Ինսուլտի ռիսկի գործոնների իմացությունը, ձեր բժշկի առաջարկներին հետևելը և առողջ ապրելակերպը ձեր առօրյա բերելը լավագույն քայլերն են, որոնք կարող եք ձեռնարկել ինսուլտը կանխելու համար:
Եթե ունեցել եք ինսուլտ կամ տրանզիտոր իշեմիկ գրոհ (ՏԻԳ), այս միջոցները կարող են օգնել կանխելու նոր ինսուլտը: Հետագա խնամքը, որը դուք ստանում եք հիվանդանոցում և դրանից հետո, նույնպես կարող է դեր խաղալ:
Ինսուլտի և սրտային հիվանդությունների կանխարգելման մոտեցումների մեծ մասը նույնն է: Ընդհանուր առմամբ, դրանք ներառում են հետևյալը:
- Բարձր արյան ճնշման (հիպերտենզիայի) վերահսկում. սա ամենակարևոր բաներից մեկն է, որ դուք կարող եք անել՝ նվազեցնելու ինսուլտի ռիսկը: Եթե ինսուլտ եք ունեցել, արյան ճնշման իջեցումը կարող է օգնել կանխելու նոր ՏԻԳ-ը կամ ինսուլտը: Բարձր արյան ճնշումը բուժելու համար հաճախ օգտագործվում են առողջ ապրելակերպի փոփոխություններ և դեղամիջոցներ:
- Ձեր սննդակարգում խոլեստերինի և հագեցած ճարպերի քանակի նվազեցում. ավելի քիչ խոլեստերինի և ճարպերի, հատկապես հագեցած ճարպերի և տրանս ճարպերի օգտագործումը կարող է նվազեցնել զարկերակներում խոլեստերինի կուտակումը: Եթե դուք չեք կարող վերահսկել ձեր խոլեստերինը միայն սննդակարգի փոփոխությունների միջոցով, բժիշկը կարող է նշանակել խոլեստերինն իջեցնող դեղամիջոց:
- Ծխախոտի օգտագործումից հրաժարում. ծխելը բարձրացնում է ինսուլտի ռիսկը ծխողների և այն չծխողների համար, ովքեր ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը: Ծխախոտի օգտագործումից հրաժարվելը նվազեցնում է ինսուլտի ռիսկը։
- Դիաբետի կառավարում. սննդակարգը, վարժանքները և նիհարելը կարող են ձեզ օգնել, որ արյան շաքարը կայունացնեք առողջ միջակայքում: Եթե ապրելակերպի գործոնները բավարար չեն ձեր դիաբետը վերահսկելու համար, բժիշկը կարող է նշանակել դիաբետի դեղամիջոց:
- Առողջ քաշի պահպանում. ավելորդ քաշը նպաստում է ինսուլտի այլ ռիսկի գործոններին, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը, սրտանոթային հիվանդությունը և դիաբետը:
- Մրգերով և բանջարեղեններով հարուստ սննդակարգ. օրական հինգ կամ ավելի չափաբաժին միրգ կամ բանջարեղեն պարունակող սննդակարգը կարող է նվազեցնել ինսուլտի ռիսկը: Միջերկրածովյան սննդակարգը, որում առանձնակի ուշադրություն է հատկացվում ձիթապտղի ձեթին, մրգին, ընկույզին, բանջարեղենին և ամբողջական ձավարեղենին, կարող է օգտակար լինել:
- Կանոնավոր վարժանքներ. աերոբիկ վարժանքները բազմաթիվ ուղիներով նվազեցնում են ինսուլտի ռիսկը: Ֆիզիկական վարժանքը կարող է նվազեցնել արյան ճնշումը, բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակը և բարելավել արյան անոթների և սրտի ընդհանուր առողջությունը: Այն նաև օգնում է նիհարելուն, դիաբետի վերահսկմանը և սթրեսի նվազեցմանը: Աստիճանաբար հասեք շաբաթվա շատ, եթե ոչ բոլոր օրերի համար օրական առնվազն 30 րոպե տևողությամբ չափավոր ֆիզիկական ակտիվության, ինչպիսիք են արագ քայլքը, վազքը, լողը կամ հեծանիվ վարելը:
