Գրադարան
Վարակային մոնոնուկլեոզ. բուժում

1 րոպե
Մոնոնուկլեոզի համար որևէ առանձնահատուկ բուժում գոյություն չունի:
Հակաբիոտիկները չեն գործում վիրուսային վարակների դեմ, ինչպիսին հանդիսանում է մոնոնուկլեոզը: Բուժումը հիմնականում ներառում է ձեր մասին հոգ տանելը, ինչպես օրինակ՝ բավականաչափ հանգստանալը, առողջ սննդակարգը և շատ հեղուկներ խմելը: Ջերմությունը կամ կոկորդի ցավը բուժելու համար կարող եք ձեր բժշկի խորհրդով ընդունել սովորական ցավազրկողներ, օրինակ՝ Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն):
Հիվանդ մարդկանց մեծ մասի ինքնազգացողությունը սովորաբար բարելավվում է մեկ-երկու շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում հոգնածությունը և պարանոցային ավշային հանգույցների այտուցվածությունը կարող են ձգձգվել մի քանի շաբաթ ևս։ Հիվանդությունից լիարժեք վերականգնումը հազվադեպ տևում է մի քանի ամիս։
Սովորաբար մոնոնուկլեոզով հիվանդացած մարդու մոտ զարգանում է ողջ կյանքի ընթացքում շարունակվող անընկալունակություն (իմունիտետ)։
Դեղամիջոցներ
- Երկրորդային վարակների և այլ բարդությունների բուժում. ստրեպտոկոկային («ստրեպ») վարակը երբեմն ուղեկցում է մոնոնուկլեոզի առաջացրած կոկորդի ցավին: Ձեզ մոտ նաև կարող է զարգանալ հարքթային խոռոչների (սինուսային) վարակ կամ նշագեղձերի վարակ (տոնզիլիտ): Նման դեպքերում ձեզ կարող է անհրաժեշտ լինել հակաբիոտիկներով բուժում՝ ուղղված այս ուղեկցող բակտերիալ վարակների դեմ: Ձեր շնչուղիների խիստ նեղացումը կարող է բուժվել կորտիկոստերոիդներով:
- Որոշ դեղամիջոցներից ցանի առաջացման վտանգ. Ամոքսիցիլինը և այլ հակաբիոտիկները, ներառյալ Պենիցիլինի հիման վրա պատրաստված հակաբիոտիկները, խորհուրդ չեն տրվում մոնոնուկլեոզ ունեցող մարդկանց համար: Իրականում, մոնոնուկլեոզով հիվանդ որոշ մարդկանց մոտ, ովքեր ընդունում են այս դեղամիջոցներից մեկնումեկը, կարող են ցան առաջանալ: Ցանն անպայմանորեն չի նշանակում, որ այդ մարդիկ ալերգիկ են հակաբիոտիկի նկատմամբ: Անհրաժեշտության դեպքում, այլ հակաբիոտիկներ, որոնք ավելի քիչ հավանական է, որ ցան առաջացնեն, հասանելի են վարակների բուժման համար, որոնք կարող են ուղեկցել մոնոնուկլեոզին:
Հոդվածը տեղադրվել է՝ 22-06-2018 վերանայվել է՝ 21-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: