Առողջական խնդիրներ
Վաղաժամ ծննդաբերություն

5 րոպե
Հղիությունների մեծ մասը շարունակվում է շուրջ 40 շաբաթ, և 37-42 շաբաթականներում ծնված երեխաները համարվում են նորմալ ժամկետային։
Սակայն որոշ դեպքերում ծննդաբերությունը կարող է սկսվել նշված ժամկետներից ավելի շուտ։ Վաղաժամ է համարվում այն ծննդաբերությունը, որը տեղի է ունենում մինչև 37 շաբաթական հղիությունը։
Վաղաժամ ծննդաբերությունը կապված է տարբեր բարդությունների հետ, որոնցից առաջնայինը հատուկ խնամք և հսկողություն պահանջող թերքաշ նորածնի ծնվելն է։
Անհաս նորածնի բժշկական հսկողությունը կազմակերպվում է «նեոնատոլոգիական» բաժանմունքում։ Առավել ուշադրության են արժանի մինչև 34 շաբաթականը ծնված կամ մինչև 2,5 կգ կշռով նորածինները, որոնք սովորաբար շնչառության, սնուցման և մարմնի ջերմաստիճանի կարգավորման կարիք են զգում։
Տարբեր հաշվարկներով, ծննդաբերությունների մինչև 8% լինում են վաղաժամ։
Վաղաժամ ծննդաբերության պատճառները և ռիսկի գործոնները
Ինքուրույն սկսվող վաղաժամ ծննդաբերությանդեպքերի գրեթե կեսում պատճառը մնում է անհայտ, թեև հայտնի են բազմաթիվ գործոններ, որոնք զուգակցվում են այս վիճակի հետ։
Այնուամենայնիվ, դասական ռիսկի գործոններ ունեցող կանանց մեծամասնությունը վաղաժամ չի ծննդաբերում, մինչդեռ վաղաժամ ծննդաբերող կանանցից շատերի մոտ հայտնաբերված չի լինում ռիսկի և ոչ մի գործոն:
Վաղաժամ ծննդաբերության ռիսկի գործոնները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ կնոջ (մոր) և հիվանդությունների և հղիության պայմանների հետ կապված։
Կնոջ (մոր) հետ կապված ռիսկի գործոններ
- տարիք` մինչև 18 տարեկան կամ 35-ից բարձր
- ծխախոտի օգտագործում
- սթրես (ամուսնալուծություն, մահ, ընտանեկան բռնություն)
- ուշացած նախածննդյան խնամք կամ դրա լրիվ բացակայություն
- ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ
- բարձր կամ ցածր մարմնի զանգվածի ցուցանիշ (ՄԶՑ)
Հիվանդությունների և հղիության պայմանների հետ կապված ռիսկի գործոններ
- արգանդի կարճ պարանոց
- հղիությունների միջև կարճ ընդմիջում
- նախկինում վաղաժամ ծննդաբերություններ (15-30%` առաջին և 60%-ի` երկրորդից հետո)
- նախկինում՝ աբորտ
- սեռավարակներ (սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, ՍՃՓՀ)
- բակտերիալ վագինոզ (կրկնապատկում է ռիսկը)
- միզուղիների վարակներ
- հեշտոցային արյունահոսություն հղիության վաղ շրջանում
- օժանդակ վերարտադրողական միջամտություն (կրկնապատկում է ռիսկը)
- պտղաթաղանթների մինչծննդաբերական պատռում
- արգանդի պարանոցի վիրաբուժական միջամտություններ
- արգանդի անոմալիաներ
- գերջրություն կամ սակավաջրություն
- բազմապտուղ հղիություն (երկվորյակների 60%-ը ծնվում է անհաս)
- քրոնիկ հիվանդություններ (զարկերակային գերճնշում, երիկամային անբավարարություն, 1-ին տիպի շաքարային դիաբետ, որոշաուտոիմուն հիվանդություններ)
