Ձեր ընտանեկան բժիշկը կորոշի, թե արդյոք դուք ունեք խուճապի նոպա, խուճապային խանգարում կամ մեկ այլ հիվանդություն, օրինակ՝ սրտային կամ վահանաձև գեղձի խնդիրներ, որոնց ախտանիշները նմանվում են խուճապի նոպային:
Ախտորոշումը հստակեցնելու համար դուք կարող եք ունենալ հետևյալ հետազոտությունների կարիքը՝
- մանրակրկիտ ֆիզիկական քննություն (բուժզննում)
- արյան թեստեր, որ ստուգվի վահանաձև գեղձի խնդիրների կամ այլ հնարավոր հիվանդությունների առկայությունը
- էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) և այլ հետազոտություններ, որ ստուգվի սրտի գործունեությունը և հնարավոր խնդիրների առկայությունը
- հոգեբանական գնահատում, որ վերհանվեն և քննարկվեն առկա ախտանիշները, վախերը կամ անհանգստությունները, սթրեսային իրավիճակները, փոխհարաբերությունների խնդիրները, խուսափվող կամ մերժվող իրավիճակները և ընտանեկան անամնեզը:
Ձեր բժիշկը կարող է խնդրել, որ լրացնեք հոգեբանական ինքնագնահատման հարցաթերթիկ: Նա նաև կարող է հարցեր տալ ալկոհոլի և այլ հոգեներգործուն նյութերի օգտագործման կամ չարաշահման վերաբերյալ:
Խուճապային խանգարման ախտորոշիչ չափորոշիչները
Խուճապի նոպաներ ունեցող ոչ բոլոր մարդիկ ունեն խուճապային (պանիկ) խանգարում: Խուճապային խանգարում ախտորոշելու համար Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից հրապարակված Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում (DSM-5) սահմանված է երեք չափորոշիչ՝
- հաճախակի, հանկարծակի խուճապի նոպաների առկայություն
- խուճապի նոպաներից առնվազն մեկին մեկ ամսվա ընթացքում կամ ավելի երկար ժամանակահատվածում հետևել է մեկ այլ նոպա ունենալու վերաբերյալ անհանգստությունը, նոպայի հետևանքների, օրինակ՝ սրտամկանի ինֆարկտ ունենալու կամ խելագարվելու վերաբերյալ մշտական վախը կամ վարքաբանական զգալի փոփոխությունները, օրինակ՝ այնպիսի իրավիճակներից խուսափումը, որոնք, ենթադրվում է, որ կարող են խթանել խուճապային նոպայի դրսևորմանը
- խուճապային նոպաները չեն պատճառվում թմրամիջոցներով կամ այլ հոգեներգործուն նյութերով, որևէ հիվանդությամբ կամ մեկ այլ հոգեկան առողջության խնդրով, օրինակ՝ սոցիալական ֆոբիա կամ կպչուն-սևեռուն խանգարում:
Եթե ունեք խուճապի նոպաներ սակայն չեք համապատասխանում խուճապային խանգարման ախտորոշիչ չափորոշիչներին, միևնույն է, բուժումը կարող է օգտակար լինել: Բուժումից դուրս մնացած խուճապի նոպաները կարող են ժամանակի ընթացքում վատթարանալ և վերաճել խուճապային խանգարման կամ ֆոբիաների:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024