Սկոլիոզ

Սկոլիոզը ողնաշարի կողմնային (դիմային հարթությունում) ուռուցիկ կորացումն է, որը կարող է զուգորդվել ողների ոլորմամբ:
Այն կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն հակված է սկսվելու մանկական և դեռահաս տարիքում: Սկոլիոզը կարող է առանց որևէ բուժման որոշակիորեն շտկվել, սակայն կարող է նաև ժամանակի ընթացքում ավելի վատթարանալ: Սկոլիոզով մարդիկ պետք է պարբերաբար այցելեն իրենց բժշկին, որպեսզի ստուգեն հիվանդության հնարավոր զարգացումը:
Սկոլիոզի առաջացման պատճառները
Դեպքերի մեծ մասում սկոլիոզի պատճառն անհայտ է, և ողնաշարի ախտաբանական կորացում սկսվում է որևէ առողջական խնդիր չունեցող երեխաների մոտ:
Որոշ դեպքերում սկոլիոզը ժառանգական է և առկա է ի ծնե: Երբեմն սկոլիոզի կարող են բերել նյարդամկանային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մանկական ուղեղային կաթվածը կամ մկանային դիստրոֆիան:
Սկոլիոզի ախտանիշները
Սկոլիոզով մարդիկ կարող են ունենալ՝
- անհամաչափ (ոչ սիմետրիկ) ուսեր
- իրանի վրա ոչ համաչափ (ոչ սիմետրիկ) ծալքեր
- միմյանցից բարձր-ցածր թիակներ
- միմյանցից բարձր-ցածր կոնքեր
- ողնաշարի ցայտուն դրսևորված կորություն
- մեջքի շրջանի ցավեր (կախված տեղակայումից՝ թիկունքը կամ գոտկատեղն ընդգրկող) կամ անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ):
Ծանր աստիճանի սկոլիոզով մարդիկ ունեն մարմնի արտասովոր կամ անհամաչափ կեցվածք: Կառուցվածքային կոպիտ փոփոխությունները կարող են առաջացնել սրտանոթային, շնչառական, մարսողական և այլ համակարգերի գործունեության խախտումներ։
Եթե կարծում եք, որ ձեր երեխան կարող է ունենալ սկոլիոզ, ապա այցելեք ձեր բժշկին: Վաղ ախտորոշումը և բուժումը շատ կարևոր են:
Սկոլիոզը ողնաշարի ոչ նորմալ կամ չափից դուրս կորությունն է
Ախտորոշում
Բժիշկը կարող է սկոլիոզն ախտորոշել միայն զննելով ձեզ կամ ձեր երեխային:
Եթե բժիշկը կարծում է, որ դուք կամ ձեր երեխան ունեք սկոլոզ, նա ձեզ կարող է ուղեգրել օրթոպեդիկ մասնագետի խորհրդատվության: Վերջինս ձեզ կամ ձեր երեխային զննելուց հետո կարող է նշանակել որոշ հետազոտություններ, օրինակ՝ ռենտգեն պատկերում, համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):
Սկոլիոզի բուժումը
Բուժումը սովորաբար նպատակաուղղված է ամրապնդելու ողնաշարը, որպեսզի բարելավվի մարդու կեցվածքը: Բուժման մեթոդի ընտրությունը կախված է տարիքից և սկոլիոզի ծանրության աստիճանից:
Սկոլիոզի դեպքերի մեծ մասը թեթև աստիճանի է, որը լրացուցիչ հետազոտություն կամ բուժում գուցեև չպահանջի: Եթե սկոլիոզն ավելի արտահայտված է, կարող է առաջանալ կանոնավոր ստուգման կարիք:
Եթե այն էլ ավելի արտահայտված է, բուժումը կարող է ներառել օրթոպեդիկ ուղղման մեթոդներից շտկող սեղմիրան (կորսետ) հագնելը, որը կարող է օգնել ողնաշարի հետագա կորացման կանխարգելմանը:
Որոշ մարդկանց սկոլիոզն այնքան արտահայտված է, որ կարող է առաջարկվել վիրահատություն` մետաղական սողանների միջոցով ողնաշարի ամրացում կամ որոշ ոսկրերի միաձուլում (ողնաշարի անկիլոզացում):
Բուժական վարժանքները և ֆիզիոթերապիան կարող են մեղմացնել ցավերը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ նաև ուղղիչ վարժություններ, բուժական մերսում կամ բուժական լող:
Հոգեբանական աջակցություն
Սկոլիոզով երեխաները կամ դեռահասները, ովքեր շտկող սեղմիրան (կորսետ) կրելու կարիք ունեն կամ վիրահատվել են, հավանաբար ունեն ինքնագնահատման հետ կապված խնդիրներ: Նման դեպքերում հուզական աջակցությունը կարող է օգտակար լինել:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021