Ցավոք, վնասված ողնուղեղը վերականգնելու որևէ մեթոդ չկա:
Սակայն գիտնականները շարունակաբար փորձարկում են բուժման նոր մեթոդներ, որոնք ուղղված են նյարդային բջիջների ռեգեներացիային և ողնուղեղի վնասվածքից հետո տուժած նյարդերի գործունեության վերականգնմանը:
Ներկա պահին ողնուղեղի վնասվածքի բուժումը կենտրոնանում է հետագա վնասվածքը կանխարգելելու և տուժած անձանց ակտիվ և արդյունավետ կենսակերպ վերադառնալու վրա:
Անհետաձգելի միջոցառումներ
Անհետաձգելի բժշկական օգնությունը և հսկողությունը որոշիչ նշանակություն ունեն գլխի կամ պարանոցի տրավմաների ազդեցությունները և հետևանքները մեղմացնելու գործում: Ուստի, ողնուղեղի վնասվածքի բուժումը հաճախ սկսվում է հենց դժբախտ պատահարի վայրում:
Շտապբուժօգնության անձնակազմը տեղում՝ մինչև հիվանդանոց տեղափոխելը արագ, սակայն՝ խիստ զգուշորեն անշարժացնում է տուժողի պարանոցը և մեջքը, ըստ անհրաժեշտության ներմուծում հակաշոկային, ցավազրկող և այլ դեղամիջոցներ:
Բուժման վաղ (սուր) փուլեր
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում բժիշկները կենտրոնանում են հետևյալ խնդիրների լուծման վրա՝
- ինքնուրույն շնչառության կարգավորում և համարժեք գազափոխանակության ապահովում (ըստ անհրաժեշտության՝ անցում արհեստական գազափոխանակության)
- շոկի կանխարգելում և (կամ) բուժում
- պարանոցի և մեջքի առավել կայուն անշարժացում
- հնարավոր բարդությունների կանխարգելում, օրինակ՝ մեզի կամ կղանքի հեռացման ապահովում, շնչառական կամ սրտանոթային խնդիրների բուժում, խորանիստ երակների թրոմբոզի (ԽԵԹ) կանխարգելում և այլն:
Դեղորայքային բուժումից վերջին տարիներին հանվել է Մեթիլպրեդնիզոլոնի (Սոլու-Մեդրոլ) ն/ե ինֆուզիան, քանի որ պարզվել է, որ հնարավոր կողմնակի ազդեցությունները գերակշռում են ակնկալվող օգուտներին:
Հաճախ բժիշկները դիմում են վիրահատական բուժման, որպեսզի հեռացնեն կոտրված ոսկրերի բեկորները, օտար մարմինները, ճողվածքի ենթարկված սկավառակները կամ փշրված ողները: Վիրահատության հարց կարող է առաջանալ նաև ողնաշարը կայունացնելու և հետագա ցավերն ու ձևափոխումը կանխարգելելու համար:
Շարունակական բուժում
Երբ տուժողի վիճակը կամ հիվանդությունը կայունանում է, բժիշկներն իրենց ուշադրությունը կենտրոնացնում են հնարավոր երկրորդային խնդիրների լուծմանը, որոնցից են՝ ոսկրային ձևափոխումների շտկում, մկանային կոնտրակտուրաների, ճնշան պառկելախոցերի, միզապարկի և հաստ աղիների գործունեության հետ կապված խնդիրների, շնչառական և միզուղիների վարակների, արյան մակարդուկների կանխարգելում և բուժում:
Բուժման տևողությունը կախված է վնասվածքի բնույթից, տուժողի ընդհանուր առողջական վիճակից, առկա բարդություններից ու դրանց ծանրության աստիճանից:
Վերոնշյալ բոլոր խնդիրները հաղթահարելուց հետո հիվանդը կարող է տեղափոխվել վերականգնողական (ռեաբիլիտացիոն) բաժանմունք:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024