Առողջական խնդիրներ

Ցավ ծնկան շրջանում (ծնկացավ)

Ցավ ծնկան շրջանում (ծնկացավ)

Time Read 2 րոպե

Ծնկացավը հաճախակի հանդիպող առողջական խնդիր է, որը կարող է առաջանալ հանկարծակի կամ ժամանակի ընթացքում:

Կան ծնկացավի տարբեր պատճառներ, որից ելնելով ընտրվում է բուժման տարբերակը:

Ծնկացավի պատճառները

Ձեր ծնկները կարող են ցավել տարբեր պատճառներից:

Վնասվածքի հետ կապված ծնկացավի պատճառներից են՝

  • ծնկան կառուցվածքների վնասում՝ ոսկրեր, մկաններ, աճառներ, կապաններ, ջլեր, մահիկներ (մենիսկներ)
  • բուրսիտ, որը ծնկան շարժումները սահունացնող, հեղուկով լցված ձուսպապարկի բորբոքումն է:

Հոդաբորբի հետ հապված (արթրիտ) ծնկացավի հիմնական պատճառներն են՝

  • օստեոարթրիտ
  • ռևմատոիդ արթրիտ
  • պոդագրա
  • հատուկ արթրիտներ (ծնկան վարակներ):

Ծնկացավի այլ պատճառներից են՝

  • պատելոֆեմորալ ցավային համախտանիշ
  • ցավ, որը սկսվում է ազդրերից կամ գոտկատեղից (իշիաս):

Ծնկացավի ռիսկի գործոնները

Ավելի հավանական է, որ դուք կունենաք ծնկացավ, քան մյուս մարդիկ, եթե՝

  • ձեզ մոտ առկա է ավելցուկային կշիռ կամ գիրություն
  • ձեր ոտքի մկանները թույլ են զարգացած
  • դուք զբաղվում եք որոշ մարզաձևերով, օրինակ՝ լեռնադահուկային սպորտ կամ բասկետբոլ
  • դուք նախկինում վնասել եք ձեր ծունկը
  • դուք ունեք ոտքերի ծռություն կամ անատոմիական այլ շեղումներ:

Ծնկացավի ախտանիշները

Ծնկացավի ժամանակ ցավերից բացի դուք կարող եք նշել նաև այլ գանգատներ՝

  • ծնկան հոդի շրջանի այտուցվածություն, կարմրություն կամ մաշկի տեղային տաքություն
  • ծնկան շուրջն արյունազեղումներ
  • ձեր ծունկը «ետ է մնում» քայլքից
  • ծնկան հոդում շարժումների սահմանափակում կամ հոդի անշարժացում
  • ծնկան հոդում շարժումներ կատարելիս արտասովոր ձայներ (կրեպիտացիա)
  • ծնկան հոդում ոտքն ուղղելու անհնարինություն:

Եթե դուք անհանգստացած եք ձեր ծնկացավով, այցելեք ձեր բժշկին կամ վնասվածքաբանին:

Եթե դուք ունեք ջերմության բարձրացում և ձեր ծունկը կարմրած և «տաքությունից վառվում» է, շտապ կապ հաստատեք ձեր բժշկի հետ կամ այցելեք մոտակա անհետաձգելի բուժօգնության բաժանմունք:

Ծնկացավի պատճառների ախտորոշումը

Բժիշկը կզրուցի ձեզ հետ և կզննի ձեր ծունկը: Ախտորոշումը ճշտելու համար նա կարող է ձեզ ուղեգրել որոշ հետազոտությունների՝

  • արյան թեստեր
  • ծնկան հոդի ռենտգեն, սոնոգրաֆիկ կամ ՄՌՏ հետազոտություններ
  • ծնկան հոդի ասպիրացիա, երբ ձեր ծնկան հոդից ասեղով վերցվում է քիչ քանակությամբ հեղուկ:

Ծնկացավի բուժումները

Կախված պատճառից, ծնկացավի բուժումը կարող է ներառել՝

  • ցավազրկողներ և հակաբորբոքային դեղեր
  • ծնկահոդն օժանդակող միջոցներ՝ պահիչներ և այլն
  • օրթոպեդիկ կոշիկներ՝ քայլքը կարգավորելու համար
  • հոգեբանական աջակցություն
  • վիրահատություն:

Եթե վնասել եք ձեր ծունկը, դուք պետք է դիմեք ձեր բժշկին կամ անմիջապես վնասվածքաբանին:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-05-2018 վերանայվել է՝ 24-01-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: