Խուճապի նոպա և խուճապի խանգարում. ախտանիշներ
24-06-2021
1 րոպե

Խուճապի կամ պանիկայի նոպաները տիպիկ դեպքերում սկսվում են հանկարծակի և առանց նախանշանների:
Դրանք կարող են ի հայտ գալ ցանկացած պահի՝ մեքենա վարելիս, խանութում գնումներ անելիս, խոր քնած ժամանակ կամ գործնական հանդիպման ընթացքում: Խուճապի նոպաները կարող են լինել հազվադեպ կամ հաճախակի:
Խուճապի նոպաներն ունեն բազմաթիվ տարբերակներ, սակայն ախտանիշները սովորաբար գագաթնակետին են հասնում րոպեների ընթացքում: Նոպայից հետո զարգանում է արտահայտված գերհոգնածություն և ուժերի սպառում։
Խուճապի նոպաները սովորաբար ներառում են հետևյալ գանգատներից կամ ախտանիշներից մի քանիսը՝
- մոտալուտ վտանգի կամ կործանման զգացողություն
- ինքնատիրապետման կորստի կամ մահվան վախ
- սրտխփոցով ուղեկցվող հաճախացած սրտազարկ (տախիկարդիա)
- քրտնարտադրություն
- դող կամ սարսուռ
- օդի պակաս, շնչարգելություն և հևոց կամ կոկորդում սեղմվածության և շնչահեղձության զգացում
- մարմնով սառը կամ տաք ներհոսներ
- սրտխառնոց
- որովայնային (ստամոքսի շրջանի) կծկանքներ
- ետկրծոսկրային ցավեր
- գլխացավ
- գլխապտույտ, ուշագնացության զգացում կամ ուշագնացություն
- ողջ մարմնով մեկ՝ ծածկոցներ և թմրածության զգացողություն
- անիրականության կամ շրջապատից «կտրվելու» զգացողություն (դեպերսոնալիզացիա):
Այս նշանները գերծանրաբեռնում են մարդու ուղեղն ու մտքերը՝ նրան դարձնելով ֆիզիկապես անկարող նոպայի ողջ ընթացքում։
Խուճապի նոպաների ամենավատ կողմերից մեկը խիստ վախն է, որ ապագայում նմանատիպ նոպաները կարող են կրկնվել: Խուճապի նոպա ունենալու վախը կարող է այնքան ուժեղ լինել, որ ստիպված լինեք խուսափելու խուճապ առաջացնող ենթադրյալ իրավիճակներից:
Ե՞րբ դիմել բժշկին
Խուճապի նոպայի ախտանիշներ ունենալիս հնարավորինս շուտ դիմեք բժշկական օգնության: Լինելով խիստ անհարմարավետություն ստեղծող, այս նոպաներն, այնուամենայնիվ, վտանգավոր չեն, սակայն ինքնուրույն դժվար են հաղթահարվում և առանց բուժման ախտանիշները կարող են խորանալ:
Ի լրումն, խուճապի նոպայի ախտանիշները կարող են նմանվել մեկ այլ լուրջ առողջական խնդիրին, օրինակ՝ սրտամկանի ինֆարկտին, ուստի կարևոր է, որ բժիշկը գնահատի տվյալ իրավիճակը, եթե համոզված չեք գանգատների ծագման մասին:
Հոդվածը վերանայվել է՝ 24-06-2021