Նորածնային անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում գտնվող վաղաժամ ծնված կամ անհաս երեխան կարող է բազմաթիվ հետազոտությունների կարիք ունենալ:
Որոշ հետազոտություններ ստանդարտ են, որոնք նշանակվում են բոլոր նորածիններին: Այլ հետազոտություններ կարող են նշանակվել միայն այն դեպքում, եթե բժիշկները կարծում են, որ անհաս երեխան կարող է ունենալ որոշակի առողջական խնդիր:
Հետազոտությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ձեր վաղաժամ ծնված երեխային, ներառում են հետևյալը:
- Շնչառության և սրտազարկի մոնիտորինգ. վաղաժամ ծնված երեխայի շնչառությունը և սրտի հաճախությունը մշտապես հսկվում են: Արյան ճնշման ցուցանիշները նույնպես հաճախակի չափվում են:
- Հեղուկի մուտքի և ելքի չափում. բժշկական անձնակազմը հետևում է, թե որքան հեղուկ է ձեր նորածին երեխան ընդունում կերակրման ժամանակ և երակի միջոցով: Անձնակազմը նաև հետևում է, թե որքան հեղուկ է կորցնում ձեր երեխան թաց կամ կեղտոտած տակդիրների միջոցով:
- Արյան թեստեր. արյան թեստերը թույլ են տալիս բժիշկներին հետևել ձեր երեխայի արյան մեջ կարևոր նյութերի մակարդակները, ինչպիսիք են կալցիումը և արյան շաքարը: Արյան թեստը նաև կարող է հայտնաբերել սակավարյունությունը կամ այլ հնարավոր հիվանդությունները:
- Էխոսրտագրություն. այս պատկերային հետազոտությունը ոչ այլ ինչ է, քան կծկվող սրտի գերձայնային հետազոտություն: Այն ստուգում է նորածնի սրտի աշխատանքի հետ կապված խնդիրները: Էխոսրտագրությունն օգտագործում է ձայնային ալիքներ՝ էկրանի վրա շարժվող պատկերներ ստեղծելու համար:
- Գերձայնային հետազոտություններ. այս պատկերային թեստը կարող է արվել՝ ստուգելու նորածնի գլխուղեղը՝ արյունահոսության կամ հեղուկի կուտակման համար: Կամ այն կարող է օգտագործվել մարսողական համակարգի, լյարդի կամ երիկամների հետ կապված խնդիրների առկայությունը ստուգելու համար:
- Աչքի քննություն. մանկական ակնաբույժը կարող է ստուգել ձեր նորածին երեխայի աչքերը և տեսողությունը՝ ցանցաթաղանթի հետ կապված խնդիրները հնարավորինս վաղ գտնելու համար:
Ավելի շատ հետազոտություններ կարող են անհրաժեշտ լինել, եթե ձեր երեխան ունի այլ առողջական խնդիրներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024