Skip to main content

24-րդ շաբաթականում ձեր երեխան ունի ապրելու շանս, եթե ծնվի: Մինչև այս ժամկետը ծնված երեխաների մեծ մասը չի ապրում, քանի որ նրանց օրգանները բավարար զարգացած չեն:

Ձեր երեխան

21-րդ շաբաթվա մեջ ձեր երեխան արդեն կշռում է մոտ 350 գրամ. Այս փուլից սկսած մինչև հղիության ավարտը ձեր երեխան կունենա ավելի մեծ քաշ, քան ընկերքը: Հետագա հղիության ընթացքում ձեր ընկերքը նույնպես աճում է, սակայն ոչ այնքան արագ, որքան ձեր երեխան:

Ձեր երեխան արդեն սկսում է զգալ և իրեն պահել քնելու և արթուն մնալու ռեժիմով, որը պարտադիր չէ, որ համընկնի ձեր գիշեր-ցերեկ օրակարգի հետ: Երբ դուք գիշերն անկողնում եք, ձեզ զգում եք թուլացած և հանդարտացած ու փորձում եք քնել, ձեր երեխան, ընդհակառակը, կարող է լինել արթուն և սկսել իր շարժումներն ու խաղը:

Երեխայի թոքերը դեռևս ունակ չեն պատշաճ գործելու, սակայն նա սկսում է սովորել շնչառական շարժումներ կատարել և պատրաստվում իր ծննդին: Երեխան իր թթվածինը մինչև ծնվելը և առաջին շնչառությունը ստանալու է ընկերքի արյունով:

Հղիության 24-րդ շաբաթվա ավարտին ձեր երեխան ծնվելիս ունի ապրելու շանս: Մինչև այս ժամկետը ծնված երեխաների մեծ մասը չի ապրում, քանի որ նրանց կենսական կարևոր օրգանները դեռևս բավարար զարգացած չեն և ինքնուրույն գործելուն պատրաստ չեն:

Այնուամենայնիվ, եթե երեխաները ծնվում են այս ժամանակահատվածում, ապա բարձրանում է նրանց մոտ տարբեր խնդիրների ռիսկը:

Իմացե՛ք ավելին վաղաժամ ծննդաբերության մասին:

Դուք

Արգանդը սկսում է մեծանալ ավելի արագորեն, և ձեր հղիությունն արդեն արտաքինից նկատելի է: Դուք կարող եք զգալ ավելի մեծ քաղց, քան նախկինում էր: Այնուամենայնիվ, փորձեք ձեր սննդակարգը դարձնել ավելի առողջ ու հավասարակշռված, ինչպես նաև համոզվեք, որ չեք օգտագործում սննդատեսակներ, որոնցից արժե հղիության ընթացքում խուսափել:

Ոչ բոլոր հղի կանանց մոտ կարող են առաջանալ մաշկի ձգման նշաններ, սակայն դրանք հատկապես 22-24 շաբաթական ընթացքում կարող են հայտնվել բազմաթիվ կանանց որովայնի, կրծքերի կամ ազդրերի շրջանում: Սկզբում դրանք ի հայտ են գալիս որպես կարմիր գծեր, որոնք ավելի ուշ գունաթափվում են և վերածվում արծաթա-մոխրագույնի: Ձեր կրծքագեղձերը սկսում են արտազատել քիչ քանակությամբ նախակաթ, և սա նորմալ է:

Ի լրումն, ձեզ մոտ կարող են ի հայտ գալ գոտկատեղի շրջանի ծակոցներ կամ ցավեր, որը հղիների մոտ տարածված երևույթ է և սովորաբար լուրջ բնույթ չի կրում: Եթե ունեք հեշտոցային արյունահոսություն կամ մաշկի անհանգստացնող քոր, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին:

Անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե անհանգստացած եք, որ հղիության ընթացքում ի հայտ է եկել կամ խորացել է ցանկացած առողջական խնդիր: Հիշեք, որ հղիության ընթացքում ոչ կարևոր գանգատներ չկան:

Հարցեր, որոնց շուրջ արժի խորհել

  • Կրծքով կերակրումն ունի բազմաթիվ օգուտներ ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխայի համար: Մտածեք այն հարցի շուրջ, թե ինչպես եք կերակրելու ձեր երեխային նրա ծնվելուց հետո:
  • Հղիության ընթացքում զարգացող տարածված խնդիրներից են գոտկային ցավերը, մարսողության խանգարումը և թութքը:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024