Բացի շատ հանգստանալուց, այս քայլերը կարող են օգնել մոնոնուկլեոզի ախտանիշների թեթևացմանը:
- Խմեք շատ ջուր և նոսրացված մրգահյութեր. հեղուկներն օգնում են թեթևացնելու ջերմությունը և կոկորդի ցավը և կանխելու ջրազրկումը:
- Ընդունեք սովորական ցավազրկող. անհրաժեշտության դեպքում օգտագործեք ցավազրկողներ, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն): Այս դեղերը չունեն հակավիրուսային հատկություն։ Օգտագործեք դրանք միայն ցավը կամ ջերմությունը թեթևացնելու համար: Զգույշ եղեք երեխաներին կամ դեռահասներին Ասպիրին տալիս: Չնայած Ասպիրինը հաստատված է 3 տարեկանից բարձր երեխաների օգտագործման համար, ջրծաղիկից կամ գրիպանման ախտանիշներից ապաքինվող երեխաները և դեռահասները երբեք չպետք է Ասպիրին ընդունեն: Դա պայմանավորված է նրանով, որ Ասպիրինը կապված է Ռեյի համախտանիշի հետ, որը նման երեխաների մոտ հազվադեպ, սակայն հավանական կյանքին սպառնացող վիճակ է:
- Ողողեք աղաջրով. դա արեք օրը մի քանի անգամ՝ կոկորդի ցավը թեթևացնելու համար։ Խառնեք 1/4 թեյի գդալ (1,5 գրամ) աղ 237 միլիլիտր գոլ ջրի մեջ:
Համբերեք՝ մինչև կվերադառնաք մարզումներին և այլ որոշ գործունեությանը
Մոնոնուկլեոզի գանգատների և ախտանիշների մեծ մասը մեղմանում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն կարող է տևել երկու-երեք ամիս, մինչև դուք լիարժեք նորմալ զգաք: Որքան շատ հանգստանաք, այնքան շուտ կվերականգնվեք։ Ձեր սովորական առօրյային շատ շուտ վերադառնալը կարող է մեծացնել կրկնությունների (ռեցիդիվների) ռիսկը:
Փայծաղի պատռման ռիսկից խուսափելու համար ձեր բժիշկը կարող է առաջարկել ձեզ սպասել մոտ մեկ ամիս, մինչև վերադառնաք եռանդուն գործունեությանը, ծանրությունը բարձրացնելուն կամ կոնտակտային մարզաձևերին: Փայծաղի պատռումը հանգեցնում է ծանր ներքին արյունահոսության և հանդիսանում է անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ:
Հարցրեք ձեր բժշկին այն մասին, թե երբ է ձեզ համար անվտանգ վերականգնել ձեր ակտիվության բնականոն մակարդակը: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ աստիճանական վարժանքների ծրագիր, որը կօգնի ձեզ վերականգնել ձեր ուժը վերականգնման ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024