Հիպոգլիկեմիայի բուժումը կախված է վիճակի առաջացման արագությունից, ծանրության աստիճանից և պատճառից:
Անհապաղ բուժում
Հիպոգլիկեմիայի ախտանիշների դեպքում առանց հետաձգելու արեք այս հաջորդական քայլերը:
- Օգտագործեք 10-20 գրամ արագ ազդող պարզ ածխաջրեր. դրանք սպիտակուց կամ ճարպ չպարունակող քաղցրահամ մթերքներ կամ հեղուկներ են, որոնք արագորեն ներծծվում և փոխակերպվում են գլյուկոզի: Օրինակներից են՝ գլյուկոզի հաբեր կամ գել, քաղցրահամ մրգահյութ, սովորական (ոչ դիետիկ) ըմպելիքներ, մեղր և քաղցր կոնֆետ:
- 15 րոպե հետո կրկին ստուգեք արյան շաքարի մակարդակը. եթե արյան շաքարը դեռևս 3,9 մմոլ/լ-ից (70 մգ/դլլ-ից) ցածր է, կրկին կերեք կամ խմեք 15-20 գրամ արագ ազդող ածխաջրեր և 15 րոպե հետո նորից ստուգեք արյան շաքարը: Կրկնեք այս քայլերն այնքան, մինչև արյան շաքարը դառնա 3,9 մմոլ/լ-ից (70 մգ/դլլ-ից) բարձր:
- Կերեք խորտիկ կամ ճաշ. արյան շաքարի նորմալանալուց հետո ընդունեք սնունդ, որը կօգնի շաքարի կայունացմանը և կլրացնի օրգանիզմի գլիկոգենային պաշարները:
Ծանր հիպոգլիկեմիայի անհետաձգելի բուժում
Հիպոգլիկեմիան համարվում է ծանր, երբ վերականգնվելու համար անհրաժեշտ է մեկ այլ մարդու օգնությունը: Օրինակ, եթե ի վիճակի չեք սննդի միջոցով ածխաջրեր ստանալ, կարող է առաջանալ գլյուկագոնի ներարկման կամ ներերկային գլյուկոզ ստանալու անհրաժեշտություն:
Ընդհանուր առմամբ, ինսուլին ստացող դիաբետով մարդիկ պետք է ունենան անհետաձգելի օգնության գլյուկագոնային հավաքածու: Ճիշտ կլինի, եթե ընտանիքի անդամները և ընկերներն իմանան այդ հավաքածուի տեղը և օգտագործման ձևը:
Եթե օգնություն եք ցուցաբերում անգիտակից վիճակում գտնվող մարդուն, մի՛ փորձեք նրան սնունդ կամ ըմպելիքներ տալ:Եթե չունեք գլյուկագոնային հավաքածու կամ չգիտեք օգտագործման կարգը, առանց ուշացնելու զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Պատճառ հանդիսացող հիվանդությունների բուժում
Կրկնվող հիպոգլիկեմիայի կանխարգելումը պահանջում է պատճառ հանդիսացող հիվանդության ախտորոշում և բուժում: Պատճառից կախված, բուժումը կարող է ներառել դեղորայք կամ վիրահատական բուժում (օրինակ՝ ենթաստամոքսային գեղձի մասնահատում):
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024