Թոքաբորբի բուժումը ներառում է վարակի բուժում և բարդությունների կանխարգելում:
Մարդիկ, ովքեր ունեն արտահիվանդանոցային թոքաբորբ, սովորաբար կարող են բուժվել տանը: Նման դեպքերում ընտանեկան բժիշկը նշանակում է որոշ դեղամիջոցներ: Թեև մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում ախտանիշների մեծ մասը թեթևանում է, հոգնածության զգացումը կարող է պահպանվել մեկ ամիս կամ ավելի:
Բուժման կոնկրետ մեթոդները կախված են թոքաբորբի տեսակից և ծանրության աստիճանից, ձեր տարիքից և ընդհանուր առողջական վիճակից: Բուժման տարբերակներն ամփոփ ներկայացված են ստորև:
- Հակաբիոտիկներ. այս դեղամիջոցներն օգտագործվում են բակտերիալ թոքաբորբի բուժման համար։ Կարող է ժամանակ պահանջվել՝ որոշելու թոքաբորբն առաջացնող բակտերիաների տեսակը և ընտրելու դրա բուժման լավագույն հակաբիոտիկը: Եթե ձեր ախտանիշները չեն բարելավվում, բժիշկը կարող է առաջարկել մեկ այլ հակաբիոտիկ: Վիրուսային թոքաբորբերի դեպքում հակաբիոտիկները դառնում են անօգուտ:
- Հազի դեմ դեղամիջոց. հակահազային դեղամիջոց կարող է նշանակվել սաստիկ կամ մշտապես անհանգստացնող հազը մեղմացնելու համար, որ կարողանաք հանգստանալ: Հազը նպաստում է հեղուկի (խորխի) թուլացմանը և թոքերից հեռացմանը, ուստի ավելի լավ է, որ հազն ամբողջությամբ չճնշվի: Բացի այդ, դուք պետք է իմանաք, որ շատ քիչ հետազոտություններ են անդրադարձել այն հարցին, թե արդյոք հազի դեմ դեղամիջոցները նվազեցնում են թոքաբորբի հետևանքով առաջացած հազը: Եթե ցանկանում եք փորձել հազը ճնշող որևէ դեղամիջոց, օգտագործեք ամենացածր դեղաչափը, որն օգնում է ձեզ հանգստանալ:
- Ջերմիջոցնողներ կամ ցավազրկողներ. դուք կարող եք դրանք ընդունել ըստ անհրաժեշտության՝ բարձր ջերմության և դիսկոմֆորտի դեպքում: Դրանք բոլորին հայտնի են՝ Ասպիրին, Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն):
Հիվանդանոցային բուժում
Ձեզ կարող է անհրաժեշտ լինել հիվանդանոցային բուժում, եթե՝
- 65 տարեկանից մեծ եք
- շփոթված եք ժամանակի, մարդկանց կամ վայրերի հարցում
- ձեր երիկամների գործունեությունը նվազել է
- ձեր սիստոլիկ արյան ճնշումը 90 մմ ս.ս.-ից ցածր է կամ դիաստոլիկ ճնշումը 60 մմ ս.ս. կամ ավելի ցածր է
- ձեր շնչառությունը արագ է (րոպեում 30 կամ ավելի շնչառություն)
- ձեզ անհրաժեշտ է շնչառության օժանդակություն
- ձեր ջերմաստիճանը նորմայից ցածր է
- ձեր սրտի հաճախությունը 50-ից ցածր կամ 100-ից բարձր է:
Ձեզ կարող են ընդունել անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, եթե կա շնչառական սարք օգտագործելու անհրաժեշտություն կամ ձեր ախտանիշները գերծանր են:
Երեխաները կարող են հոսպիտալացվել, եթե նրանք՝
- 2 ամսականից փոքր են
- շշմած են կամ չափազանց քնկոտ
- ունեն շնչառության հետ կապված խնդիրներ
- ունեն արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ
- ունեն ջրազրկման նշաններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 01-06-2024