Ինսուլտ (կաթված)
13-04-2018
2 րոպե
Ինսուլտը ծանր հիվանդություն է, որն ախտահարում է գլխուղեղը սնուցող զարկերակները և զարգանում է գլխուղեղի մի մասի արյունամատակարարման ընդհատման կամ կտրուկ նվազեցման պատճառով:
Բոլոր օրգանների պես, գլխուղեղը նույնպես ունի արյան միջոցով թթվածնի և սննդանյութերի մշտական ապահովման կարիք։ Ավելին, ուղեղանյութն առավել զգայուն է արյան հոսքով պայմանավորված թթվածնի և սննդանյութերի «քաղցի» նկատմամբ, և, չստանալով համարժեք արյուն, ուղեղի բջիջները կարող են մահանալ կարճ ժամանակի՝ րոպեների ընթացքում: Այսպիսի սուր իշեմիկ վնասումը բերում է ուղեղի գործունեության կտրուկ խաթարման և արդյունքում՝ մարդու հնարավոր մահվան։
Ինսուլտն առաջանում է, երբ դեպի ուղեղ թթվածին և սննդանյութեր տեղափոխող արյունատար անոթները խցանվում են արյան մակարդուկով (թրոմբ) կամ պատռվում են: Առաջին դեպքում զարգանում է իշեմիկ ինսուլտ, իսկ երկրորդ դեպքում՝ հեմոռագիկ ինսուլտ: Տրանզիտոր իշեմիկ գրոհը կամ «մինի ինսուլտը» պատճառվում է այդ անոթների ժամանակավոր խցանմամբ:
Ինսուլտը համարվում է բժշկական անհետաձգելի վիճակ և անհապաղ բուժումը վճռորոշ է։ Վաղ միջոցառումները կարող են նվազեցնել գլխուղեղի վնասումը և այլ բարդությունները, ուստի, որքան շուտ սկսվի ինսուլտով հիվանդի բուժումը, այդքան ավելի լավ արդյունքներ կարելի է ակնկալել։ Արդյունավետ բուժումները նաև կարող են կանխարգելել հաշմանդամությունը:
Ինչպե՞ս ճանաչել ինսուլտը
Ինսուլտի հիմնական ախտանիշները կարելի է հիշել՝ օգտվելով անգլերեն «FAST» հապավումից:
- Face (դեմք)՝ ստուգեք մարդու դեմքը, արդյոք բերանը մի կողմի վրա ծռված կամ կախ ընկա՞ծ է։
- Arms (ձեռքեր)՝ կարողանո՞ւմ է նա բարձրացնել կամ պահել երկու ձեռքերը։
- Speech (խոսք)՝ նրա խոսքն աղավաղվա՞ծ է և կարողանո՞ւմ է հասկանալ ձեզ։
- Time is critical (ժամանակը վճռորոշ է)՝ եթե դուք որևէ մեկի մոտ տեսնում եք այս նշաններից որևէ մեկը և կասկածում եք, որ նրա մոտ ինսուլտ է, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն։
Ռիսկի գործոնները
Ծխելը, գիրությունը, ֆիզիկապես թերակտիվ (նստակյաց) ապրելակերպը, ոչ առողջ սննդակարգը, ալկոհոլային խմիչքների հաճախակի և մեծ քանակներով օգտագործելը համարվում են ինսուլտի զարգացման հավանականությունը բարձրացնող գործոններ։
Արյան շրջանառության վրա ազդող վիճակներից արյան բարձր ճնշումը, բարձր խոլեսթերինը, նախասրտերի շողացումը (ոչ ռիթմիկ սրտխփոց) և շաքարային դիաբետը (շաքարախտ) նույնպես բարձրացնում են ինսուլտի ռիսկը։
Զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե դուք ինսուլտի առաջացման ռիսկի ո՞ր խմբին եք պատկանում և կարիք կա՞ արդյոք, որ դուք հետազոտվեք կամ բուժում ստանաք՝ նվազեցնելու ձեզ մոտ այս հիվանդության զարգացման ռիսկը։
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022