Ստրեպտոկոկային ֆարինգիտ. բուժում
06-07-2021
1 րոպե

Կան դեղամիջոցներ, որոնք կարող են բուժել ստրեպտոկոկային ըմպանաբորբը, մեղմացնել ախտանիշները և կանխարգելել բարդություններն ու վարակի տարածումը:
Հակաբիոտիկներ
Եթե բժիշկն ախտորոշի, որ դուք կամ երեխան ունեք ստրեպտոկոկային ֆարինգիտ, հավանաբար կնշանակի որևէ ներքին ընդունման (օրալ) հակաբիոտիկ: Հիվանդությունը սկսվելուց հետո առաջին 48 ժամվա ընթացքում օգտագործելիս հակաբիոտիկները կրճատում են հիվանդության տևողությունը և ախտանիշների ծանրության աստիճանը, ինչպես նաև բարդությունների ռիսկը և վարակի հնարավոր տարածման և այլ մարդկանց վարակելու հավանականությունը:
Բուժման շնորհիվ երեխայի ինքնազգացողությունը սկսում է բարելավվել մեկ կամ երկու օրվա ընթացքում: Եթե հակաբիոտիկներ ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում երեխայի վիճակի մեջ որևէ դրական տեղաշարժ չեք նկատում, տեղեկացրեք այդ մասին բժշկին:
Հակաբիոտիկներ ստացող և իրենց լավ զգացող երեխաները, ովքեր այլևս չունեն բարձր ջերմություն, կարող են վերադառնալ մսուր-մանկապարտեզ կամ դպրոց միայն այն ժամանակ, երբ այլևս վարակիչ չեն՝ սովորաբար բուժումը սկսելուց 24 ժամ հետո: Ուշադիր եղեք, որ ավարտեք, այլ ոչ թե կիսատ թողեք նշանակված բուժումը: Հակաբիոտիկների ընդունման վաղ դադարեցումը կարող է հանգեցնել հիվանդության կրկնությանը կամ ծանր բարդությունների, ինչպիսիք են ռևմատիզմը կամ երիկամների բորբոքումը:
Գանգատների մեղմացում
Ըմպանացավը մեղմացնելու և ջերմությունը իջեցնելու համար բժշկի խորհրդով կարող եք փորձել սովորական ցավազրկող դեղամիջոցներ, օրինակ՝ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Ացետամինոֆեն (Թայլենոլ, Պարացետամոլ և այլն):
Երեխաներին կամ դեռահասներին Ասպիրին խորհուրդ չի տրվում, հատկապես գրիպանման ախտանիշների կամ ջրծաղիկի դեպքում: Պատճառն այն է, որ Ասպիրինը կապված է Ռեյի համախտանիշի զարգացման հետ՝ հազվադեպ հանդիպող, բայց կյանքին հնարավոր սպառնալիք ստեղծող հիվանդություն:
Հոդվածը վերանայվել է՝ 06-07-2021