Skip to main content

​17-րդ շաբաթականում ձեր երեխայի գլխի և մարմնի անհամաչափությունը բավականին հարթվում է, և նրա գլխի մեծ լինելն այլևս քիչ ակնհայտ է​:

Ձեր երեխան

Հղիության 17-րդ շաբաթվա մեջ ձեր երեխան աճում է արագորեն և կշռում է արդեն 150 գրամ: Նրա իրանը արագորեն մեծանում է, և գլխի անհամաչափ մեծ լինելն այլևս ակնհայտ չէ:

Երեխայի դեմքը սկսում է ավելի շատ նմանվել մարդու դեմքին, սկսում են աճել թարթիչներ և ունքեր: Ձեր երեխայի աչքերն արդեն շարժուն են, թեև կոպերը դեռևս փակ են: Նա կարող է արդեն բացել ու փակել իր բերանը:

Մատների մաշկի վրա ձևավորված են գծեր, և երեխան արդեն ունի իր անհատական մատնահետքը: Մատների եղունգներն աճում են: Նա արդեն ունի ձեռքի ամուր բռնվածք:

Երեխան սկսում է բավականին շատ շարժվել, կարող է իր շարժումներով պատասխանել արտաքին աշխարհից լսվող ձայներին, երաժշտությանը կամ աղմուկներին: Դուք կարող եք դեռևս այդ շարժումները չզգալ, հատկապես, եթե սա ձեր առաջին հղիությունն է: Եթե զգում եք ձեր երեխայի շարժումները, ապա կարող եք նշել թեթև պտտական կամ լողացող զգացողություններ:

Ձեր երեխան աստիճանաբար քաշ է հավաքում, սակայն դեռևս չունի բավարար ճարպաբջջանք: Եթե հնարավորություն ունենայիք այս փուլում ձեր երեխային տեսնել, ապա այն ձեզ կթվար քիչ կնճռոտված: Սակայն քաշի ավելացումը շարունակվելու է մինչև հղիության ավարտը, իսկ ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ երեխան կսկսի նաև «լցվել»:

20-րդ շաբաթվա մեջ ձեր երեխայի մաշկը սկսում է պատվել սպիտակ ճարպոտ նյութով, որը կոչվում է «վերնիքս»: Ըստ երևույթին այս նյութն օգնում է պտղաջրերից (ամնիոտիկ հեղուկ) մաշկի պաշտպանությանը:

Դուք

20-րդ շաբաթականում դուք ձեր հղիության կես ճանապարհին եք: Դուք կարող էիք զգալ ձեր պտղի խաղը դեռևս 17-18-րդ շաբաթվա մեջ, սակայն հղիների մեծ մասի մոտ այս զգացողություններն ակնհայտ են դառնում 18-20-րդ շաբաթականաում:

Պտղի խաղը զգացվում է թիթեռնիկի թևերի թափահարման կամ ձկան լողի նման: Եթե սա ձեր առաջին հղիությունն է, ապա այդ շարժումները կարող եք շփոթել մարսողական կծկումների հետ: Ժամանակի ընթացքում փոքրիկն ավելի ակտիվ է շարժվում, սկսում է նաև ձեռքով կամ ոտքով հարվածել, և ավելի ուշ այն որևէ այլ բանի հետ շփոթելը դժվար է: Հաճախ դուք կարող եք գուշակել, թե երեխակի ձեռքի՞, թե՞ ոտքի հարվածն եք զգացել:

Ձեր որովայնի և կրծքավանդակի միջին գծով կարող է առաջանալ մուգ գիծ, որը կոչվում է «սև գիծ»: Մաշկի այսպիսի և այլ գունավորումները նորմալ են, երբ ձեր որովայնը սկսում է մեծանալ, որպեսզի հարմարվի աճող երեխային: Միևնույն ժամանակ, ձեր գլխի նորմալ մազաթափությունը դանդաղում է, և ձեր վարսերը սկսում են երևալ ավելի փարթամ և խիտ:

Հղիության այս փուլում բժիշկը ձեզ կառաջարկի գերձայնային հետազոտություններ, որպեսզի ստուգի երեխայի անատոմիական զարգացման ընթացքը և առկայության դեպքում շուտ հայտնաբերի հնարավոր շեղումները կամ արատները: Ձեր բժիշկը կամ բուժքույրը կարող են տալ օգտակար տեղեկություններ կամ պատասխանեն ձեր հարցերին:

Հղիության թեթև խնդիրներից կարող են ի հայտ գալ թուլություն և քնի պակաս: Քնկոտությունը տարածված երևույթ է, սակայն դուք կարող եք ինքներդ օգնել ձեր քնի կարգավորմանը, օրինակ՝ ձեր մեծացող որովայնին օժանդակող բարձեր օգտագործելով: Գլխացավերը ևս հղիության ընթացքում տարածված են, սակայն, եթե դրանք հաճախակի կամ ուժեղ են և բժշկի խորհրդով ընդունած սովորական Ացետամինոֆենով (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) չեն մեղմանում, կարող են հանդիսանալ որևէ լուրջ խնդրի նշան: Ձեզ մոտ կարող են ի հայտ գալ նաև գոտկային ցավեր, սակայն դրանք սովորաբար լուրջ բնույթ չեն կրում: Եթե ձեզ մոտ ի հայտ է գալիս հեշտոցային արյունահոսություն կամ մաշկի ուժեղ քոր, անհապաղ տեղեկացրեք ձեր բժշկին:

Ընդհանուր առմամբ, եթե հղիության ընթացքում անհանգստացած եք որևէ երևույթով կամ նշանով, ապա առանց երկմտելու տեղեկացրեք ձեր բժշկին: Հիշեք, որ հիղության ընթացքում բոլոր գանգատներն էլ կարևոր են:

Հարցեր, որոնց շուրջ արժի խորհել

  • Մնացեք ակտիվ. հղիության ընթացքում վարժանքները ձեր երկուսի համար էլ բարերար ազդեցություն ունեն: Գտեք և զբաղվեք ձեզ ամենահարմար և անվտանգ ֆիզիկական զբաղմունքներով և վարժանքներով:
  • Դարձրեք ձեր սննդակարգն առողջ. հղիության ընթացքում առողջ սնունդը օգնում է ձեր երեխայի նորալ աճին և զարգացմանը, ինչպես նաև պահպանում ձեր նորմալ մարմնակառուցվածը և լավ ինքնազգացողությունը:
  • Գերձայնային հետազոտություններ. հղիության ընթացում ձեզ կառաջարկեն մի շարք սոնոգրաֆիկ հետազոտություններ, այդ թվում՝ պտղի անատոմիական սքանավորում:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024