Skip to main content

Բուժումը տարբեր կլինի՝ կախված այն բանից, թե կոնկրետ ինչն է առաջացնում ձեր ծնկացավը:

Դեղորայքային բուժում

Ձեր բժիշկը կարող է նշանակել դեղեր, որոնք օգնում են ցավի մեղմացմանը և ծնկացավ պատճառող վիճակների բուժմանը, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը կամ պոդագրան (հոդատապ):

Թերապիա

Ծնկները շրջապատող մկանների ամրապնդումը ձեր ծնկներն ավելի կայուն կդարձնի: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ֆիզիոթերապիա կամ տարբեր տեսակի ամրացնող վարժանքներ՝ հիմնվելով ձեր ցավն առաջացնող կոնկրետ վիճակի վրա:

Եթե ​​ֆիզիկապես ակտիվ եք կամ զբաղվում եք սպորտով, ձեզ կարող են անհրաժեշտ լինել վարժանքներ՝ շտկելու շարժման ձևերը, որոնք կարող են ազդել ձեր ծնկների վրա և ձևավորել լավ տեխնիկա ձեր մարզաձևի կամ ֆիզիկական գործունեության ընթացքում: Ձեր ճկունությունը և հավասարակշռությունը բարելավելուն ուղղված վարժանքները նույնպես կարևոր են:

Սուպինատորները կարող են օգնել ազատելու ճնշումը օստեոարթրիտից առավել տուժած ծնկից: Որոշակի պայմաններում կարող են օգտագործվել տարբեր տեսակի ծնկակալներ, որոնք կարող են պաշտպանել և օժանդակել ձեր ծնկան հոդը:

Ներարկումներ

Որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է առաջարկել, որ դեղորայքը կամ այլ նյութերն անմիջապես ներարկվեն ձեր հոդի մեջ: Օրինակները ներառում են հետևյալը:

  • Կորտիկոստերոիդներ. ձեր ծնկահոդի մեջ կորտիկոստերոիդային դեղամիջոցի ներարկումները կարող են օգնել նվազեցնելու հոդաբորբի (արթրիտի) սրացման ախտանիշները և ապահովելու ցավազրկում, որը կարող է տևել մի քանի ամիս: Այս ներարկումները ոչ բոլոր դեպքերում են արդյունավետ:
  • Հիալուրոնաթթու. հիալուրոնաթթուն, որը նման է այն հեղուկին, որը բնականում ներսից օծում է հոդերը, կարող է ներարկվել ձեր ծնկահոդի մեջ: Սա թույլ է տալիս բարելավել շարժունակությունը և թեթևացնել ցավը: Թեև այս բուժման արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները հակասական են, սակայն մեկ կամ մի շարք ներարկումներից ցավի մեղմացումը կարող է տևել մինչև վեց ամիս:
  • Արյան թիթեղիկներով (թրոմբոցիտներով) հարուստ պլազմա (ԹՀՊ). ԹՀՊ-ն պարունակում է բազմաթիվ տարբեր աճի գործոնների մեծ քանակներ, որոնք, ըստ երևույթին, նվազեցնում են բորբոքումը և նպաստում բուժմանը: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ԹՀՊ-ն կարող է օգտակար լինել օստեոարթրիտ ունեցող որոշ մարդկանց, սակայն ավելի շատ ուսումնասիրություններ են անհրաժեշտ:

Վիրահատություն

Եթե ​​ունեք վնասվածք, որը կարող է պահանջել վիրահատություն, սովորաբար վիրահատությունը շտապ չէ: Որոշում կայացնելուց առաջ հաշվի առեք ինչպես ոչ վիրաբուժական, այնպես էլ վիրաբուժական վերականգնման դրական և բացասական կողմերը՝ կապված ձեզ համար ամենակարևոր գործերի հետ: Եթե ​​որոշեք վիրահատվել, ձեր տարբերակները կարող են ներառել հետևյալը`

  • արթրոսկոպիկ վիրահատություն
  • ծնկի մասնակի փոխպատվաստման վիրահատություն
  • ծնկան ամբողջական փոխպատվաստում
  • օստեոտոմիա:

Խոսեք այս մեթոդների մասին ձեր բժշկի հետ:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024