանում է: Մինչև 64 տարեկանը բարձր արյան ճնշումն ավելի տարածված է տղամարդկանց շրջանում: Կանանց մոտ բարձր արյան ճնշման զարգացումն ավելի հավանական է 65 տարեկանից հետո:
- Ռասա. բարձր արյան ճնշումն առանձնակի տարածված է սևամորթների շրջանում: Նույն խմբում բարձր արյան ճնշումը զարգանում է ավելի վաղ տարիքում, քան սպիտակամորթների շրջանում:
- Ընտանեկան պատմություն. ձեզ մոտ բարձր արյան ճնշման զարգացումն ավելի հավանական է, եթե ունեք նույն հիվանդությամբ ծնող, քույր կամ եղբայր:
- Գիրություն կամ ավելցուկային քաշ. ավելցուկային քաշն առաջացնում է արյունատար անոթների, երիկամների և այլ օրգանների փոփոխություններ, որոնք հաճախ բարձրացնում են արյան ճնշումը: Ավելցուկային քաշ ունենալը կամ գեր լինելը նաև բարձրացնում է սրտային հիվանդության և դրա ռիսկի գործոնների ռիսկը, ինչպիսին հանդիսանում է բարձր խոլեստերինը:
- Ֆիզիկական թերակտիվություն («նստակյաց ապրելակերպ»). ֆիզիկապես ոչ ակտիվ ապրելակերպը կարող է առաջացնել քաշի ավելացում, իսկ ավելցուկային կիլոգրամները բարձրացնում են բարձր արյան ճնշման ռիսկը: Ֆիզիկապես թերակտիվ մարդիկ նաև հակված են ունենալու ավելի բարձր սրտի ռիթմ (տախիկարդիա):
- Ծխախոտի օգտագործում կամ «վայփինգ». ծխելը, ծխախոտ ծամելը կամ վայփինգն անմիջապես կարճ ժամանակի ընթացքում բարձրացնում են արյան ճնշումը: Ծխելը վնասում է արյունատար անոթների պատը և արագացնում է զարկերակների պատի պնդացման գործընթացը: Եթե ծխող եք, հարցրեք բժշկին դրանից ձերբազատվելու լավագույն տարբերակների մասին:
- Կերակրի աղի մեծ քանակներ. կերակրի աղի (նատրիում) մեծ քանակները նպաստում են օրգանիզմում ջրի պահպանմանը: Սա բարձրանում է արյան ճնշումը:
- Կալիումի ցածր մակարդակներ. կալիումն օգնում է բջիջներում նատրիումի քանակի հավասարակշռմանը: Կալիումի ճիշտ հավասարակշռումը կարևոր է սրտի առողջական վիճակի համար: Կալիումի ցածր մակարդակներ կարող են զարգանալ սննդակարգում կալիումի պակասի կամ որոշ առողջական խնդիրների, օրինակ՝ ջրազրկման պատճառով:
- Ալկոհոլի մեծ քանակների օգտագործում. ալկոհոլի օգտագործումը, հատկապես՝ տղամարդկանց մոտ կապված է արյան ճնշման բարձրացման հետ:
- Սթրես. սթրեսի բարձր մակարդակները կարող են բերել արյան ճնշման ժամանակավոր բարձրացման: Սթրեսի հետ կապված սովորույթները, օրինակ՝ շատ ուտելը, ծխախոտ օգտագործելը կամ ալկոհոլ խմելը կարող են ավելի բարձրացնել արյան ճնշումը:
- Որոշ քրոնիկ հիվանդություններ. դրանցից են երիկամային հիվանդությունը, դիաբետը և քնի ապնոէն:
- Հղիություն. երբեմն հղիությունը նպաստում է բարձր արյան ճնշմանը:
Բարձր ճնշումն առավել տարածված է չափահասների շրջանում, սակայն երեխաները նույնպես կարող են ունենալ գերճնշում: Երեխաների մոտ բարձր արյան ճնշումը կարող է պայմանավորված լինել երիկամային կամ սրտային խնդիրներով: Այնուամենայնիվ, ավելի ու ավելի մեծ թվով երեխաների մոտ բարձր արյան ճնշման պատճառ է դարձել անառողջ ապրելակերպը, օրինակ՝ անառողջ սննդակարգը և ֆիզիկական թերակտիվությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024