Կան որոշ միջոցներ, որոնք կարող են նվազեցնել արյան շաքարի կտրուկ անկման հավանականությունը կամ օգնել, որ շուտ հասկանաք նման վիճակի առկայության մասին:
Եթե ունեք դիաբետ
Բարեխիղճ կերպով հետևեք ձեր դիաբետի վերահսկման պլանին: Եթե ստանում եք նոր դեղամիջոցներ, փոփոխում եք սնվելու կամ դեղերի ընդունման կարգը կամ ավելացնում եք նոր` ավելի ծանր ֆիզիկական վարժանքներ, զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչպես կարող են այս փոփոխություններն ազդել ձեր և բժշկի կողմից կազմված բուժման և հիպոգլիկեմիայի զարգացման ռիսկի վրա:
Գլյուկոզի մշտական վերահսկումը (անգլերեն՝ continuous glucose monitor, CGM) կարող է օգտակար լինել հատկապես այն մարդկանց համար, ովքեր այլևս չեն կարողանում տարբերակել հիպոգլիկեմիայի դրվագները: Սա մաշկի տակ մտցված բարակ լար է, որը պարբերաբար չափում և ընդունիչ սարքին է ուղարկում արյան գլյուկոզի ցուցանիշները: Երբ արյան գլյուկոզի մակարդակը կտրուկ ընկնում կամ բարձրանում է, սարքը ազդանշան է տալիս:
Օգտակար կարող է լինել նաև ձեզ մոտ արագ ազդող ածխաջրեր պահելը, օրինակ՝ հյութ կամ գլյուկոզի հաբեր, որոնք կարող եք օգտագործել, երբ զգում եք հնարավոր հիպոգլիկեմիայի նշաններ:
Եթե չունեք դիաբետ
Հիպոգլիկեմիայի կրկնվող դրվագներից խուսափելու համար փորձեք ամբողջ օրվա ընթացքում սնունդ ընդունել փոքր քանակներով: Սա կանխարգելում է ոչ միայն հիպոգլիկեմիայի, այլ նաև՝ հիպերգլիկեմիայի (բարձր արյան գլյուկոզի) զարգացումը:
Այնուամենայնիվ, ցանկալի չէ երկար ժամանակի ընթացքում կիրառել այսպիսի մոտեցում: Նման դեպքերում ավելի ճիշտ է, որ բժշկի հետ միասին գտնեք և բուժեք ցածր արյան շաքարի պատճառը:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024