Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ (ՊԿՁՀ) ախտորոշման որևէ հատուկ հետազոտություն գոյություն չունի:
Ձեր բժիշկը հավանաբար կսկսի հիվանդության պատմության քննարկումից, այդ թվում հետաքրքրվելով ձեր դաշտանային ցիկլերով և մարմնի քաշի փոփոխություններով: Ֆիզիկական քննությունը կամ արտաքին զննումը կարող է ներառել մազերի ավելցուկային աճի, ինսուլինային կայունության և ակնեի (պզուկ) նշանների ստուգումը:
Այնուհետև ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ հետազոտությունները:
- Գինեկոլոգիական զննում (ներզննում). սա ներառում է վերարտադրողական օրգանների տեսողական և մատնային հետազոտությունը՝ ստուգելու հնարավոր գոյացությունների, գերաճի կամ այլ փոփոխությունների առկայությունը:
- Արյան թեստեր. արյան թեստերը կարող են չափել հորմոնների մակարդակները: Այս թեստը կարող է օգնել ՊԿՁՀ-ին նմանվող դաշտանային շեղումների կամ անդրոգենային ավելցուկի այլ պատճառների ժխտմանը: Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել գլյուկոզի տոլերանտության, ինչպես նաև քաղցած վիճակում խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակների ստուգման թեստեր:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). սոնոգրաֆիան ձեր բժշկին հնարավորություն է տալիս ստուգելու ձվարանների արտաքին տեսքը և արգանդի լորձաթաղանթի հաստությունը: Սովորաբար առաջարկվում է տրանսվագինալ սոնոգրաֆիա, երբ բարակ ձողանման տվիչը կամ տրանսդյուսերը (датчик) տեղադրվում է հեշտոցի մեջ: Տվիչը ուղարկում և ընդունում է ձայնային ալիքներ, որոնց օգնությամբ համակարգչի էկրանին արտածվում են վերարտադրողական օրգանների ռեալ ժամանակի մեջ սոնոգրաֆիկ պատկերները:
Եթե ՊԿՁՀ-ի ախտորոշումը հաստատվում է, բժիշկը կարող է առաջարկել լրացուցիչ հետազոտություններ՝ ստուգելու հնարավոր բարդությունների առկայությունը: Դրանցից են՝
- արյան ճնշման, գլյուկոզի տոլերանտության, խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակների պարբերաբար ստուգում
- դեպրեսիայի և տագնապի սքրինինգ
- օբստրուկտիվ քնի ապնոէի սքրինինգ:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-07-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024