Ինսուլտը ծանր, երբեմն կայուն հաշմանդամությամբ ավարտվող հիվանդություն է:
Ինսուլտը կարելի է համարել նաև կյանքը փոփոխող դեպք, որը կարող է ազդել ձեր հուզական աշխարհի և ֆիզիկական գործունեության վրա: Դուք կարող եք երբեմն զգալ հուսալքություն, հիասթափություն, ընկճվածություն և անտարբերություն (ապաթիա): Ինսուլտը նաև կարող է փոփոխել ձեր տրամադրությունը և նվազեցնել սեռական ցանկությունը:
Այս ամենը հաջողությամբ դիմակայելու և հաջողությամբ հաղթահարելու համար պետք է պահպանել ինքնագնահատականը, կապերն ու փոխհարաբերությունները, ինչպես նաև շրջապատի և ընդհանուր հետաքրքրությունը: Օրինակ, դուք կարող եք՝
- մի՛ ծանրացրեք ինքներդ ձեզ. ընդունեք, որ ֆիզիկական և հուզական վերականգնումը պահանջում է ժամանակ և աշխատանք, սահմանեք նոր «նորմաներ» և գոտեպնդեք ինձներդ ձեզ հերթական հաջողության հասնելիս
- միացեք աջակից խմբին. ինսուլտ տարած այլ անձանց հետ շփումները, փորձի և տեղեկատվության փոխանակումը, նոր շփումների ստեղծումը կօգնեն, որ ավելի հեշտությամբ հաղթահարեք վերականգնման շրջանը
- թույլ տվեք ընկերներին և ընտանիքին իմանալու, թե ինչի կարիք ունեք. մի ամաչեք այն մտքից, որ ձեր կյանքի այս փուլում աջակցության կարիք ունեք և մի փորձեք մեկուսանալ բոլորից և ինքնամփոփ կյանք վարել:
Վերադարձ աշխատանքին
Այն, թե կկարողանաք արդյոք ինսուլտից հետո վերադառնալ նախկին աշխատանքին և, եթե այո, ապա ինչքան շուտ և ինչ ծավալով, մեծապես կախված են ձեր հիվանդության ծանրության աստիճանից, հետևանքներից, ընդհանուր առողջական վիճակից և աշխատունակության մակարդակից:
Ինսուլտից հետո մարդկանց մի մասի մոտ կարող է որոշ ժամանակ (գուցե՝ ամիսներ և տարիներ) մնալ ընդհանուր թուլության և հոգնածության զգացումը: Կամ, գուցե որոշեք որոշակի գործ ձեռնարկել, սակայն շուտ հոգնեք և չկարողանաք այն ավարտին հասցնել:
Այնուամենայնիվ, եթե ձեր առողջական վիճակը թույլ է տալիս, բժշկի խորհուրդները և աշխատանքային պարտականությունները հաշվի առնելով, կարելի է փորձել վերադառնալ նախկին կամ նոր՝ ավելի թեթև աշխատանքի, ընդ որում, սկսել դա միայն կրճատված աշխատաժամանակով և պարտականությունների նեղացված շրջանակներով, գուցեև՝ նոր պաշտոնում:
Հակառակ պարագայում, եթե, այնուամենայնիվ, ձեր աշխատանքային կարողությունները և ունակությունները ինսուլտից հետո խիստ տուժել են, պետք է գտնել ինչ-որ գործով զբաղվելու ուղի և չմոռանալ, որ հավասարակշռված ֆիզիկական ակտիվությունը միայն կնպաստի ձեր վերականգմանը և որոշակիորեն կկանխարգելի ինսուլտի կրկնությունը:
Մեքենայի վարում
Ինսուլտից հետո, նույնիսկ եթե համարում եք, որ լիարժեք վերականգնվել եք, առնվազն 1-2 ամիս պետք է հրաժարվեք մեքենա վարելուց: Վեքենա վարելն ինքնին պահանջում է ֆիզիկական և հոգեկան որոշակի լարվածություն, մինչդեռ նոր ինսուլտի հավանականությունը դեռ մնում է բարձր: Բոլոր դեպքերում, մեքենա վարելու հարցը անհրաժեշտ է նախապես քննարկել բժշկի հետ:
Սեռական կյանք
Ինսուլտ տարած մարդկանց, եթե առողջական վիճակը թույլ է տալիս, խորհուրդ չի տրվում ընդհատել սեռական կյանքը: Իհարկե, ինսուլտը կարող է բերել հոգեբանական խնդիրների և սեռական ցանկության (լիբիդոյի) անկման ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Նման դեպքերում կարևոր է բժշկի հետ անկեղծ զրույց նախաձեռնել, և ըստ վերջինիս ուղեգրման, դիմել այլ մասնագետների օգնությանը:
Սպորտ և վարժանքներ
Ֆիզիկական ակտիվությունը և սիրած գործերով զբաղվելը համարվում են ինսուլտի ռեաբիլիտացիայի կարևոր բաղադրիչները: Քննարկեք բժշկի հետ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ըստ ինսուլտին հարջոդող ամիսների ճիշտ կազմակերպելու և հավասարակշռելու հարցը:
Ալկոհոլի ընդունում
Ինսուլտից հետո դուք պետք է հրաժարվեք ալկոհոլի մեծ քանակների օգտագործումից: Ալկոհոլի չարաշահումն առանձին վերցրած կարող է վնաս տալ ձեր առողջական վիճակին, սրացնել ինսուլտից հետո մնացած գանգատները, բարձրացնել նոր ինսուլտի հավանականությունը (օրինակ՝ արյան ճնշումը բարձրացնելու միջոցով) և անցանկալի փոխազդեցություն դրսևորել ձեր դեղերի հետ: Բժշկի իմացությամբ ալկոհոլի չափավոր քանակների օգտագործումը (օրական ոչ ավելի քան 1-2 ստանդարտ չափաբաժին) մեծամասամբ որևէ խնդիր չի առաջացում:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024