Skip to main content

Վերջին դաշտանային ցիկլից երեք շաբաթ անց ձեր բեղմնավորված ձվաբջիջը դանդաղորեն ֆալոպյան փողով տեղափոխվում է դեպի արգանդ, որտեղ էլ սկսում է զարգանալ:

Ձեր երեխան

0-3-րդ շաբաթներ

Հղիության շաբաթները հաշվարկվում են՝ սկսած ձեր վերջին դաշտանի առաջին օրվանից: Սա նշանակում է, որ առաջին երկու շաբաթները և հետո դուք իրականում դեռ հղի չեք և ձեր օրգանիզմը սովորականի պես պատրասվում է հերթական ձվազատմանը: Ձվազատումը՝ ձվարանից ձվաբջջի ազատումը, տեղի է ունենում ձեր հաջորդ դաշտանից մոտավորապես երկու շաբաթ առաջ (կախված ձեր ցիկլի տևողությունից):

Հղիությունը սկսվում է ձվաբջջի բեղմնավորմամբ, երբ սպերմատոզոիդը թափանցում է ձեր ձվաբջջի մեջ: Ձեր վերջին դաշտանի առաջին օրվանից հետո 3-րդ շաբաթվա ընթացքում բեղմնավորված ձվաբջիջը՝ պտղաձուն ֆալոպյան փողով (արգանդափող) սկում է շարժվել դեպի արգանդ: Որպես մեկ բջիջ՝ պտղաձուն սկսում է կիսվել ու շարունակաբար կրկին կիսվել: Ուստի, արգանդ հասնելիս այն դառնում է ավելի քան 100 բջիջներից կազմված բջջային զանգված, որը կոչվում է սաղմ (էմբրիոն): Հայտնվելով արգանդի խոռոչում, սաղմն ամրանում է արգանդի պատին՝ ներդրվելով լորձաթաղանթի մեջ (սա կոչվում է իմպլանտացիա): Այն բջիջները, որոնք պետք է վերաճեն ընկերքի, սկսում են արտադրել հղիության հորմոն հանդիսացող hCG (մարդու խորիոնային գոնադոտրոպին), որի հայտնաբերման վրա էլ հիմնված են հղիության թեստերը: Սկսում է ձևավորվել ամնիոտիկ հեղուկ (hարպտղային ջրեր)՝ կենսաբանական ակտիվ միջավայր, որը շրջապատում է սաղմը կամ ավելի ուշ՝ պտուղը:

4-րդ շաբաթ

Վաղ հղիությոն 4-5-րդ շաբաթներում արգանդի պատի լորձաթաղանթի հաստության մեջ սաղմը շարունակում է աճել և զարգանալ: Սաղմի արտաքին բջիջները հասնում են մոր արյան համակարգ և սկսում կապ ստեղծել վերջինիս հետ: Ներքին բջիջները ձևավորում են երկու, իսկ ավելի ուշ՝ նաև երրորդ շերտը (թերթիկ կամ սաղմնաթաղանթ), որոնցից յուրաքանչյուրը դառնում է երեխայի օրգանիզմի տարբեր հյուսվածքներ և օրգանների ձևավորման սկիզբը:

Ներքին թերթիկը, որը կոչվում է էնդոդերմ, սկիզբ է տալիս շնչառական և մարսողական համակարգերի ձևավորմանը, ներառյալ՝ թոքեր, ստամոքս, աղիներ և միզապարկ: Միջին թերթիկը, որը կոչվում է մեզոդերմ, սկիզբ է տալիս սրտի, արյունատար անոթների, մկանների և ոսկրերի ձևավորմանը: Վերջապես, արտաքին թերթիկը՝ էկտոդերմը, սկիզբ է տալիս գլխուղեղի և նյարդային համակարգի, աչքի ոսպնյակների, ատամների էմալի, մաշկի և եղունգների զարգացմանը:

Հղիության այս վաղ շաբաթներում սաղմն ամրացած է փոքրիկ դեղնուցապարկին, որից էլ ստանում է սննդանյութեր, քանի դեռ վերջնականորեն չի ձևավորվել ընկերքը (պլացենտա), որն ավելի ուշ ամբողջովին իր վրա է վերցնելու սաղմի սնուցումը:

Սաղմը շրջապատված է ամնիոտիկ հեղուկով լցված պարկով (ամնիոտիկ պարկ կամ ավելի ուշ՝ պտղապարկ), որի արտաքին թաղանթից էլ զարգանում է ընկերքը: Ընկերքի բջիջները սկսում են խորը ներաճել արգանդի լորձաթաղանթի մեջ և ձևավորել առատ արյան անոթային համակարգ, որի միջոցով էլ ավելի ուշ ապահովվելու է սաղմին անհրաժեշտ թթվածնի և սննդանյութերի մատակարարումը:

