Ձեր բժիշկը ձեր ծնկացավի պատճառի ախտորոշումը սկսում է ձեր գանգատները լսելուց, հիվանդության պատմությունը քննարկելուց և բուժզննումից:
Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ՝
- կստուգի ձեր ծունկը այտուցվածության, ցավի, ցավոտության, տեղային ջերմության և տեսանելի կապտուկների համար
- կստուգի՝ տեսնելու, թե որքան հեռու կարող եք տարբեր ուղղություններով շարժել ձեր ոտքի ստորին հատվածը
- կհրի կամ կքաշի հոդը՝ ձեր ծնկի կառուցվածքների ամբողջականությունը գնահատելու համար:
Պատկերային հետազոտություններ
Որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է առաջարկել որոշ հետազոտություններ:
- Ռենտգեն. ձեր բժիշկը կարող է նախ խորհուրդ տալ անցնել ռենտգեն հետազոտություն, որը կարող է օգնել հայտնաբերելու ոսկրերի կոտրվածքները և հոդերի դեգեներատիվ հիվանդությունը:
- Համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում. ԿՏ սքաներները միավորում են ռենտգենյան ճառագայթները, որոնք արվել են բազմաթիվ տարբեր անկյուններից՝ ձեր մարմնի ներքին կառուցվածքների խաչաձև հատված (շերտավոր) պատկերներ ստեղծելու համար: ԿՏ սքանավորումները կարող են օգնել ախտորոշելու ոսկրային խնդիրները և փոքր կոտրվածքները: Հատուկ տեսակի ԿՏ սքանավորումը կարող է ճշգրիտ ախտորոշել պոդագրան, նույնիսկ երբ հոդը բորբոքված չէ:
- Գերձայնային հետազոտություն. այս տեխնոլոգիան օգտագործում է ձայնային ալիքներ՝ ձեր ծնկի ներսում և շրջակայքում գտնվող փափուկ հյուսվածքների կառուցվածքների իրական ժամանակում պատկերներ ստանալու համար: Ձեր բժիշկը կարող է ցանկանալ գերձայնային հետազոտության ընթացքում ձեր ծունկը շարժել տարբեր դիրքերում՝ ստուգելու կոնկրետ խնդիրների առկայությունը:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ՄՌՏ-ն օգտագործում է ռադիոալիքներ և հզոր մագնիսական դաշտեր՝ ձեր ծնկի ներքին կառուցվածքների եռաչափ (3D) պատկերներ ստեղծելու համար: Այս հետազոտությունը հատկապես օգտակար է փափուկ հյուսվածքների վնասվածքները բացահայտելու համար, ինչպիսիք են կապանները, ջլերը, աճառըները և մկանները:
Լաբորատոր թեստեր
Եթե ձեր բժիշկը կասկածում է վարակի կամ բորբոքման մասին, ձեզ, ամենայն հավանականությամբ, կառաջարկի արյան թեստեր և երբեմն այնպիսի ախտորոշիչ միջամտություն, որը կոչվում է արթրոցենտեզ, երբ ասեղով փոքր քանակի հեղուկ հանվում է ձեր ծնկահոդից և ուղարկվում լաբորատորիա:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024