Գրադարան

Վաղաժամ ծննդաբերություն. ախտորոշում

Վաղաժամ ծննդաբերություն. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ձեր բժիշկը ձեզ հետ կքննարկի ձեր առողջությունը, հիվանդության պատմությունը, վաղաժամ ծննդաբերության ռիսկի գործոնները և կգնահատի ձեր գանգատներն ու ախտանիշները:

Եթե դուք կանոնավոր արգանդի կծկանքներ եք ունենում և ձեր արգանդի վզիկը սկսել է փափկել, բարակվել և բացվել (լայնանալ) մինչև հղիության 37 շաբաթը, ձեզ մոտ ամենայն հավանականությամբ կախտորոշվի վաղաժամ ծննդաբերություն:

Վաղաժամ ծննդաբերության ախտորոշիչ հետազոտություններն ու միջոցառումները ներառում են հետևյալը:

  • Արտաքին և ներքին գինեկոլոգիական (մանկաբարձական) քննություն. ձեր բժիշկը կարող է գնահատել ձեր արգանդի լարվածությունն ու ցավոտությունը, ինչպես նաև երեխայի չափն ու դիրքը: Եթե ձեր պտղաջրերը չեն հոսել, և մտավախություն չկա, որ ընկերքը ծածկում է արգանդի վզիկը (առաջադիր ընկերք), նա նաև կարող է ներզննում անցկացնել՝ պարզելու, թե արդյոք ձեր արգանդի վզիկը սկսել է բացվել: Ձեր բժիշկը նաև կարող է ստուգել արգանդային արյունահոսության առկայությունը:
  • Գերձայնային հետազոտություն. ներհեշտոցային (տրանսվագինալ) գերձայնային հետազոտությունը կարող է օգնել ձեր արգանդի վզիկի երկարության չափմանը: Գերձայնային հետազոտությունը նաև կարող է օգնել երեխայի կամ ընկերքի հետ կապված խնդիրների առկայությունը ստուգելուն, երեխայի դիրքը հաստատելուն, ամնիոտիկ հեղուկի (պտղաջրի) ծավալը գնահատելուն և պտղի ենթադրվող քաշը որոշելուն:
  • Արգանդի մոնիտորինգ. ձեր բժիշկը կարող է օգտագործել արգանդի մոնիտոր՝ ձեր կծկանքների տևողությունը և դրանց միջև ընկած ժամանակային միջակայքը չափելու համար:
  • Լաբորատոր թեստեր. ձեր բժիշկը կարող է ձեր հեշտոցային արտազատուկներից քսուք վերցնել՝ ստուգելու որոշակի վարակների և պտղի ֆիբրոնեկտինի առկայությունը՝ մի նյութ, որը գործում է որպես սոսինձ պտղապարկի և արգանդի լորձաթաղանթի միջև և դուրս է գալիս ծննդաբերության ընթացքում: Այս արդյունքները կհամադրվեն ռիսկի այլ գործոնների հետ: Դուք նաև մեզի նմուշ կհանձնեք, որ ստուգվի ձեր մեզում որոշակի բակտերիաների առկայությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-05-2023 վերանայվել է՝ 29-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով