Զարկերակային գերճնշմամբ (հիպերտենզիա) պայմանավորված արյունատար անոթի պատի վրա մշտական ավելցուկային ճնշումը կարող է վնասել ինչպես այդ անոթները, այնպես էլ ձեր օրգանները:
Որքան բարձր է արյան ճնշումը և որքան երկար ժամանակի ընթացքում է այն մնում բուժումից դուրս կամ անկառավարելի, այդքան ավելի մեծ է վնասը և առողջական հետևանքների ռիսկը: Գերճնշումն ամբողջ աշխարհում վաղաժամ մահվան ամենակարևոր կանխարգելվող ռիսկի գործոնն է:
Սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ. բարձր արյան ճնշումը ժամանակի ընթացքում կարող է կարծրացնել զարկերակների պատը (աթերոսկլերոզ), իսկ սա իր հերթին՝ բերել սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի և այլ բարդությունների:
Սրտային անբավարարություն. բարձր զարկերակային ճնշման պայմաններում սիրտն աշխատում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, որ կարողանա արյունը մղել այդ անոթներով: Նման մշտական գերծանրաբեռնված գործունեության պատճառով սրտի արտամղող խոռոչը սկսում է հաստանալ (ձախ փորոքի գերաճ կամ հիպերտրոֆիա): Ի վերջո, հաստացած մկանը սկսում է կորցնել իր կծկողական ուժը, և արդյունքում զարգանում է սրտային անբավարարություն:
Երիկամների արյան անոթների թուլություն և նեղացում. երիկամների կծիկների մազանոթային փոփոխությունը կարող է բերել երիկամների գերճնշումային ախտահարման (հիպերտենզիվ նեֆրոպաթիա) և երիկամների գործունեության անդառնալի կորստի: Մյուս կողմից, գլոմերուլոնեֆրիտն ինքը ևս կարող է առաջացնել արյան ճնշման բարձրացում:
Աչքերի արյունատար անոթների կարծրացում, նեղացում կամ պատռում. ժամանակի ընթացքում վատ կառավարվող գերճնշումը կարող է զարգացնել ցանցենու գերճնշումային ախտահարում (հիպերտենզիվ ռետինոպաթիա), որը կարող է հանգեցնել տեսողության կորստի:
Մետաբոլիկ համախտանիշ. այս հիվանդությունն իրենից ներկայացնում է օրգանիզմի նյութափոխանակության խանգարումներով պատճառված մի շարք այլ հիվանդություննրի խումբ՝ որովայնային գիրություն, բարձր տրիգլիցերիդներ, արյան «լավ» խոլեսթերինի ցածր մակարդակ (բարձր խտության լիպոպրոտեիդների (ԲԽԼ) խոլեսթերին), բարձր արյան ճնշում և արյան ինսուլինի բարձր մակարդակ: Այս խնդիրները բարձրացնում են դիաբետի (շաքարախտ), սրտային հիվանդության և ինսուլտի զարգացման ռիսկերը:
Հիշողության կամ մտածողության խնդիրներ. անկառավարելի բարձր արյան ճնշումը կարող է ազդել նաև ձեր մտածելու, հիշելու և սովորելու ունակությունների վրա: Հիշողության և մտածողության խնդիրներն ավելի տարածված են զարկերակային հիպերտենզիայով մարդկանց շրջանում:
Դեմենցիա. նեղացած կամ խցանված զարկերակները կարող են կրճատել գլխուղեղի արյան հոսքը՝ բերելով թուլամտության առանձին տեսակի (անոթային կամ վասկուլյար դեմենցիա): Գլխուղեղի մի մասի արյունամատակարարման կտրուկ ընդհատման բերող ինսուլտը ևս կարող է առաջացնել անոթային դեմենցիա:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։