- Եթե օգտագործում եք, ալկոհոլ խմեք միայն չափավոր քանակությամբ. շատ ալկոհոլ օգտագործելը մեծացնում է բարձր արյան ճնշման, իշեմիկ ինսուլտների և հեմոռագիկ ինսուլտների ռիսկը։ Ալկոհոլը նաև կարող է փոխազդել ձեր ընդունած դեղամիջոցների հետ: Այնուամենայնիվ, փոքրից մինչև չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործելը, օրինակ՝ օրական մեկ չափաբաժինը, կարող է օգնել կանխելու իշեմիկ ինսուլտը և նվազեցնելու արյան մակարդման միտումը: Խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչն է ձեզ հարմար:
- Օբստրուկտիվ քնի ապնոէի (ՕՔԱ) բուժում. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ անցնել քնի հետազոտություն, եթե ունեք ՕՔԱ-ի ախտանիշներ՝ քնի խանգարում, որը հանգեցնում է քնած ժամանակ շնչառության կարճատև դադարեցմանը: ՕՔԱ-ի բուժումը ներառում է մի սարք, որն ապահովում է դիմակի միջոցով օդուղիների դրական ճնշումը՝ շնչուղիները բաց պահելու համար, երբ դուք քնած եք:
- Ապօրինի թմրամիջոցներից խուսափում. որոշ «փողոցային» թմրամիջոցներ, ինչպիսիք են կոկաինը և մետամֆետամինը, ՏԻԳ-ի կամ ինսուլտի հաստատված ռիսկի գործոններ են:
Կանխարգելիչ դեղեր
Եթե դուք ունեցել եք իշեմիկ ինսուլտ կամ ՏԻԳ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղամիջոցներ, որոնք կօգնեն նվազեցնելու նոր ինսուլտի ռիսկը:
- Հակաթրոմբոցիտային դեղամիջոցներ (հակաագրեգանտներ). թրոմբոցիտները արյան բջիջներ են, որոնք առաջացնում են մակարդուկներ (թրոմբ): Հակաթրոմբոցիտային դեղամիջոցներն այս բջիջները դարձնում են ավելի քիչ կպչուն և ավելի քիչ հավանական են դարձնում մակարդուկի առաջացումը: Ամենահաճախ օգտագործվող հակաթրոմբոցիտային դեղամիջոցը Ասպիրինն է: Ձեր բժիշկը կարող է օգնել ձեզ որոշելու ձեզ համար Ասպիրինի ճիշտ դեղաչափը: ՏԻԳ-ից կամ թեթև ինսուլտից հետո բժիշկը կարող է ձեզ որոշակի ժամանակահատված տալ Ասպիրին և որևէ հակաթրոմբոցիտային դեղամիջոց, ինչպիսին է Լլոպիդոգրելը (Պլավիքս)՝ նվազեցնելու նոր ինսուլտի ռիսկը: Եթե դուք չեք կարող Ասպիրին ընդունել, բժիշկը կարող է միայն Կլոպիդոգրել նշանակել:
- Հակամակարդիչներ. այս դեղամիջոցները նվազեցնում են արյան մակարդումը: Հեպարինը արագ գործող է և կարող է կարճաժամկետ օգտագործվել հիվանդանոցում: Դանդաղ գործող Վարֆարինը (Յանտովեն) կարող է օգտագործվել ավելի երկար ժամկետով: Վարֆարինը արյունը նոսրացնող հզոր դեղամիջոց է, այնպես որ դուք պետք է ընդունեք այն ճիշտ այնպես, ինչպես նշված է և հետևեք կողմնակի ազդեցություններին: Դուք նաև պետք է կանոնավոր արյան ստուգում անցնեք՝ վերահսկելու Վարֆարինի ազդեցությունը: Արյունը նոսրացնող մի քանի նոր դեղամիջոցներ (հակակագուլանտներ) հասանելի են բարձր ռիսկ ունեցող մարդկանց մոտ ինսուլտի կանխարգելման համար: Այս դեղերից են՝ Դաբիգատրան (Պրադաքսա), Ռիվարօքսիբան (Քսարելտո), Ապիքսաբան (Էլիքվիս) և Էդօքսաբան (Սավայսա): Դրանք ավելի կարճ են ազդում, քան Վարֆարինը և սովորաբար չեն պահանջում արյան կանոնավոր թեստեր կամ հսկողություն ձեր բժշկի կողմից: Այս դեղերը նաև կապված են արյունահոսության բարդությունների ավելի ցածր ռիսկի հետ՝ համեմատած Վարֆարինի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-03-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024