Skip to main content

Ձեր երեխան արդեն հետևում է անթուն մնալու և քնելու օրակարգին, և հաճախ նրա օրվա այս ռեժիմը տարբերվում է ձերինից:​

Ձեր երեխան

Ձեր երեխայի շարժումները դառնում են ավելի աշխույժ: Նա կարող է պատասխանել ձեր որովայնին հպմանը և արտաքին ձայներին: Հանկարծակի ուժեղ ձայնից ձեր չծնված երեխան կարող է «վեր թռնել» կամ հարվածել արգանդի պատին:

Երեխան կանոնավոր կերպով միզում է պտղաջրերի մեջ: Երբեմն նա կարող է նաև քիչ կղկղել, և դուք կարող եք զգալ այդ պահը, երբ երեխան ուժեղ կծկվում է:

Ձեր երեխայի կոպերն առաջին անգամ բացվում են, և շուտով նա կսկսի աչքերը թարթել: Այս փուլում երեխայի աչքերը գրեթե միշտ կապույտ կամ մուգ կապույտ են, թեև որոշ երեխաներ կարող են ծվնել շագնակագույն աչքերով: Սովորաբար երեխայի աչքերը վերջնական գունավորում են ստանում ծնվելուց մի քանի շաբաթ անց:

Այս շրջանում ձեր երեխայի սրտի բաբախման ռիթմը նվազում է մինչև րոպեում 140 զարկ: Այն դեռևս զգալիորեն ավելի հաճախակի է բաբախում, քան ձեր սեփական սիրտը:

Երեխայի գլխուղեղը, թոքերն ու մարսողական համակարգը ձևավորված են, սակայն լիարժեք հասունացած չեն: Դրանք իրենց վերջնական զարգացման փուլերը կանցնեն հղիության մնացած շաբաթների ընթացքում:

28 շաբաթական հասակում ձեր երեխան ունի արդեն 1 կիլոգրամ քաշ և գրեթե լիարժեք զարգացած է: Նրա սրտի բաբախումը կարող է լսվել ձեր որովայնի պատին հպած ստետոսկոպով: Երեխայի սրտի բաբախումը կարող է լսել նույնիսկ ձեր զուգընկերը, եթե ականջը հպի ձեր որովայնին, թեև լսման ճիշտ տեղը գտնելը դժվար է:

Ձեր երեխան շարունակում է ավելի ու ավելի մեծ քաշ հավաքել, և նրա մաշկի տակ սկսում է ավելանալ ենթամաշկային ճարպաբջջանք:

Դուք

Ձեզ մոտ կարող է ի հայտ գալ մարսողության խանգարում կամ այրոցք, որը կդժվարացնի մեծ կերակուր ընդունելը, քանի որ աճող երեխայի մարմինը սկսում է ճնշել ստամոքսը: Դուք կարող եք նաև զգալ, որ ավելի հաճախ եք զգում ընդհանուր թուլություն կամ ավելի շուտ եք հոգնում:

Դուք կարող եք բաև նկատել ձեր դեմքի, ոտքերի կամ ձեռքերի որոշակի այտուցվածություն: Նման վիճակ կարող է զարգանալ ձեր օրգանիզմում ջրի պահպանման պատճառով, որը նորմալ երևույթ է (փորձեք ավելի շատ հանգստանալ ոտքերի բարձրացրած դիրքով): Ուշադրություն դարձրեք, որ այտուցների մասին ժամանակին տեղեկացնեք բժշկին և հետևեք ձեր արյան ճնշմանը, որ բացառվի այտուցները վատթարացնող լուրջ հիվանդության՝ պրեէկլամպսիայի առկայությունը:

Խորհուրդ է տրվում, որ բոլոր կանայք իրենց յուրաքանչյուր հղիության ընթացքում ստանան կապույտ հազի դեմ պատվաստանյութ: Այն սովորաբար տրվում է 28 շաբաթական հղիության ընթացքում, սակայն կարող է նաև նշանակվել 20-32 շաբաթական հղիության ցանկացած ժամկետում: Վաղաժամ ծննդաբերության բարձր ռիսկով կանայք կապույտ հազի դեմ պատվաստում պետք է ստանան ավելի շուտ՝ մոտ 20 շաբաթականում:

Պատվաստումը ձեր երեխային կապույտ հազից պաշտպանելու լավագույն տարբերակն է: Երբ դուք պատվաստվում եք, ձեր հակամարմիններն անցնում են ձեր աճող երեխային, և նա այս հիվանդությունից պաշտպանված է լինում ծնվելուց հետո իր այն տարիքում, երբ պատվաստումը վտանգավոր է: Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ:

Նույն կերպ, կանանց յուրաքանչյուր հղիության ընթացքում խորհուրդ է տրվում նաև ստանալ գրիպի դեմ պատվաստում: Վերջինս կարող է տրվել հղիության ցանկացած փուլում:

Հարցեր, որոնց շուրջ արժի խորհել

  • Մայրական արձակուրդ. եթե դուք աշխատող եք և աշխատավայրից վերցնում եք հղիության և ծննդաբերության արձակուրդ, ապա նախապես տեղեկացրեք այդ մասին ձեր գործատուին, թե երբ եք պատրաստվում ծննդաբերել և երբվանից եք բացակայելու: Մտածեք նաև այն մասին, թե որտեղ և ինչպես եք անցկացնելու ձեր մայրական արձակուրդը:
  • Սկսեք կազմել ձեր ծննդաբերության պլանը. մտածեք այն մասին, թե որտեղ եք նախընտրում ծննդաբերել, ինչպիսի ցավազրկում կցանկանայիք և այլ հարակից հարցեր:

Հղիության ընթացքում որոշ անհանգստացնող նշաններ

  • Բարձր արյան ճնշում կամ պրեէկլամպսիա. բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) և մեզում սպիտակուցի հայտնվելը կարող են լինել պրեէկլամպսիայի նշաններ: Բուժումից դուրս մնալու դեպքում պրեէկլամպսիան կարող է վերածվել կյանքին սպառնացող վիճակի:
  • Ուժեղ քոր. ուժեղ մաշկային քորը կարող է հանդիսանալ հազվադեպ զարգացող լյարդի հիվանդության նշան, որը կոչվում է մանկաբարձական խոլեսթազ (լեղու կանգ):
  • Դիաբետ. գեստացիոն դիաբետը կարող է վնաս պատճառել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխային: Այն կարող է ի հայտ գալ որպես ուժգնացած ծարավի զգացում և սովորականից շատացած միզարձակում:
  • Դեպրեսիա. դուք կարող եք ընկճված զգալ, երբ կորցնում եք կյանքի նկատմամբ հետաքրքրությունը և հաճույքը: Նման վիճակ կարող է զարգանալ ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ, ավելի հաճախ՝ ծննդաբերությունից հետո:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024