Skip to main content

Մոտ 32-րդ շաբաթվա մեջ ձեր երեխան սովորաբար պառկած է գլխով ներքև վիճակում և պատրաստ է ծնվելուն: Այս փուլում երեխան շարունակում է լինել խիստ ակտիվ, և դուք հավանաբար զգում եք նրա բազմաթիվ շարժումները:

Ձեր երեխան

Այս փուլում ձեր երեխան շարունակում է մնալ խիստ ակտիվ, և դուք հավանաբար տեղյակ եք նրա շարժումների և «խաղի» մասին: Յուրաքանչյուր հղիություն ունի իր առանձնահատուկ ընթացքը, և տարբեր օրերին կարող եք զգալ տարբեր բնույթի պտղի խաղ: Դուք հավանաբար արդեն տեղյակ եք ձեր երեխայի խաղի առանձնահատկությունների մասին, և եթե զգում եք, որ նրա շարժումների բնույթը կտրուկ փոփոխվել է, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին կամ բուժքրոջը:

Երեխայի մոտ զարգանում է ծծման ռեֆլեքսը, և նա արդեն կարող է ծծել իր բութ կամ մյուս մատները: Նա շարունակում է լցվել, և մաշկի կնճիռներն աստիճանաբար հարթվում են: Երեխայի մաշկը որոշ ժամանակ ծածկող սպիտակ ճարպոտ թաղանթը (վերնիքս) և փափուկ աղվամազերը (լանուգո) սկսում են անհետանալ:

Այս փուլում երեխան արդեն կարող է ֆիքսել աչքերը: Նրա թոքերն արագորեն զարգանում են, թեև երեխան դեռ չի կարող ինքնուրույն լիարժեք շնչել, քանի դեռ չի հասել ներարգանդային 36 շաբաթական տարիքի:

Հղիության 32-շաբաթվա մեջ երեխան սովորաբար արգանդում պառկած է գլխով դեպի ներքև՝ պատրաստ ծնվելուն: Սա կոչվում է գլխային (ցեֆալիկ) առաջադրություն: Եթե ձեր երեխան այս փուլում գլխային առաջադրությամբ չէ, անհանգստանալու առիթ դեռևս չկա, քանի որ նրա պտտվելու համար դեռ որոշակի ժամանակ կա:

Ձեր արգանդում պտղաջերերը (ամնիոտիկ հեղուկ) շատանում են, և երեխան դեռևս կուլ է տալիս այս հեղուկը և միզում նույն հեղուկի մեջ:

Դուք

Ձեր մեծացող որովայնը սկսում է սահմանափակել կրծքավանդակի շարժունակությունը, և դուք կրում եք ավելցուկային կշիռ, ուստի կարող եք զգալ օդի պակաս և դժվարաշնչություն:

Գիշերային ժամերին ոտքերի կծկանքները կամ ջղաձգումները տարածված են 29-32 շաբաթական հղիների շրջանում: Դուք կարող եք նաև նշել քնելու հետ կապված դժվարություններ ինչպես ձեր ոտքերի ձգման, այնպես էլ անկողնում հարմարավետ դիրք ընտրել չկարողանալու պատճառով: Դուք կարող եք նաև նկատել, որ սկսել եք հաճախակի միզել:

Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում տարածված առողջական խնդիրների մասին:

Բժիշկը կամ բուժքույրը կչափեն ձեր արգանդի չափերը և կստուգեն երեխայի վիճակը ձեր յուրաքանչյուր անտենատալ (հղիության կամ նախածննդյան) այցի ժամանակ: Նրանք նաև կստուգեն ձեր արյան ճնշումը, մեզում ստիտակուցը և ձեզ հետ կքննարկեն ձեր սքրինինգային հետազոտությունների արդյունքները: Առանց երկմտելու տեղեկացրեք նրանց, եթե ունեք հեշտոցային արյունահոսություն կամ մաշկի անհանգստացնող քոր:

Հարցեր, որոնց շուրջ արժի խորհել

  • Մայրական արձակուրդ. եթե դուք աշխատող եք և դեռևս ներկայանում եք աշխատանքի, ապա գրավոր դիմեք ձեր գործատուին, թե երբ եք պատրաստվում ծննդաբերել և երբվանից եք բացակայելու: Մտածեք նաև այն մասին, թե որտեղ և ինչպես եք անցկացնելու ձեր մայրական արձակուրդը:
  • Սկսեք ձեր ծննդաբերության պլանը. մտածեք այն մասին, թե որտեղ եք նախընտրում ծննդաբերել, ինչպիսի ցավազրկում կցանկանայիք և այլ հարակից հարցեր:

Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024