Ապրելակերպի փոփոխությունը կարող է օգնել բարձր արյան ճնշման վերահսկմանը և կառավարմանը:
Բժիշկը կարող է խորհուրդ տալ ապրելակերպի հետևյալ փոփոխությունները՝
- քիչ աղի պարունակող «առողջ սրտի» սննդակարգ
- կանոնավոր ֆիզիկական վարժանքներ
- առողջ քաշի պահպանում կամ քաշի նվազեցում
- ալկոհոլի սահմանափակում
- ծխախոտից հրաժարում
- օրական 7-9 ժամյա քուն:
Երբեմն միայն ապրելակերպի փոփոխությունները բարձր արյան ճնշման բուժման համար բավարար չեն: Եթե դրանք չեն օգնում, բժիշկը կարող է խորհուրդ տալ ձեր արյան ճնշումը նվազեցնող դեղեր:
Դեղեր
Հիպերտենզիայի բուժման մեջ օգտագործվող դեղի տեսակը կախված է ձեր ընդհանուր առողջական վիճակից և արյան ճնշման բարձրացման աստիճանից: Հաճախ երկու և ավելի տեսակի դեղամիջոցների զուգակցումն ավելի արդյունավետ է, քան միայն մեկ դեղով բուժումը (մոնոթերապիա): Ձեզ համար ամենաարդյունավետ դեղի կամ դեղերի լավագույն զուգակցման ընտրությունը կարող է պահանջել որոշակի ժամանակ:
Երբ ստանում եք արյան ճնշման դեղ կամ դեղեր, կարևոր է իմանալ ձեր ցանկալի (թիրախային) արյան ճնշման մակարդակը: Դուք պետք է ձգտեք հասնելու 130/80 մմ ս.ս.-ից ցածր ցուցանիշներին, եթե՝
- առողջ չափահաս եք և ձեր տարիքը 65 և ավելի բարձր է
- մինչև 65 տարեկան առողջ չափահաս եք և ունեք մոտակա 10 տարվա ընթացքում սրտանոթային հիվանդության զարգացման 10% և ավելի բարձր ռիսկ
- ունեք քրոնիկ երիկամային հիվանդություն, դիաբետ կամ սրտի իշեմիկ հիվանդություն:
Հարցրեք բժշկին, թե արյան ճնշման որ թվերն են հանդիսանալու ձեր բուժման նպատակը:
Զարկերակային գերճնշման բուժման համար բժիշկը կարող է նշանակել դեղերի հետևյալ տեսակներից մեկնումեկը կամ երկու կամ ավելի տեսակների զուգակցումներ՝
- միզամուղներ
- անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ (ԱՓՖ ինհիբիտորներ)
- անգիոտենզին II ընկալիչների պաշարիչներ (բլոկատորներ)
- կալցիումական անցուղիների պաշարիչներ (կալցիումի անտագոնիստներ)։
Որոշ դեպքերում, եթե այս խմբերի դեղերը բավարար արդյունք չեն ապահովում, բժիշկը կարող է ավելացնել լրացուցիչ դեղամիջոցներ:
Իմացե՛ք ավելին զարկերակային գերճնշման բուժման դեղերի մասին:
Կայուն հիպերտենզիայի բուժումը
Դուք կարող եք ունենալ կայուն (ռեզիստենտ) հիպերտենզիա, եթե՝
- ընդունում եք առնվազն 3 տարբեր արյան ճնշման դեղեր, այդ թվում՝ միզամուղ, սակայն ձեր արյան ճնշումը մնում է կայուն բարձր
- բարձր արյան ճնշումը հսկելու համար ընդունում եք 4 տարբեր դեղեր (նման դեպքերում բժիշկը պետք է ստուգի բարձր արյան ճնշման երկրորդային պատճառները):
Ռեզիստենտ հիպերտենզիայի առկայությունը բնավ չի նշանակում, որ ձեր արյան ճնշումը երբեք չի նվազի: Եթե դուք և ձեր բժիշկը միասին կարողանաք գտնել պատճառը, հնարավոր է ավելի արդյունավետ բուժման մեկնարկ:
Ռեզիստենտ հիպերտենզիայի բուժումը կարող է ներառել բազմաթիվ փուլեր, այդ թվում՝
- արյան ճնշման դեղերի փոփոխում, որ գտնեք լավագույն համակացումը և դեղաչափերը
- օգտագործվող բոլոր, այդ թվում՝ առանց դեղատոմսի նշանակվող դեղերի վերանայում
- արյան ճնշման չափում տանը («սպիտակ խալաթի» հիպերտենզիան բացառելու համար)
- ապրելակերպի առողջացում՝ առողջ սնունդ, քաշի կարգավորում և այլն:
Բարձր արյան ճնշումը հղիության ընթացքում
Եթե հղի եք և ունեք բարձր արյան ճնշում, քննարկեք բժշկի հետ, թե ինչպես ճիշտ կառավարել ձեր արյան ճնշումը:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում հիպերտենզիայի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024