Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի (ՊԿՓՀ) բուժումը կենտրոնանում է անհատական անհանգստությունների մեղմացման վրա, ինչպիսիք են՝ անպտղություն, հիրսուտիզմ, ակնե կամ գիրություն։
Հատուկ բուժումը կարող է ներառել կենսակերպի փոփոխությունները կամ դեղամիջոցները։
Ապրելակերպի փոփոխություններ
Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ազատվեք ավելորդ քաշից` ցածր կալորիականության սննդակարգը զուգակցելով չափավոր բեռնվածության վարժանքների հետ: Նույնիսկ քաշի չափավոր կրճատումը (օրինակ՝ քաշի 5%-ի չափով) կարող է բարելավել հիվանդության ընթացքը: Քաշի նվազեցումը նաև կարող է բարձրացնել բժշկի նշանակած դեղամիջոցների արդյունավետությունը և օգնել անպտղության բուժմանը:
Դեղորայքային բուժում
Դաշտանային ցիկլը կարգավորելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ դեղամիջոցները:
- Համակցված հակաբեղմնավորիչ հաբեր. էստրոգեն և պրոգեստին պարունակող բերանային (օրալ) հաբերը կրճատում են անդրոգենի արտադրությունը և կարգավորում էստրոգենը: Ձեր հորմոնների կարգավորումը կարող է նվազեցնել արգանդի լորձաթաղանթի (էնդոմետրիալ) քաղցկեղի ռիսկը և շտկել անկանոն դաշտանային արյունահոսությունը, մազերի ավելցուկային աճը և ակնեն (պզուկները):
- Պրոգեստինային բուժում. ամեն 1-2 ամիսը մեկ 10-ից 14 օր Պրոգեստին ընդունելը կարող է կարգավորել ձեր դաշտանները և պաշտպանել էնդոմետրիալ քաղցկեղից: Այս պրոգեստինային թերապիան չի բարելավում անդրոգենների մակարդակը և չի կանխում հղիությունը: Միայն Պրոգեստին պարունակող մինի-հաբը կամ Պրոգեստին պարունակող ներարգանդային միջոցն ավելի լավ ընտրություն է, եթե դուք նաև ցանկանում եք խուսափել հղիությունից:
Ձվազատումը (օվուլյացիա) խթանելու համար, որի կարողանաք հղիանալ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ դեղամիջոցները:
- Կլոմիֆեն. սա բերանային (օրալ) հակաէստրոգենային դեղամիջոց է, որն օգտագործվում է դաշտանային ցիկլի առաջին մասի ընթացքում:
- Լետրոզոլ (Ֆեմարա). սա կրծքագեղձի քաղցկեղի բուժման դեղամիջոց է, որը նաև կարող է խթանել ձվարանների գործունեությունը:
- Մետֆորմին. Մետֆորմինը 2-րդ տիպի դիաբետի բուժման բերանային (օրալ) դեղամիջոց է, որը բարելավում է ինսուլինակայունությունը և նվազեցնում վերջինիս մակարդակները: Եթե Կլոմիֆենի օգտագործումը կանխարգելում է հղիությունը, բժիշկը կարող է առաջարկել, որ Կլոմիֆենին ավելացնեք Մետֆորմին։ Եթե ունեք նախադիաբետ, Մետֆորմինը նաև կարող է դանդաղեցնել 2-րդ տիպի դիաբետի զարգացումը և օգնել ձեր քաշի նվազեցմանը:
- Գոնադոտրոպիններ. սրանք ներարկումների ձևով նշանակվող հորմոնային դեղամիջոցներ են:
Անհրաժեշտության դեպքում խոսեք ձեր բժշկի հետ այն միջամտությունների մասին, որոնք կարող են օգնել ձեր հղիացմանը: Օրինակ, արտամարմնային բեղմնավորումը կարող է տարբերակ լինել:
Մազերի ավելորդ աճը նվազեցնելու կամ ակնեն (պզուկները) բարելավելու համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ տաл հետևյալ միջոցները:
- Հղիության հսկման հաբեր. բերանային (օրալ) հակաբեղմնավորիչները կարող են կրճատել մազերի ավելցուկային աճ առաջացնող անդրոգենի արտադրությունը:
- Սպիրոնոլակտոն (Ալդակտոն). այս դեղամիջոցն արգելափակում է մաշկի վրա անդրոգենի ազդեցությունները: Սպիրոնոլակտոնը կարող է առաջացնել բնածին արատներ, ուստի դեղամիջոցի օգտագործումը պահանջում է հղիության արդյունավետ կանխարգելում: Սպիրոնոլակտոնի օգտագործումը խորհուրդ չի տրվում, եթե հղի եք կամ ցանկանում եք հղիանալ:
- Էֆլորնիթին (Վանիքա). այս նրբաքսուքը (կրեմ) կարող է դանդաղեցնել կանանց մոտ դեմքի մազակալումը:
- Մազահեռացում. էլեկտրոլիզը և լազերային մազահեռացումը ավելցուկային մազերի հեռացման երկու տարբերակ են: Էլեկտրոլիզը օգտագործում է մի փոքրիկ ասեղ, որը տեղադրվում է յուրաքանչյուր մազի ֆոլիկուլի մեջ: Ասեղն ուղարկում է էլեկտրական հոսանքի իմպուլս: Հոսանքը վնասում է, իսկ հետո քայքայում ֆոլիկուլը։ Լազերային էպիլյացիան բժշկական միջամտություն է, որն օգտագործում է լույսի կենտրոնացված ճառագայթ՝ անցանկալի մազերի հեռացման համար: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել էլեկտրոլիզի կամ լազերային էպիլյացիայի մի քանի բուժում: Սափրվելը, պոկելը կամ անցանկալի մազերը լուծող քսուքների օգտագործումը կարող են լինել այլ տարբերակներ: Սակայն դրանք ժամանակավոր են, և մազերը կարող են խտանալ, երբ նորից աճեն:
- Ակնեի բուժում. դեղորայքը, ներառյալ հաբերը և տեղային նրբաքսուքները կամ գելերը, կարող են օգնել բարելավելու պզուկները: Խոսեք ձեր բժշկի հետ տարբերակների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024