Բարձր արյան ճնշմամբ մարդկանց մեծ մասը կարող է որևէ գանգատ չնշել, նույնիսկ եթե ճնշման ցուցանիշները հասել են վտանգավոր բարձր մակարդակի:
Դուք կարող եք տարիներ շարունակ ունենալ բարձր արյան ճնշում՝ առանց որևէ ախտանիշի:
Բարձր արյան ճնշմամբ փոքրաթիվ մարդիկ կարող են նշել՝
- գլխացավեր
- շնչարգելություն և հևոց
- քթային արյունահոսություններ:
Այնուամենայնիվ, այս ախտանիշներն առանձնահատուկ չեն: Դրանք սովորաբար ի հայտ չեն գալիս, քանի դեռ հիպերտենզիան չի հասել ծանր կամ կյանքին սպառնացող փուլերին:
Ե՞րբ այցելել բժշկին
Արյան ճնշման սքրինինգն ընդհանուր առողջության պահպանման կարևոր մասն է: Այն, թե որքան հաճախ է պետք արյան ճնշումը չափել, կախված է ձեր տարիքից և ընդհանուր առողջական վիճակից:
Որպես կանոն, 18 տարեկանից հետո արյան ճնշումը պետք է չափել առնվազն 2 տարին մեկ: Եթե դուք 40 տարեկան կամ ավելի մեծ եք կամ 18-39 տարեկան եք և ունեք բարձր արյան ճնշման բարձր ռիսկ, արյան ճնշումը պետք է չափվի առնվազն տարեկան մեկ անգամ:
Բժիշկը խորհուրդ կտա ավելի հաճախակի չափել արյան ճնշումը, եթե ունեք բարձր արյան ճնշում կամ սրտային հիվանդության այլ ռիսկի գործոններ:
Որպես կանոն, 3 տարեկան և ավելի մեծ երեխաների արյան ճնշումը չափվում է նրանց տարեկան այցի ընթացքում:
Եթե կանոնավոր չեք հանդիպում բժշկին, կարող եք ձեր արյան ճնշումը ստուգել ինքնուրույն: Նման դեպքերում կարևոր է օգտագործել ճիշտ չափսի մանժետ (թևքածալ): Զարկերակային ճնշումը ճիշտ չափելու տեխնիկայի մասին զրուցեք ձեր բժշկի կամ բուժքրոջ հետ: Նրանք նաև կարող են նաև ձեզ ներկայացնել, թե ինչ է առողջ արյան ճնշումը, ինչպես պահպանել այն նորմալ միջակայքում և անհրաժեշտության դեպքում ինչպես նվազեցնել այն:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024