Մարդիկ, ում մոտ ախտորոշվել է Լյուիի մարմնիկներով դեմենցիա, ունեն մտածողության ունակության աստիճանական անկում:
Նրանք նաև ունեն հետևյալ ախտորոշիչ չափորոշիչներից առնվազն երկուսը՝
- զգոնության և մտածողության գործառույթների փոփոխություններ
- կրկնվող տեսողական ցնորքներ
- պարկինսոնյան ախտանիշներ
- REM քնի վարքային խանգարում, որի դեպքում մարդիկ քնած ժամանակ կատարում են այն, ինչ տեսնում են իրենց երազաներում:
Մյուս ախտանշանները նպաստում են հիվանդության ախտորոշմանը: Օրինակներից է ինքնավար (ավտոնոմ) նյարդային համակարգի հետ կապված խնդիրների առկայությունը: Երբ դա առկա է, օրգանիզմը չի կարողանում կարգավորել արյան ճնշումը, սրտազարկի հաճախությունը, մարմնի ջերմաստիճանը և քրտնարտադրությունը:
Փսիխոզը բուժող դեղամիջոցների նկատմամբ զգայունությունը նույնպես նպաստում է ախտորոշմանը: Սա հատկապես ճիշտ է այնպիսի դեղամիջոցների համար, ինչպիսին է Հալոպերիդոլը (Հալդոլ): Հակափսիխոտիկ դեղամիջոցները չեն օգտագործվում Լյուիի մարմնիկներով դեմենցիա ունեցող մարդկանց համար, քանի որ կարող են վատթարացնել ախտանիշները:
Որևէ եզակի հետազոտություն չի կարող ախտորոշել Լյուիի մարմնիկներով դեմենցիան: Ախտորոշումը հիմնված է ձեր ախտանիշների և այլ վիճակների բառացման վրա: Ստորև հակիրճ ներկայացվում են առավել օգտակար հետազոտությունները:
Նյարդաբանական և ֆիզիկական քննություն
Ձեր բժիշկը կարող է ստուգել Պարկինսոնի հիվանդության, ինսուլտի, ուռուցքների կամ այլ առողջական վիճակների նշանները, որոնք կարող են ազդել գլխուղեղի և ֆիզիկական գործունեության վրա: Նյարդաբանական քննության թեստերը կարող են ստուգել՝
- ռեֆլեքսները
- ուժը
- քայլքը
- մկանային տոնուսը
- աչքի շարժումները
- հավասարակշռությունը
- հպման զգացողությունը:
Մտավոր ունակությունների գնահատում
Այս թեստի կրճատ տարբերակը, որը գնահատում է հիշողությունը և մտածողության հմտությունները, կարելի է անցկացվել 10 րոպեից պակաս ժամանակում: Թեստը սովորաբար չի տարբերակում Լյուիի մարմնիկների դեմենցիան Ալցհեյմերի հիվանդությունից, սակայն կարող է գնահատել ճանաչողական (կոգնիտիվ) խանգարման առկայությունը: Ավելի երկար՝ մի քանի ժամ տևող թեստերն օգնում են Լյուիի մարմնիկների դեմենցիայի հայտնաբերմանը:
Արյան թեստեր
Արյան թեստերը կարող են բացառել այն ֆիզիկական խնդիրները, որոնք կարող են ազդել գլխուղեղի գործունեության վրա, ինչպիսիք են վիտամին B12-ի պակասը կամ վահանաձև գեղձի անբավարարությունը (հիպոթիրեոզ):
Գլխուղեղի սքանավորում
Ձեր բժիշկը կարող է նշանակել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) կամ համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում՝ ինսուլտը կամ ներուղեղային արյունահոսությունը հայտնաբերելու կամ ուռուցքը բացառելու համար: Դեմենցիան ախտորոշվում է հիվանդության պատմության և ֆիզիկական քննության հիման վրա, սակայն պատկերային հետազոտությունները կարող են հնարավորություն տալ ենթադրելու դեմենցիայի որոշ տեսակների առկայության մասին, ինչպիսիք են Ալցհեյմերի կամ Լյուիի մարմնիկների դեմենցիան:
Եթե ախտորոշումը հստակ չէ կամ ախտանիշները բնորոշ չեն, ձեզ կարող են անհրաժեշտ լինել այլ պատկերային հետազոտություններ, այդ թվում՝
- գլխուղեղի ֆտորդեզօքսիգլյուկոզով պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ (ՊԷՏ) սքանավորում, որը գնահատում է գլխուղեղի գործունեությունը
- եզակի ֆոտոնային էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիա (SPECT) կամ ՊԷՏ, որոնք կարող են ցույց տալ գլխուղեղում դոֆամինի փոխադրողի կլանման նվազեցում և օգնել Լյուիի մարմնիկներով դեմենցիայի ախտորոշմանը:
Քնի գնահատում
Ձեզ կարող է անհրաժեշտ լինել քնի հետազոտություն, որը կոչվում է պոլիսոմնոգրաֆիա՝ REM քնի վարքային խանգարումը ստուգելու համար: Ձեզ նաև կարող է նշանակվել վեգետատիվ գործունեության թեստ՝ սրտի հաճախականության և արյան ճնշման անկայունության նշաններ գտնելու համար:
Սրտային հետազոտություններ
Որոշ երկրներում բժիշկները նաև կարող են նշանակել սրտի հետազոտություն, որը կոչվում է սրտամկանի սցինտիգրաֆիա: Սա ստուգում է արյան հոսքը դեպի սիրտ՝ Լյուիի մարմնիկներով դեմենցիայի նշաններ հայտնաբերելու համար: Այնուամենայնիվ, այս հետազոտությունը չի օգտագործվում Միացյալ Նահանգներում:
Նոր կենսամարկերներ
Լյուիի մարմնիկներով դեմենցիայի այլ ցուցանիշների հայտնաբերման ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են: Այս կենսամարկերները կարող են ի վերջո հնարավորություն ընձեռել հիվանդության վաղ ախտորոշման համար՝ մինչև ախտանիշների զարգացումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024