Պնևմոթորաքսի բուժման նպատակն է թուլացնել ճնշումը ձեր թոքերի վրա՝ թույլ տալով, որ այն նորից ընդլայնվի:
Կախված պնևմոթորաքսի պատճառներից, երկրորդ նպատակը կարող է լինել կրկնությունների կանխարգելումը: Այս նպատակներին հասնելու մեթոդները կախված են թոքերի թորշոմվածության՝ կոլապսի ծանրության աստիճանից և երբեմն ձեր ընդհանուր առողջական վիճակից:
Բուժման տարբերակները կարող են ներառել դիտարկումը, ասեղային ձգումը (ասպիրացիան), կրծքավանդակի խողովակի տեղադրումը, ոչ վիրահատական վերականգնումը կամ վիրահատությունը: Դուք կարող եք ստանալ լրացուցիչ թթվածնային թերապիա՝ արագացնելու օդի ետներծծումը և թոքերի ընդարձակումը:
Դիտարկում (օբսերվացիա)
Եթե ձեր թոքերի միայն մի փոքր մասն է կոլապսի ենթարկվել, ձեր բժիշկը կարող է պարզապես վերահսկել ձեր վիճակը կրծքավանդակի մի շարք ռենտգենյան հետազոտություններով՝ մինչև ավելորդ օդը ամբողջությամբ ներծծվի և ձեր թոքերը նորից ընդլայնվեն: Սա կարող է տևել մի քանի շաբաթ:
Ասեղային ասպիրացիա կամ կրծքավանդակի խողովակի տեղադրում
Եթե կոլապսի է ենթարկվել թոքի ավելի մեծ շրջան, հավանական է, որ օգտագործվի ասեղ կամ կրծքավանդակի խողովակ՝ ավելորդ օդը հեռացնելու համար:
- Ասեղային ձգում (ասպիրացիա). սնամեջ ասեղը փոքր ճկուն խողովակով (կաթետեր) տեղադրվում է կողերի միջև օդով լցված տարածության մեջ, որը ճնշում է թորշոմած թոքերի վրա: Այնուհետ բժիշկը հեռացնում է ասեղը, ներարկիչ է կցում կաթետերին և ձգելով դուրս է հանում ավելորդ օդը։ Բժիշկը կարող է կաթետրը մի քանի ժամ թողնել՝ համոզվելու համար, որ թոքերը նորից ընդլայնվում են, և պնևմոթորաքսը չի կրկնվում:
- Կրծքավանդակի խողովակի տեղադրում (թորակոցենտեզ և դրենավորում). կրծքավանդակային ճկուն խողովակը (դրենաժ) տեղադրվում է օդով լցված տարածության մեջ և կարող է կցվել միակողմանի փականով սարքին, որն անընդհատ օդը հեռացնում է կրծքավանդակի խոռոչից՝ մինչև ձեր թոքերը նորից ընդարձակվեն և ապաքինվեն:
Ոչ վիրաբուժական վերականգնում
Եթե կրծքավանդակի խողովակը չի կարողանում ընդլայնել ձեր թոքերը, օդի արտահոսքը փակելու ոչ վիրահատական տարբերակները կարող են ներառել հետևյալը:
- Օգտագործելով նյութ, որը գրգռում է թոքերի շուրջ հյուսվածքները, որ դրանք կպչեն միմյանց և փակեն արտահոսքը: Դա կարելի է անել կրծքավանդակի խողովակի (դրենաժի) միջոցով կամ վիրահատության ժամանակ:
- Ձեր ձեռքից որոշ քանակի արյան դուրս հանում և ներմուծում կրծքավանդակի խողովակի մեջ: Արյունը թոքերի վրա ստեղծում է ֆիբրինային շերտ՝ փակելով օդի արտահոսքը::
- Բարակ խողովակով (բրոնխոսկոպ) անցնելով ձեր կոկորդով դեպի ձեր թոքեր՝ դիտելու ձեր թոքերը և բրոնխները ներսից և տեղադրելու միակողմանի փական: Փականը թույլ է տալիս, որ թոքերը նորից ընդլայնվեն, իսկ օդի արտահոսքը բուժվի:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024