Պնևմոթորաքս
Պնևմոթորաքսը առողջական խնդիր է, որը բնորոշվում է թոքամզի (պլևրա) առպատային և ընդերային թերթիկների միջև օդի կամ գազի կուտակումով։
Ի՞նչ է պնևմոթորաքսը
Պնևմոթորաքսը բժշկական տերմին է, որը հայտնի է նաև որպես «թոքի կոլապս»: Սա բավականին հաճախ հանդիպող վիճակ է, որն ունի բազմաթիվ տարբեր պատճառներ:
Պնևմոթորաքսն առաջանում է, երբ օդը թոքից դուրս է մղվում դեպի թոքի և կրծքավանդակի միջև ընկած տարածություն: Ներթափանցած օդը միմյանցից հեռացնում է թոքամզի (պլևրա) առպատային և ընդերային թերթիկները, որի հետևանքով միջթոքամզային (պլևրալ) ճեղքը վերածվում է օդով լցված խոռոչի։ Այստեղ հայտնված օդը ճնշում-սեղմում է թոքը՝ առաջացնելով այսպես կոչված «թոքի կոլապս» (թոքի անկում): Դեպքերի մեծ մասում կոլապսի է ենթարկվում միայն թոքի մի մասը, թեև երբեմն կարող է ախտահարված կողմում շնչառությունը վերանալ։
Պնևմոթորաքսի ախտանիշները
Պնևմոթորաքսի ամենատարածված ախտանիշը կրծքավանդակի մի կեսում հանկարծակի առաջացող և դաշույնի հարվածին նմանվող սուր ցավն է, որը սաստկանում է ներշնչելիս:
Պնևմոթորքսի ժամանակ դուք նաև կարող եք գանգատվել շնչառության հետ կապված խնդիրներից, այդ թվում՝ հևոցի բերող սուր շնչարգելությունից: Ծանր շնչարգելությունն ուղեկցվում է թթվածնաքաղցի (հիպօքսիա) նշաններով:
Եթե կարծում եք, որ ունեք պնևմոթորաքս կամ որևէ այլ իրավիճակում, երբ ունեք կրծքավանդակի շրջանի հանկարծակի սուր ցավ և (կամ) շնչարգելություն, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Պնևմոթորքասի տեսակները
Բժիշկները տարբերում են պնևմոթորաքսի 4 հիմնական տեսակներ:
- Առաջնային ինքնաբուխ (սպոնտան) պնևմոթորաքսն ամենահաճախ հանդիպող տեսակն է, որը զարգանում է առողջ համարվող մարդկանց մոտ առանց որևէ պատճառի: Կարծիք կա, որ պնևմոթորաքսի այս տեսակը զարգանում է թոքի արտաքին պատի միկրոպատռվածքի պատճառով: Առաջնային ինքնաբուխ պնևմոթորաքսն ավելի հաճախ ի հայտ է գալիս բարձրահասակ անձանց շրջանում, ովքեր չունեն որևէ թոքային հիվանդություն:
- Երկրորդային ինքնաբուխ (սպոնտան) պնևմոթորաքսը զարգանում է որպես առկա թոքային հիվանդության բարդություն՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ), թոքաբորբ (պնևմոնիա), տուբերկուլոզ կամ կիստոզ ֆիբրոզ (մուկովիսցեդոզ): Ախտահարված թոքի պատը հյուծվում է և դառնում պատռվելու նկատմամբ ավելի խոցելի, իսկ պատռվելիս օդն արտահոսում է թոքից դեպի պլևրալ խոռոչ:
- Տրավմատիկ պնևմոթորաքսը պատճառվում է տրավմաներից՝ դժբախտ պատահարներ, ավտովթարներ, կողերի կոտրվածք, սառը զենքով կամ հրազենային վերքեր և այլն:
- Լատրոգեն (յաթրոգեն) պնևմոթորաքս, որն առաջանում է բժշկական ախտորոշիչ կամ բուժական միջամտության պատճառով, օրինակ՝ թոքերի արհեստական գազափոխանակության (ռուսերեն՝ ИВЛ) ժամանակ, երբ ապարատը թոքեր է մղում օդի կամ թթվածնի չափից դուրս մեծ ճնշմամբ գազային հոսք:
- Լարման (տենզիոն) պնևմոթորաքս, երբ թոքերի շուրջ կուտակված զգալիորեն ճնշում և խաթարում է սրտի և թոքերի գործունեությունը: Լարման պնևմոթորաքսը համարվում է անհետաձգելի բուժօգնություն պահանջող ծանր վիճակ:
Պնևմոթորքսի ախտորոշումը
Բժիշկը կարող է ստետոսկոպով ախտահարված կողմում գրանցել թուլացած շնչառություն: Ախտորոշումը հաստատվում է կրծքավանդակի ռենտգեն պատկերմամբ, թեև որոշ դեպքերում կարող է առաջանալ գերձայնային հետազոտության (սոնոգրաֆիա) կամ համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) անհրաժեշտություն:
Պնևմոթորքսի բուժումը
Բուժումը կախված է պնևմոթորաքսի տեսակից և գանգատներից, այլ ոչ թե միայն պնևմոթորաքսի (կուտակված օդի) չափսից:
Եթե որևէ գանգատ չունեք, իսկ պնևմոթորաքսը փոքր է, կուտակված օդը կարող է ինքնուրույն անհետանալ: Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել կրկնակի ռենտգեն հետազոտություն, որպեսզի ստուգի պնևմոթորաքսի փոքրանալը: Ցավերի դեպքում ձեզ կարող են նշանակել սովորական ցավազրկող դեղեր:
Եթե ձեզ մոտ առկա է անհանգստացնող շնչարգելություն, ապա բուժումը պետք է ուղղվի կուտակված օդի հեռացմանը: Սա կոչվում է «ասպիրացիա» և իրականացվում է մաշկի և ենթամաշկի փափուկ հյուսվածքների տեղային անզգայացումից հետո կրծքավանդակի խոռոչ (ավելի ճիշտ՝ պլևրալ խոռոչ) բարակ խողովակ ներմուծելով:
Այնուհետև մեծ ներարկիչով խողովակով արտաքաշվում է պլևրալ խոռոչում կուտակված օդը: Այս գործողությունը կարող է կրկնվել՝ մինչև պնևմոթորաքսը վերանա:
Բուժումը ներառում է բարակ ասեղի կրծքավանդակի պատով դեպի պլևրալ խոռոչ ներմուծումը, որից հետո մեծ ներարկիչով այստեղ կուտակված օդը դուրս քաշելը:
Եթե դուք ունեք պնևմոթորաքս, ապա խորհրդակցեք ձեր բժշկի հետ մինչև ինքնաթիռով ուղևորվելը: Հիշեք, որ դայվինգը ձեզ խստիվ արգելվում է, նույնիսկ եթե անցյալում եք ունեցել պնևմոթորաքս:
Պնևմոթորաքսի կանխարգելումը
Եթե դուք անցյակում ունեցել եք ինքնաբուխ պնևմոթորաքս (առաջնային կամ երկրորդային), ապա դուք գուցե ունենաք համապատասխան բուժման կարիք, որպեսզի ապագայում այն չկրկնվի: Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ:
Ծխախոտից հրաժարվելը կարող է նվազեցնել պնևմոթորաքսի ռիսկը:
Հոդվածը վերանայվել է՝ 16-02-2021