Գրադարան

Պեպտիկ խոց. ախտորոշում

Պեպտիկ խոց. ախտորոշում

Time Read 2 րոպե

Խոցը հայտնաբերելու համար ձեր բժիշկը նախ կուսումնասիրի ձեր հիվանդության պատմությունը և կանցկացնի արտաքին զննում:

Այնուհետև բժիշկը կարող է ձեզ առաջարկել որոշ ախտորոշիչ հետազոտություններ:

  • Helicobacter pylori-ի լաբորատոր թեստ. ձեր բժիշկը կարող է առաջարկել թեստեր՝ պարզելու, թե արդյոք ձեր օրգանիզմում կա հելիկոբակտերի պիլորի (H. pylori) բակտերիան: Նա կարող է ստուգել H. pylori–ով ձեր վարակված լինելը՝ օգտվելով արյան, կղանքի կամ շնչառության թեստերից: Շնչառության թեստը ամենաճշգրիտն է։ Շնչառության թեստի համար դուք խմում կամ ուտում եք ռադիոակտիվ ածխածին պարունակող ինչ–որ մի բան: H. pylori-ն քայքայում է այդ նյութը ձեր ստամոքսում: Ավելի ուշ դուք փչում եք տոպրակի մեջ, որը վերջում փակվում է: Եթե դուք վարակված եք H. pylori-ով, ձեր արտաշնչած օդի նմուշը կպարունակի ռադիոակտիվ ածխածին՝ ածխածնի երկօքսիդի (ածխաթթու գազի) տեսքով: Եթե դուք մինչև H. pylori-ի թեստը անտացիդ եք ընդունում, անպայման տեղեկացրեք ձեր բժշկին: Կախված նրանից, թե որ թեստն է օգտագործվում, գուցե պետք լինի որոշ ժամանակով դադարեցնել ձեր դեղերի ընդունումը, քանի որ անտացիդները կարող են հանգեցնել կեղծ բացասական արդյունքների:
  • Էնդոսկոպիա (գաստրոսկոպիա կամ գաստրոդուոդենոսկոպիա). ձեր վերին մարսողական համակարգը հետազոտելու համար բժիշկը կարող է օգտագործել էնդոսկոպ: Էնդոսկոպիայի ընթացքում բժիշկը ձեր ըմպանով դեպի կերակրափող, ստամոքս և բարակ աղի է ներմուծում ազատ ծայրին լուսավորող տեսախցիկ ունեցող բարակ ճկուն խողովակ: Էնդոսկոպի միջոցով դիտելով ու զննելով ձեր ստամոքսը կամ տասներկումատնյա աղին, ձեր բժիշկը փնտրում է խոցեր: Եթե բժիշկը հայտնաբերում է խոց, նույն էնդոսկոպով կարող է վերցնել լորձաթաղանթային հյուսվածքի փոքր նմուշ (բիոպսիա)՝ լաբորատոր հետազոտության համար: Բիոպսիան նաև կարող է պարզել, թե արդյոք ձեր ստամոքսի լորձաթաղանթում կա H. pylori: Ձեր բժիշկն ավելի հավանական է, որ խորհուրդ տա էնդոսկոպիա անցնել, եթե դուք ավելի մեծ եք, ունեք արյունահոսության նշաններ կամ վերջերս քաշի կորուստ եք ունեցել կամ դժվարացել եք ուտել և կուլ տալ: Եթե էնդոսկոպիան հայտնաբերում է ստամոքսի խոց, բուժումից հետո պետք է կատարվի կրկնակի էնդոսկոպիա՝ համոզվելու, որ այն ապաքինվել է, նույնիսկ եթե ձեր ախտանիշները բարելավվեն:
  • Վերին ստամոքսաղիքային խողովակի ռենտգեն-սերիաներ. երբեմն բժիշկը կարող է առաջարկել «բարիում կուլ տալու» հետազոտություն, երբ հաջորդական ռենտգեն նկարահանումներով ստացվում են կերակրափողի, ստամոքսի և բարակ աղու պատկերները: Բարիումը ծածկում է ձեր մարսողական խողովակը և խոցը դարձնում ավելի տեսանելի:

Հոդվածը տեղադրվել է՝ 06-06-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով