Ձեր երեխայի ոսկրերը սկսում են ամրանալ, թեև գանգի ոսկրերը շարունակում են մնալ փափուկ և միմյանցից առանձնացված, որպեսզի ծննդաբերական ուղիներով անցնելը դարձնեն ավելի հեշտ:
Ձեր երեխան
Հղիության 33-րդ շաբաթվա մեջ ձեր երեխայի գլխուղեղն ու նյարդային համակարգը լիարժեք զարգացած են: Նրա ոսկրերը, բացառությամբ գանգի, շարունակում են պնդանալ: Մինչև ձեր ծննդաբերելը երեխայի գանգի ոսկրերը մնում են փափուկ և միմյանցից առանձնացված, որպեսզի ծննդաբերական ուղիներով գլուխն ավելի հեշտությամբ անցնի և կարողանա քիչ ձևափոխվել՝ առանց վնասելու գլխուղեղը:
Երեխան այս փուլում սկսում է արգանդում պտտվել՝ ոտքերն ուղղելով դեպի վեր՝ ձեր կրծքավանդակը: Թեև նման պտտողական շարժման համար տարածությունը սահմանափակ է, այնուամենայնիվ դեպքերի գերակշռող մեծամասնության ժամանակ երեխան կարողանում է հաջողությամբ պտտվել գլխով դեպի ներքև և ստանալ գլխային առաջադրություն: Դուք շարունակում եք զգալ ձեր երեխայի շարժումներն ու «խաղը»՝ երբեմն նաև տեսնելով այն ձեր որովայնի մակերևույթին:
Եթե ձեր երեխան տղա է, ապա նրա ամորձիները սկսում են որովայնի խոռոչից իջնել դեպի փոշտ (ամորձապարկ):
Հղիության 36-րդ շաբաթվա մեջ երեխայի թոքերը լիարժեքորեն ձևավորված են և պատրաստ առաջին շնչելուն, երբ դուք ծննդաբերեք: Նրանք նաև պատրաստ են ձեր կրծքի կաթը ծծելուն, իսկ մարսողական համակարգն արդեն կկարողանա յուրացնել ձեր կաթը:
Դուք
Դուք կարիք կունենաք սահմանափակելու ձեր ակտիվությունը, քանի որ լրացուցիչ քաշը ձեզ արագորեն հոգնեցնում է, և դուք կարող եք ունենալ գոտկային ցավեր: 34-րդ շաբաթականից սկսած դուք կարող եք զգալ, որ ձեր արգանդը ժամանակ առ ժամանակ պնդանում է: Սրանք նախապատրաստական կծկանքներ են, որոնք հայտնի են որպես Բրաքստոն Հիկսի կծկանքներ և հանդիսանում են նորմալ հղիության մի մասը: Երբ նման կծկանքները դառնում են ցավոտ կամ հաճախակի, նոր պետք է կապ հաստատել ձեր բուժքրոջ կամ ծննդատան հետ:
Իմացե՛ք ավելին ծննդաբերական «կեղծ» կամ Բրաքստոն Հիկսի կծկանքների մասին:
Միայն 5% դեպքերում է, որ երեխաները ծնվում են նախատեսված ժամկետում:
Իմացե՛ք ավելին ծննդաբերության վաղ նշանների մասին:
Եթե դուք արդեն երեխա ունեք, ապա տեղյակ կլինեք, թե ինչպիսի նախապատրաստական գործեր պետք է անել՝ մինչև ծննդատուն գնալը: Համոզվեք, որ բոլոր գործերն արված են և դուք որևէ բան կամ գործ չեք մոռացել: Եթե առաջնածին եք, զրուցեք այդ մասին ձեր բուժքրոջ հետ:
Հղիության այս փուլում բժիշկը կամ բուժքույրը կչափեն ձեր արգանդի չափերը և կստուգեն երեխայի վիճակը ձեր յուրաքանչյուր անտենատալ (հղիության կամ նախածննդյան) այցի ժամանակ: Նրանք նաև կստուգեն ձեր արյան ճնշումը, մեզում ստիտակուցը և ձեզ հետ կքննարկեն ձեր սքրինինգային հետազոտությունների արդյունքները: Առանց երկմտելու տեղեկացրեք նրանց, եթե ունեք հեշտոցային արյունահոսություն կամ մաշկի անհանգստացնող քոր:
Հարցեր, որոնց շուրջ արժի խորհել
- Ծննդաբերության ցավազրկում. նախապատրաստվեք՝ տեղեկանալով ծննդաբերության ընթացքը ծավազրկող բոլոր միջոցների մասին, որպեսզի կայացնեք ճիշտ որոշում:
- Մշակեք ձեր ծննդաբերության ծրագիրը. մտածեք այն մասին, թե որտեղ եք նախընտրում ծննդաբերել, ինչպիսի ցավազրկում կցանկանայիք և այլ հարակից հարցեր:
- Եթե ծննդաբերությունը սկսվում է նախատեսվածից ավելի վաղ՝ մինչև 37-րդ շաբաթականը, ապա այն համարվում է վաղաժամ: Նման դեպքերում ձեր ծնված երեխան կունենա լրացուցիչ խնամքի և հսկողության կարիք:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024