Բուժումը կարող է օգնել խուճապի նոպաների ուժգնության և հաճախականության նվազեցմանը և բարելավել առօրյա գործունեությունը:
Բուժման հիմնական տարբերակները հոգեթերապիան և դեղամիջոցներն են: Կախված հիվանդության պատմությունից, խուճապային խանգարման ծանրության աստիճանից և անձնական նախընտրությունից, ձեզ կարող են նշանակվել բուժման տարբերակներից մեկնումեկը կամ միաժամանակ երկուսը:
Հոգեթերապիա (փսիխոթերապիա)
Հոգեթերապիան, որը նաև անվանում են խոսքի թերապիա, համարվում է խուճապի նոպաների և խուճապային խանգարման բուժման առաջին ընտրության արդյունավետ միջոց: Այն կարող է օգնել հասկանալու խուճապի նոպաները և խուճապային խանգարումը և սովորելու, թե ինչպես դիմակայել դրանք:
Հոգեթերապիայի տեսակներից մեկը՝ կոգնիտիվ վարքաբանական թերապիան կարող է օգնել, որ սեփական փորձի վրա սովորեք, որ խուճապի նոպաները վտանգավոր չեն: Թերապևտը կարող է օգնել, որ անվտանգ և կրկնողական եղանակով աստիճանաբար վերապրեք խուճապի նոպայի ախտանիշները: Երբ խուճապի ֆիզիկական զգացողությունների վախեցնող ազդեցությունն այլևս թուլանում կամ ընկճվում է, նոպաները սկսում են մեղմանալ: Արդյունավետ բուժումը նաև կարող է օգնել, որ հաղթահարեք այն իրավիճակների հետ կապված վախերը, որոնցից նախկինում խուճապի նոպաների պատճառով խուսափել եք:
Բուժման արդյունքներին հասնելը կարող է պահանջել ժամանակ և ջանքեր: Խուճապի նոպաների ախտանիշները կարող են մեղմանալ մի քանի շաբաթվա ընթացքում, իսկ մի քանի ամսվա մեջ՝ զգալիորեն կրճատվել կամ վերանալ: Համոզվելու համար, որ հիվանդությունը մնում է լիարժեք վերահսկողության ներքո կամ կրկնությունները բուժելու համար, դուք կարող եք ժամանակ առ ժամանակ այցելել հոգեթերապևտին:
Դեղորայքային բուժում
Դեղամիջոցները կարող են օգնել խուճապի նոպայի հետ կապված անհանգստացնող ախտանիշների, ինչպես նաև և դեպրեսիայի մեղմացմանը: Բժիշկը կարող է առաջարկել տարբեր խմբերի դեղամիջոցներ, որոնց արդյունավետության վերաբերյալ կուտակվել են բավականաչափ տվյալներ:
- Սերոտոնինի ետզավթման ընտրողական արգելակիչներ կամ ինհիբիտորներ (ՍԵԸԱ). իրենցից հակադեպրեսանտներ ներկայացնող այդ դեղամիջոցները տիպիկ դեպքերում նշանակվում են որպես խուճապի նոպաների բուժման առաջին ընտրության միջոցներ: ԱՄՆ-ի Սննդի և դեղերի գործակալության (FDA) կողմից որպես խուճապային խանգարման բուժման միջոցներ հաստատվել են հետևյալ դեղամիջոցները՝ Ֆլուօքսետին (Պրոզակ), Պարօքսետին (Պաքսիլ, Պեքսեվա) և Սերտրալին (Զոլոֆտ):
- Սերոտոնինի և նորէպինեֆրինի ետզավթման արգելակիչներ կամ ինհիբիտորներ (ՍՆԵԱ). այս դեղամիջոցները հակադեպրեսանտների մեկ այլ խումբ են: Խուճապային խանգարման բուժման համար FDA-ի կողմից հաստատված է Վենլաֆաքսինը (Էֆֆեքսոր XR):
- Բենզոդիազեպիններ. տագնապամարիչ և հանգստացնող ազդեցության այս դեղերն ազդում են որպես կենտրոնական նյարդային համակարգն ընկճող նյութեր: Խուճապային խանգարման բուժման համար FDA-ի կողմից հաստատագրված բենզոդիազեպիններից են՝ Ալպրազոլամ (Քսանաքս) և Կլոնազեպամ (Կլոնոպին): Բենզոդիազեպիններն ընդհանուր առմամաբ նշանակվում են միայն կարճաժամկետ, քանի որ երկար օգտագործելիս կարող են առաջացնել հոգեկան կամ ֆիզիկական կախվածություն: Այս դեղամիջոցները սովորաբար չեն նշանակվում, եթե ունեք ալկոհոլի կամ թմրամիջոցների օգտագործման հետ կապված խնդիրներ: Բենզոդիազեպինները կարող են փոխազդել այդ դեղամիջոցների հետ՝ առաջացնելով վտանգավոր կողմնակի ազդեցություններ:
Եթե դեղամիջոցներից մեկնումեկն արդյունավետ չէ, բժիշկը կարող է առաջարկել մեկ այլ դեղամիջոց կամ տարբեր դեղամիջոցների զուգակցումներ: Նկատի ունեցեք, որ դեղորայքային բուժումը սկսելուց հետո պահանջվում է մի քանի շաբաթ՝ մինչև զգաք ախտանիշների բարելավում:
Բոլոր դեղամիջոցներն էլ ունեն կողմնակի ազդեցություններ, և դրանց մի մասը որոշակի իրավիճակներում, օրինակ՝ հղիության ընթացքում չի նշանակվում: Զրուցեք բժշկի հետ հնարավոր կողմնակի ազդեցությունների և ռիսկերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024