Հղիության առաջին եռամսյակի 9-12 շաբաթականներն այն շրջան է, երբ սաղմից պտղի փուլ աճած ձեր երեխայի մոտ սկսում է հիմնական օրգան-համակարգերի տարբերակված զարգացումը:
Ձեր երեխան
9-րդ շաբաթ
Պտղի դեմքը սկսում է դանդաղորեն ձևավորվել: Նրա աչքերն ավելի մեծ են և ցայտուն, արդեն պարունակում են որոշակի գունանյութ (պիգմենտ)։ Արդեն ձևավորվել են բերանը և լեզուն՝ համի մանրագույն ընկալիչներով: Զարգանում են ձեռքերը և ոտքերը, և առկա ծալքերը կանխորոշում են, թե որտեղ են լինելու մատները, թեև դրանք դեռևս առանձնացված չեն: Գլխավոր ներքին օրգանները (օրինակ՝ սիրտ, գլխուղեղ, թոքեր, երիկամներ և մարսողական խողովակ) շարունակում են զարգանալ:
Հղիության 9-րդ շաբաթվա մեջ պտուղն արդեն ունի 22 մմ երկարություն՝ սկսած գլխից մինչև պոչուկը և մինչև 10 գրամ կշիռ:
10-րդ շաբաթ
Պտղի գլխի երկու կողմերում սկսում են զարգանալ ականջախեցիները, իսկ գլխի ներսում սկսում են ձևավորվել լսողական ուղիները: Արդեն ձևավորված է վերին շրթունքը և փոքրիկ քիթը՝ իր երկու անցքներով: Ծնոտի ոսկրերը զարգանում են և արդեն պարունակում են բոլոր ապագա կաթնատամները: Սիրտն արդեն ամբողջապես ձևավորված և քառախորշ է: Այն բաբախում է րոպեում 180 անգամ՝ գրեթե 2-3 անգամ ավելի հաճախ, քան ձեր սիրտը: Երեխան սկսում է կատարել փոքր շարժումներ, որը կարելի է տեսնել գերձայնային հետազոտությամբ (սոնոգրաֆիա):
11-րդ շաբաթ
Պտուղն արագորեն աճում է և ընկերքը նույնպես արագորեն զարգանում է (վերջինս լիարժեք ձևավորվելու է մոտ 12-րդ շաբաթականի մեջ): Դեմքի ոսկրերն արդեն ձևավորված են: Աչքերի կոպերը փակ վիճակում են և չեն բացվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում: Արտաքին ականջը սկսում է նմանվել ականջախեցու: Երեխայի գլուխը կազմում է ողջ երկարության մեկ երրորդը, սակայն մարմինը սկսում է աճել ավելի արագ․ այն ամրանում է, և ձեռքի ու ոտքի մատները սկսում են միմյանցից առանձնանալ: Արդեն առկա են եղուգներ:
12-րդ շաբաթ
Ձեր վերջին դաշտանից 12 շաբաթ անց պտուղը լիարժեքորեն ձևավորված է: Բոլոր օրգանները, մկանները, վերջույթները և ոսկրերն իրենց տեղում են և սեռական օրգանները՝ լավ զարգացած: Այս պահից սկսած պտուղը սկսում է արագորեն աճել, զարգանալ և հասունանալ: Թեև պտուղը բավականին հաճախ շարժվում է, սակայն դեռ շատ վաղ է, որ դուք պտղի խաղ զգաք: Ձեր երեխայի կմախքը, որը ներկայացնում էր աճառային հյուսվածք, սկսում է աստիճանաբար պնդանալ և վերածվել ամուր ոսկրային հյուսվածքի:
Դուք
Հղիության այս փուլում ձեր կրծքագեղձերը կարող են մեծանալ, ուստի կարելի է հոգ տանել օժանդակող կրծկալ օգտագործեու մասին: Դուք նաև կարող եք զգալ, որ ձեր հույզերը դարձել են անկայուն, երբ երջանիկ զգացումը կարող է վայրկյանապես փոխարինվել տխրությամբ: Անհանգստանալ պետք չէ, սա նորմալ և անցողիկ երևույթ է։ Նույն կերպ, կարող են փոփոխվել ձեր վերաբերմունքը և փոխհարաբերությունները: Դրանք նույնպես անցողիկ են:
Եթե մինչ այս փուլը չեք հանդիպել ձեր բժշկին կամ մանկաբարձուհուն, ապա պայմանավորվեք նրանց հետ ձեր առաջին այցելության համար: Սովորաբար պրենատալ (նախածննդյան) հսկողության առաջին այցը նախատեսված է 12 շաբաթական հղիության ժամանակ, բայց սա չի նշանակում, որ որևէ մտահոգության կամ գանգատի դեպքում դուք չեք կարող կապ հաստատել ձեր բժշկի հետ: Ամենայն հավանականությամբ առաջին այցի ժամանակ կնախատեսվի նաև ձեր առաջին գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա), որը սովորաբար իրականացվում է 8-14 շաբաթականում:
Հարցեր, որոնց շուրջ արժի խորհել
- Ձեզ առաջարկվող ստուգումներ և հետազոտություններ. առաջին և հետագա նախածննդյան այցերի ընթացքում բժիշկը կարող է ձեզ առաջարկել տարբեր զննումներ, ստուգումներ կամ հետազոտություններ, որոնց նպատակը ձեր հղիության և ընդհանուր առողջության գնահատումն է, ինչպես նաև որևէ հնարավոր կամ հավանական խնդրի շուտ հայտնաբերելը:
- Որտե՞ղ ծննդաբերել. ծննդաբերության տեղը կամ ծննդատունը որոշելը միայն առաջին հայացքից կարող է հեշտ հարց թվալ: Զրուցեք բոլոր հնարավոր այլընտրանքների մասին ձեր բժշկի կամ մանկաբարձուհու հետ:
- Հղիների առողջ սննդակարգ. հղիների համար առողջ և հավասարակշռված սննդակարգն առանձնահատուկ նշանակություն ունի: Քննարկեք ձեր բժշկի հետ, թե սննդակարգում ինչ մթերքներ է պետք ավելացնել կամ որ մթերքներից արժի խուսափել:
- Մնացեք ակտիվ և սկսեք ֆիզիկական վարժանքները.ֆիզիկական ակտիվ առօրյան կարող է օգնել հոգեկան վիճակի կայունացմանը և բարելավել ձեր ընդհանուր առողջական վիճակը։
Եթե հղիության ընթացքում տեղ է գտնում դրա ընթացքը խաթարող որևէ շեղում կամ իրավիճակ, ապա անհապաղ տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին:
Իմացե՛ք ավելին վիժման և արտաարգանդային հղիության մասին։
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024