5-րդ շաբաթ

Հղիության 5-րդ շաբաթն առաջին չկայացած դաշտանի ժամակաշրջանն է, երբ բազմաթիվ կանայք նոր սկսում են հասկանալ, որ կարող են հղի լինել, և դա այն դեպքում, երբ արդեն սկսել է զարգանալ ապագա երեխայի նյարդային համակարգը և ձևավորվել են գլխավոր օրգանների առաջին կառուցվածքային հիմքերը: Այս փուլում սաղմն ունի գրեթե 2 մմ երկարություն (կոչվում է պտղաձվի միջին ներքին չափ, անգլերեն հապավումը՝ GS) և նրա սիրտն արդեն սկսել է բաբախել:

Էկտոդերմի զարգացման միջոցով ձևավորվում է սաղմի նյարդային խողովակը, որից հետագայում առաջանալու են երեխայի գլխուղեղը և ողնուղեղը:

Նույն ժամանակ, սկսում է ձևավորվել սաղմի սիրտը՝ որպես պարզ խողովականման կառուցվածք: Սաղմն արդեն ունի իր սեփական արյան անոթները և արյունը սկսում է շրջանառել: Այս անոթների խուրձը կապ է ստեղծում երեխայի և մոր միջև, որից ավելի ուշ զարգանալու է պորտալարը:

6-րդ շաբաթ

Հղիության 6-7-րդ շաբաթների ընթացքում արդեն ձևավորված է մեծ արտափքում, որում տեղավորված է սիրտը, իսկ նյարդային խողովակի գլխային ծայրը լայնացած է, որից պետք է զարգանան ապագա երեխայի գլխուղեղը և գլուխը: Սաղմը կորացած է և ունի պոչիկ: Այս փուլում հեշտոցային սոնոգրաֆիկ հետազոտությամբ երբեմն հաջողվում է լսել սաղմի սրտի բաբախումը:

Ձեռքերի և ոտքերի զարգացումը դառնում է տեսանելի որպես փոքր հաստացումներ («վերջույթների ծիլեր»): Գլխի կողմնային մասերում առկա փոսիկներից հետագայում կզարգանան ականջախեցիները և արդեն առկա են հաստացումներ, որոնցից կզարգանան աչքերը: Այս շրջանից սկսած սաղմը ծածված է թափանցիկ բնույթի մաշկային շերտով:

7-րդ շաբաթ

Հղիության 7-րդ շաբաթվա մեջ սաղմի երկարությունը՝ սկսած գլխայինից մինչև պոչուկային ծայրը դառնում է 10 մմ։ Սա կոչվում է «գագաթ պոչուկային չափս» (անգլերեն հապավումը՝ CRL), որը գեստացիոն ժամկետի վերաբերյալ տալիս է հստակ տեղեկատվություն:

Գլխուղեղը սկսում է ավելի արագ զարգանալ, որի արդյունքում սաղմի գլուխը սկսում է աճել ավելի արագ, քան մարմնի մյուս մասերը և ի հայտ է գալիս անհամաչափություն (գլուխն անհամաչափ մեծ է և թեքված դեպի կուրծքը): Այս փուլում սաղմն ունի մեծ ճակատ, շարունակվում են զարգանալ նաև աչքերն ու ականջները: Սկսում է զարգանալ ներքին ականջը, սակայն գլխի երկու կողմերում տեղակայված ականջախեցիները դեռ տեսանելի չեն լինի մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում:

Վերջույթների սաղմից սկում է ձևավորվել աճառային հյուսվածքը, որից զարգանալու են ոտքերի և ձեռքերի ոսկրերը: Ձեռքային հաստացումները սկսում են երկարել: Նյարդային բջիջները շարունակում են բազմանալ և զարգանալ և, որպես նյարդային համակարգ (գլխուղեղ և ողնուղեղ), որոշակի կառուցվածքային ձև ստանում:

8-րդ շաբաթ

Երբ դուք արդեն 8 շաբաթական հղի եք, երեխան արդեն կոչվում է ֆետուս (պտուղ): Ոտքերը սկսում են երկարել և ձևավորել աճառ։ Սակայն ոտքի տարբեր շրջանները դեռևս լիարժեք տարբերակված չեն և դեռ ժամանակ է պետք, մինչև կձևավորվեն ծնկները, ոտնաթաթերը, ազդրերը և մատները:

Պտուղը դեռևս իր ամնիոտիկ պարկի՝ պտղապարկի մեջ է, և ընկերքը շարունակում է զարգանալ՝ ստեղծելով խորիոնային թավիկներ (ելուստներ), որոնք օգնում են արգանդի պատին ընկերքի ամրացմանը: Այսուամենայնիվ, այս փուլում պտուղը դեռևս իր սննդանյութերը ստանում է դեղնուցապարկից:

Դուք

Բեղմնավորումը սովորաբար տեղի է ունենում ձեր հաջորդ ակնկալվող դաշտանից մոտ երկու շաբաթ առաջ՝ այն ժամանակ, երբ դուք ձվազատում եք (ձվարանից անջատվում է ձվաբջիջ), և սա կախված է ձեր սովորական ցիկլի երկարությունից: Հղիության առաջին 4 շաբաթվա ընթացքում դուք հավանաբար որևէ ախտանշան չեք նշի: Առաջին բանը, որ հղի կանանց մեծ մասը հայտնաբերում է, ակնկալվող դաշտանի բացակայությունն է:

Իմացե՛ք ավելին հղիության վաղ նշանների մասին:

Արդեն 8 շաբաթական հղության ժամանակ դուք հավանաբար «բաց» կթողնեք ձեր երկրորդ դաշտանը: Սակայն որոշ կանայք հղիության վաղ շրջանում կարող են նշել քիչ արյունահոսություն։ Եթե հղիության ընթացքում ունենում եք հեշտոցային արյունահոսություն, անպայման տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին կամ մանկաբարձուհուն, հատկապես, եթե այն չի դադարում կամ ուղեկցվում է որովայնի շրջանի ցավերով:

7-8 շաբաթական հղիության փուլում ձեր արգանդը մեծանում է՝ հասնելով կիտրոնի չափի: Դուք հավանաբար կզգաք նաև որոշակի թուլություն և հոգնածություն: Ձեր կրծքագեղձերը կարող են մեծանալ և դառնալ քիչ ցավոտ, և հավանաբար դուք ավելի հաճախակի միզելու ցանկություն կունենաք:

Այս շրջանից սկսած մի քանի շաբաթվա ընթացքում որոշ հղի կանայք կարող են նշել սրտխառնոց, հոգնածություն կամ այլ ոչ արտահայտված գանգատներ: Կանանց մեծ մասի մոտ առավոտյան սրտխառնոցը վերանում և ինքնազգացողությունը բարելավվում է մոտ 14 շաբաթական հղիության ժամկետում:

Հարցեր, որոնց շուրջ արժի խորհել

  • Ձեր հղի լինելը հայտնաբերելը. կան հղիության առկայությունը որոշող տարբեր մեթոդներ, որոնցից ամենավստահելին հղիության թեստն է: Շատ կարևոր է, որ հղիությունը հայտնաբերելուց հետո կապ հաստատեք ձեր բժշկի հետ, որպեսզի վաղ նախաձեռնեք ձեր պրենատալ (հղիության) խնամքը:
  • Դուք կարող եք նաև հաշվարկել ձեր հղիության արձակուրդի ակնկալվող ժամկետը:
  • Հղիության ընթացքի տարածված խնդիրներ․ սկսած առավոտյան սրտխառնոցից մինչև հեշտոցային արյունահոսություն՝ չկա որևէ առողջական խնդիր, որը կարելի է թաքցնել ձեր բժշկից: Հիշեք, որ ինչպես առողջության այլ ոլորտների, այնպես էլ հղիության համար որքան շուտ է խնդրի լուծումն առաջարկվում, այդքան արդյունքներն ավելի շոշափելի և կայուն են դառնում:
  • Ձեր զգացումները և փոխհարաբերությունները․ հղիությունը ձեր կյանքի ֆիզիկական և հուզական մեծ փոփոխությունների փուլ է, որը կարող է ազդել ձեր փոխահարաբերությունների վրա: Զրուցեք բժշկի, զուգընկերոջ կամ մոտիկ այլ մարդկանց հետ ձեզ հուզող խնդիրների և դրանց վերացման լավագույն ուղիների մասին:
  • Հղիության (պրենատալ) խնամք․ սա հղիության ողջ ընթացքում ինչպես ձեր, այնպես էլ ձեր երեխայի առողջության պահպանման լավագույն ուղին է: Պրենատալ խնամքը կազմված է բժշկին պարբերաբար այցելություններից, զննումներից, որոշ հետազոտություններից (արյուն, մեզ, սոնոգրաֆիա և այլն) և սքրինինգներից:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024