- հղիությամբ պայմանավորված հիվանդություններ (պրեէկլամպսիա, նախածննդյան արյունահոսություն)
- պտղի հետ կապված խնդիրներ՝ որոշ բնածին անոմալիաներ և աճի դանդաղումներ
- հղիության ընթացքում որովայնի խոռոչի վիրահատություն
- թերսնուցում
- շրջակա միջավայրի գործոններ (շոգ եղանակ, օդի աղտոտվածություն)։
Վաղաժամ ծննդաբերության նշանները
Մեծամասամբ վաղաժամ ծննդաբերոթյունները սկսում են ինքնուրույն, և դրանց նշանները սովորաբար նմանվում են ժամկետային ծննդաբերություններին։ Դրանք են՝
- ճնշման զգացում կոնքում
- ձգող ցավ որովայնի ստորին հատվածում
- ցավ մեջքի ստորին հատվածում
- արգանդի կանոնավոր կծկանքներ
- հեշտոցային արտադրություն` լորձ, արյուն, պտղաջուր
- այսպես կոչված «ներկայացում» (show) (երբ հղիության ընթացքում պարանոցի մուտքը ծածկած լորձային խցանը պոկվում և դուրս է գալիս հեշտոցով):
Վաղաժամ ծննդաբերության վարումը
- անկողնային ռեժիմ, որն ավանդաբար ցուցվել է վաղաժամ ծննդաբերության ռիսկի առկայության դեպքում, սակայն հիմնավորված չէ փաստացի տվյալներով, ուստի կիրառումը խորհուրդ չի տրվում և առաջարկվում է ոչ բոլորին (ավելին, ակտիվության սահմանափակումը և անկողնային ռեժիմը զուգակցվում են մի շարք պոտենցիալ ռիսկերի հետ` երակային թրոմբոզ, մկանային ատրոֆիա, ոսկրամկանային և սրտանոթային համակարգերի խանգարումներ և այլն)
- հոսպիտալացում․ վաղաժամ ծննդաբերության ախտանիշներով բոլոր կանայք պետք է ընդունվեն հիվանդանոց և հսկվեն 48-72 ժամ
- պրոգեստերոնային բուժում, որը նվազեցնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը միապտուղ հղիությունների մոտավորապես 1/3-ում այն կանանց մոտ, որոնց անամնեզում առկա է միապտուղ ինքնաբուխ վաղաժամ ծննդաբերություն և որոնց մոտ ընթացիկ հղիության ժամանակ սոնոգրաֆրայով ախտորոշվել է արգանդի կարճ պարանոց
- արգանդի պարանոցի սերկլյաժ, որը կարելի է դիտարկել այն կանանց նկատմամբ, որոնց մոտ միապտուղ հղիություն է, անամնեզում 34-րդ շաբաթից փոքր ժամկետում պատահած ինքնաբուխ վաղաժամ ծննդաբերություն, կամ պարանոցային անբավարարության հավանականություն, եթե մինչև հղիության 24-րդ շաբաթը պարանոցի բացվածքը հավասար կամ պակաս է 25 մմ-ից
- նախածննդյան կորտիկոստերոիդներ (Բետամեթազոն և Դեքսամեթազոն), որոնք զգալիորեն նվազեցնում են նորածնային մահացության, պտղի շնչառական դիսթրես համախտանիշի և ներփորոքային արյունազեղումների հաճախությունը
- Տոկոլիզ, որը կարող է հետաձգել ծննդաբերությունը
- Նիֆեդիպին, որը թուլացնում է արգանդի հարթ մկանները
Երկվորյակներ և եռորյակներ
Երկվորյակները և եռորյակները ավելի հաճախ ծնվում են վաղաժամ։ Օրինակ, երկվորյակների ավելի քիչ, քան 50%-ը ծնվում են մինչև 37 շաբաթականը, իսկ եռօրյակների ծնվելու միջին ժամկետը 34 շաբաթականն է։
Հոդվածը տեղադրվել է՝ 27-04-2019 վերանայվել է՝ 08-03-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: